Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱԶԱՆԳ. ՋԱՎԱԽՔԸ «ԱՆՎԱՆԱՓՈԽՎՈՒՄ» Է

Դեկտեմբեր 15,2009 00:00

\"\"Ըստ «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանի, «Վրաստանը, հոգեւոր-մշակութային, տնտեսական լիակատար շրջափակման ենթարկելով Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանը, գնալով արագացնում է վերջինիս յուրացման գործընթացը։ Յուրացման մեկ եւ ամենակարեւոր ուղղություններից մեկն էլ տեղանվանագրությունների վրացականացումն է, որը վերջին շրջանում պաշտոնական հրովարտակներից ու օրենսդրական փուլից անցել է գործադրման փուլ»։ Փորձագետը նշում է, որ բնակավայրերի անունների արմատական փոփոխությամբ կամ մասնակի «խմբագրմամբ»՝ Վրաստանը բազմակողմանիորեն խախտում է Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիան, որի 11-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված է. «Ազգային փոքրամասնության պատկանող անձանց զգալի թվաքանակով ավանդապես բնակեցված տարածքներում, Կողմերը, իրենց իրավական համակարգերի շրջանակներում, անհրաժեշտության դեպքում նաեւ ներառյալ այլ պետությունների հետ կնքված համաձայնագրերը, ինչպես նաեւ հաշվի առնելով կոնկրետ պայմանները, պետք է ապահովեն ավանդական տեղական անվանումների, փողոցների անվանումների, ինչպես նաեւ բնակչության համար նախատեսված տեղագրական այլ նշումների՝ փոքրամասնության լեզվով ցուցանակների տեղադրումը, երբ այդպիսի նշումների բավարար կարիք կա»։ Ահազանգելով, որ ներկայումս մեծ թափով տեղի է ունենում Ջավախքի գյուղերի անվանաձեւերի աղավաղումներ ու փոփոխություններ, Վահե Սարգսյանը հիշեցնում է, «Վրաստանը չի միացել Եվրոպայի խորհրդի Տեղաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների մասին եվրոպական խարտիային։ Պարզ է, որ վերջինիս ընդունումը շրջադարձային նշանակություն կարող է ունենալ Ջավախքի բոլոր՝ սոցիալ-տնտեսական, կրթամշակութային, հոգեւոր եւ, ամենակարեւորը՝ քաղաքական կյանքում: Ելնելով ստեղծված անելանելի իրավիճակից, երբ Վրաստանի վարած քաղաքականության արդյունքում գնալով մեծանում է լարվածությունը տարածաշրջանում, իսկ խնդիրները գնալով ստանում են առավել սուր բնույթ՝ եզրակացությունը հստակ է. սույն Կոնվենցիան Ջավախքի փրկության երաշխիքն է, որից այդքան վախենում է Վրաստանը»:
«Միանգամայն ակնհայտ է, որ Ջավախքի տեղանվանագրական փոփոխությունները չեն սահմանափակվում միայն ցուցատախտակների վրա նշելով կամ պաշտոնական գրագրությունների ու փաստաթղթերի մեջ գործածմամբ. աղավաղված անվանումներն արդեն մտել են դպրոցական տարբեր,  հատկապես՝ պատմաաշխարհագրական դասագրքերի մեջ, որն արդեն վտանգում է հայ նորօրյա սերնդի ազգային ինքնագիտակցությունը։ Իսկ վերջին շրջանում Ջավախքի տարածք հայկական գիրք-գրականության, թերթերի եւ այլնի բացարձակ արգելումը (սա առանձին քննման հարց է) մեծապես նպաստում է Վրաստանի այս ծրագրերին»,- եզրափակում է Վահե Սարգսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել