Կապանում երեկ կեսօրին ուժեղ քամի էր սկսվել, որի հետեւանքով ծառեր են շրջվել, տանիքներ փլվել-պոկվել, բարեբախտաբար՝ մարդկային զոհեր չկան: Ժամանակավորապես խափանվել է հեռախոսակապը, որոշ բաժանորդներ զրկվել են էլեկտրականությունից:
Սյունիքի մարզային փրկարար ծառայության տեղեկություններով, ժամը 15-ի դրությամբ իրենք ահազանգեր չեն ստացել: Փոխարենը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Տաթեւ մասնաճյուղն է բազմաթիվ ահազանգեր ստացել: Բայց թե քանի բաժանորդ է զրկվել հոսանքից, Տաթեւում հրաժարվեցին ասել, պնդելով, որ իրենք իրավասու չեն նման տեղեկություն տրամադրել:
Սյունիքի մարզային հիդրոմետ ծառայության պետ Ժորա Գեւորգյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ քամու ուժգնությունը կազմել է 12 մետր/վայրկյան: Նման ուժգնության հյուսիս-արեւմտյան պոռթկումային քամին վտանգավոր չէ, բայց եթե քամու արագությունը հասնի 15 մ/վայրկյանի, արդեն պետք է տեղյակ պահեն մայրաքաղաքին՝ հիդրոմետ ծառայության տեսչությանը:
Վտանգը անցել է ժամը 16-ին: Իսկ ժամը 13.30-16-ի հատվածում քաղաքի փողոցները դատարկվել էին: Հատկապես քամու պոռթկումների պահերին մարդիկ չէին համարձակվում դուրս գալ տնից: