Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՎՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՆԳ Է ԱՌԵԼ

Դեկտեմբեր 15,2009 00:00

Ադրբեջանից Հայաստան եկածները հիմա էլ հեռանում են այլ երկրներ

\"\"
Լիլիա Հովհաննիսյան:

\"\"
Հովքի գյուղապետարանը:

\"\"
Գյուղապետ Յուրիկ Ցուգունյան:

Իջեւան-Դիլիջան մայրուղուց մոտ 4 կմ վերեւ Հովք գյուղն է: Գյուղ տանող, ինչպես նաեւ գյուղամիջյան ճանապարհները փոսառատ են: Եթե որեւէ մեկի մտքով անցնի ֆիլմ նկարել, որտեղ գործողության տեղը անցյալ դարասկզբի գյուղն է, Հովքը, հաստատ, հարմար վայր է: Տները միահարկ են, անշուք, հին կղմինդրով: Այստեղ ժամանակը կարծես կանգ է առել: Նախկինում ադրբեջանաբնակ գյուղը սկզբում Հախկխլու է կոչվել, հետո՝ Վուրղուն: Դաշքեսանի շրջանի Զանգլիկ, Խանլարի շրջանի Գետաշեն, Մարտունաշեն եւ Ադրբեջանի այլ բնակավայրերից բռնագաղթածներով վերաբնակեցվելուց 3 տարի անց՝ 1991-ին գյուղը վերանվանվել է Հովք: Գյուղն ընդամենը 520 բնակիչ ունի: Համայնքի ղեկավար Յուրիկ Ցուգունյանը փաստում է, որ 163 տներից 15-ի դռները փակ են: Դրանց տերերն արտագաղթել են՝ տան բանալին հարեւաններին կամ բարեկամներին հանձնելով: Հովքի ամենամեծ հիմնահարցը սողանքն է. 2 տուն վթարայնության՝ 5-րդ, 28-ը՝ 4-րդ, 61-ը՝ 3-րդ կարգ ունի: Համայնքապետարանի շենքն էլ է սողանքից վթարային, եւ արդեն 3 տարի համայնքապետարանը ապաստանել է Ռուսաստանում բնակվող հովքեցու միահարկ առանձնատանը: Հունաստանի պետական դրոշներով են վարագուրված գյուղապետի առանձնասենյակի բոլոր պատուհանները: «Օգնություն էինք ստացել հագած շորեր: Բանի պետք չէին, դրոշները դրանց մեջ էին»,- պարզաբանում է Յուրիկ Ցուգունյանը:
Գյուղապետի գլխավերեւում Հայաստանի զինանշանի պատկերով A4 ձեւաչափի սովորական թուղթ է փակցված: Այստեղ ժամանակը կարծես կանգ է առել. գյուղապետի աշխատասենյակի պատին փակցված օրացույցը 2008 թվականի է: Լավ է, որ նրա սեղանին դրված՝ եռանկյունաձեւ ծալված երկու օրացույցներից գոնե մեկը (ապահովագրական մի ընկերության գովազդով) 2009 թվականն է ներկայացնում:
Հովքի 2009 թվականի բյուջեն 5 միլիոն 628 հազար դրամ է, որից պետական լրավճարը՝ 3 միլիոն 129 հազար: Համայնքի համեստ բյուջեի «առյուծի բաժինը» համայնքապետարանի աշխատակազմի աշխատավարձին է ուղղվում: Համայնքապետարանի 7 աշխատողների 2009 թվականի աշխատավարձի ընդհանուր գումարը 3 միլիոն 537 հազար դրամ է: Չկարծեք, թե գյուղապետարանի աշխատողները բարձր աշխատավարձ են ստանում: Յուրիկ Ցուգունյանի ռոճիկը՝ 50 հազար, մնացած աշխատողներինը՝ հանրապետությունում ընդունված նվազագույն չափով է՝ 30 հազար դրամ: Սակայն այս ցածր աշխատավարձերի վճարումը ուշանում է: 2002-ից այստեղ աշխատավարձի պարտքեր կան: «Աշխատավարձի 6 ամսվա պարտքը մարել ենք, մնացել է 2 ամսվանը»,- ներկայացնում է Յուրիկ Ցուգունյանը:
Միգուցե, գյուղապետի ցածր աշխատավարձն է պատճառը, որ արդեն 13 տարի անփոփոխ գյուղապետ Ցուգունյանը միայն մեկ անգամ՝ 1996-ին է համայնքի ղեկավարի ընտրություններում մրցակից ունեցել, դրանից հետո ընտրվել է առանց այլընտրանքի: Երկու խնդիր կա՝ գյուղապետարանի աշխատակազմի մասնագիտական որակավորումն ու սեփական եկամուտների ցածր կատարողականը: Գյուղապետարանի 7 հոգանոց աշխատակազմից միայն համայնքի ղեկավարը, նրա տեղակալն ու աշխատակազմի քարտուղարը բարձրագույն կրթություն ունեն: 167 հեկտար վարելահող ունեցող համայնքի այս տարվա բյուջեում հողի հարկը 1 միլիոն 990 հազար դրամ է: Ընթացիկ տարվա 9 ամիսներին նախատեսված էր հավաքել 1 միլիոն 493 հազար դրամ, սակայն հավաքագրվել է 1 միլիոն 18 հազար: Վիճակն անհամեմատ վատ է գույքահարկի գծով: 9 ամիսներին պլանավորած էր 231 հազար դրամ գույքահարկ հավաքագրել, սակայն գանձվել է միայն 87 հազար:
«Գույքահարկի տվյալները ճշտել ենք, սակայն դեռ մաքրելու կարիք կա: Ադրբեջանցիները 1988-89թթ. գնացել են այստեղից, սակայն նրանց ավտոմեքենաների մի մասը տվյալների բազայում դեռ մնում է: Մեր համագյուղացիներից շատերը Ռուսաստանում են, այդ երկրի քաղաքացիություն են ստացել, սակայն նրանց մեքենաները մեզ մոտ գրանցված են»,- ասում է գյուղապետ Յու. Ցուգունյանը:
Ընթացիկ տարում պետբյուջեի եւ այլ կազմակերպությունների ֆինանսավորմամբ գյուղում ոչ մի ծրագիր չի իրականացվել, բացառությամբ վարձատրվող հասարակական աշխատանքների: Այդ ծրագրով 9 բնակիչ 1,2 հեկտարի վրա 2600 ծառ է տնկել: Հովքը զուրկ է ոռոգման ջրից: Գյուղապետի խոսքերով՝ 8 կմ խմելու ջրագիծը հիմնանորոգելու պարագայում կկանխվեն կորուստները, եւ մատակարարվող ջուրը կուղղվի նաեւ ոռոգմանը: Հովքը մշակույթի տուն չունի, գյուղի գրադարանի 960 կտոր գրքերը դպրոցում են հանգրվանել, ուր ընդամենը 86 աշակերտ է սովորում: Դասարաններից մեկը երկկոմպլեկտ է. երրորդ եւ չորրորդ դասարանցիները միասին են պարապում: Զանգլիկից սերված Աֆյանների ընտանիքը վերջերս դպրոցին 3 պահարան էր նվիրել:
Հովքում վիճակը բարվոք չէ նաեւ առողջապահության առումով: Գյուղում մետաղաթիթեղից մի տնակ տեսանք, ուր բուժկետն է տեղավորված: Տնակի դուռը փակ էր: Մի երկու ժամից վերադարձա, սակայն աշխատանքային օրը, աշխատանքային ժամին՝ բուժկետը շարունակում էր կողպված մնալ: Մուտքի առջեւի չհնձված բարձր խոտը, մետաղալարե պատառոտված ցանկապատը վկայում էին, որ այստեղ բուժսպասարկման գործին «մատների արանքով են նայում»: Հովքի զարգացման հեռանկարները տեսանելի չեն:
Հովքի պատկերը կարծես ամբողջացրեց Լիլիա Հովհաննիսյանը, ով դպրոցի ուսմասվարն է. «Հովքում գյուղտեխնիկան քիչ է, գերակշռում է ձեռքի աշխատանքը, մարդիկ ֆիզիկապես շատ են չարչարվում: Իրացման գործը շատ դժվար է: 3 կով եմ պահում, չարչարվում, սակայն ստացված կաթը, մածունն ու պանիրը գնող չկա: Գյուղացին բախտի քմահաճույքին է թողնված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել