Քրեակատարողական վարչության կողմից ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ դատապարտյալների շրջանում իրացնելու կասկածանքով քրեակատարողական վարչություն բերման է ենթարկվել «Սեւան» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության մայոր Արթուր Առաքելյանը: Վերջինիս մոտ անձնական խուզարկության ընթացքում համազգեստի գրպաններից հայտնաբերվել եւ առգրավվել է առանձնապես խոշոր չափերի հասնող թմրամիջոցանման նյութեր: Արթուր Առաքելյանը խոստովանել է, որ հայտնաբերվածները հանդիսանում են «սուբոտեքս», «ափիոն», «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ եւ քացախաթթվի անհիդրիդ, որոնք ինքը պետք է հանձներ դատապարտյալներին:
Պարզվել է, որ Ա. Առաքելյանի կողմից թմրամիջոցների ներկրումը քրեակատարողական հիմնարկ՝ կրել է պարբերական բնույթ: Ըստ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի, դեկտեմբեր ամսվա ընթացքում քրեակատարողական ծառայության կողմից քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել եւ կանխվել է քաղաքացիների կողմից թմրամիջոցների փոխանցման 8 դեպք: