Երեւանի Խաղաղ Դոնի 1-ին շենքի բնակիչ Գայանե Թովմասյանի կյանքի բնականոն ընթացքը չէր շեղվի, եթե օրերից մի օր թիվ 160 դպրոցի ուսուցչուհին չորոշեր իր բնակարանի կահույքը համալրել սեղանով:
2009թ. հունիսի 3-ին Գայանե Թովմասյանը դստեր՝ Լիանա Գեւորգյանի հետ գնում են Սասունցի Դավթի 13 հասցեում գտնվող «Սկավա» կահույքի սրահ՝ ապառիկ եղանակով ճաշասեղան գնելու: Խանութի աշխատակցուհին գնորդներին ուղեկցում է 2-րդ հարկ, ուր ցուցադրված են սեղանները: Գ. Թովմասյանը փորձում է արձագանքել ուղեկցող աշխատակցուհու՝ ինչ-որ ուղղությամբ շրջվելու եւ իրենց փնտրած սեղանը տեսնելու առաջարկին եւ չզգալով, թե ինչպես՝ 2-րդ հարկի ներսի պատշգամբից ընկնում է 1-ին հարկ: Ուշագնաց տիկնոջը շտապօգնության մեքենայով տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտություններից պարզվում է, որ տուժողը ստացել է գանգուղեղային եւ ողնաշարի վնասվածքներ, կոտրվել է ձախ թիկունքի ոսկորը, վնասվել ծոծրակը: Հիվանդանոցում երկարատեւ բուժում ստանալուց եւ ոչ լիարժեք ապաքինվելուց հետո Գ. Թովմասյանին դուրս են գրում:
«Առավոտի» հետ զրույցում Գայանեի դուստրը՝ դեպքի ականատես 24-ամյա Լիանա Գեւորգյանն ասաց, որ իրենք չէին կարող իմանալ, որ խանութում անվտանգության կանոնները պահպանված չէին, եւ որ 2-րդ հարկի ներսի պատշգամբը կարող է բազրիք չունենալ: «Երբ մայրս ուզում էր թեքվել աշխատակցուհու մատնանշած ուղղությամբ, չհասցրեց՝ գլորվեց ներքեւ: Հենց այդ ժամանակ էլ տեսա, որ պատշգամբը բազրիք չունի: Սրահի ղեկավարությունն այդ բացը հմտորեն քողարկել էր ինչ-որ ճաշասեղանով: Եթե այդքան «բարեխղճորեն» հոգացել էին անվտանգությունն ապահովելու հարցը, թող բարի լինեին՝ ասեին, որ այդ հատվածում զգույշ լինենք: Բավական չէ՝ դժկամությամբ շտապօգնություն կանչեցին, դեռ երեք օր էլ որեւէ մեկը չեկավ հիվանդանոց՝ մորս որպիսությունն իմանալու»,- ասում է Լիանան:
Դեպքի երրորդ օրը, երբ Գայանե Թովմասյանի վիճակը փոքր-ինչ բարելավվում է, նրան է այցելում ոստիկանության Էրեբունու բաժանմունքի մի ոստիկան: «Դժվարությամբ էի խոսում, բայց կարողացա հստակ մտքերս ձեւակերպել ու դեպքը մանրամասն նկարագրել: Բայց ոստիկանն ամեն կերպ փորձում էր խճճել մտքերս, անընդհատ ինձ շեղում էր ու կարծես հուշում, որ ասեի՝ սայթաքել-ընկել եմ: Չնայած ես պնդում էի, որ ոչ թե սայթաքել, այլ 3-4 մետր բարձրությունից ընկել եմ՝ արգելապատնեշի բացակայության պատճառով, ոստիկանը, այնուամենայնիվ, արձանագրել էր՝ իբր սայթաքել-վայր եմ ընկել: Նույնիսկ հիվանդասենյակում մեծ վեճ ունեցա ոստիկանի հետ, պահանջեցի ամեն ինչ գրել այնպես, ինչպես ես եմ պատմում: Վերջում էլ պահանջեցի արձանագրել, որ վնասի փոխհատուցում եմ պահանջում»,- պատմեց Գայանե Թովմասյանը, որը բավականին ուշ իմացել էր, որ փոխհատուցման իր պահանջի մասին ոստիկանը, այնուամենայնիվ, ոչինչ չէր արձանագրել. «Օգտվել էր իմ հիվանդ վիճակից՝ համոզված լինելով, որ ուժերս չեն ների մեկ անգամ եւս ցուցմունքը կարդալու համար»:
Դեպքի կապակցությամբ ոստիկանության Էրեբունու բաժանմունքում նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը մերժվում է՝ հանցակազմի բացակայության պատճառով: Այս փաստը զայրացնում է Գայանեին: Վերջինս զանգում է ոստիկանություն՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու եւ իրեն հասցրած վնասը փոխհատուցելու պահանջը պնդելու համար, սակայն արժանանում է ոստիկանի անհարգալից վերաբերմունքին: «Այդ ժամանակ ես հասկացա, որ գործը «ջրել» են,-ասաց տիկին Գայանեն՝ հավելելով,- քանի դեռ ոստիկանները գնում-գալիս էին, խանութի տերը՝ Վարդան Ավետիսյանը, ով այցելության եկավ դեպքից երեք օր հետո միայն, ձեռ ու ոտ էր ընկել. չոքում էր դեմս, հուզիչ տեսարաններ ստեղծում, որ հավատամ իրեն ու հրաժարվեմ բողոքելու մտքից: Ասում էր՝ ամեն ինչ կանեմ, քեզ ոտքի կկանգնեցնեմ: Բա ի՞նչ եղավ: Ընդհանուր հաշվով՝ տված գումարը մոտ 230 000 դրամ է, բայց ես դեռ կարգին կանգնել չեմ կարողանում: Ջարդվել եմ ոչ միայն ֆիզիկապես, այլեւ՝ հոգեպես, խախտվել է նաեւ նյարդային համակարգս: Հիվանդանոցից հետո էլ դեռ բուժումներ եմ ստանում տարբեր մասնագետների մոտ: Այդ ամենը շատ թանկ է, իսկ իմ ու աղջկաս հավաքած գումարները վաղուց արդեն վերջացել են: Արդեն պարտքերի տակ ենք հայտնվել»,- փոխհատուցումից խուսափող՝ «Սկավա» խանութի տնօրեն Վարդան Ավետիսյանի դեմ դժգոհության սլաքն ուղղելով՝ ասաց Գ. Թովմասյանը:
Տիկնոջ պահանջը զարմացրել է «Սկավայի» տիրոջը: Վերջինս նախ չընդունեց, որ Գ. Թովմասյանը տուժել է իրենց անփութության, ասել է թե՝ խանութում անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով: Ասաց, որ Գայանեն ինքն է հրել կահույքը, ինչի հետեւանքով ընկել է բաց պատշգամբից: Հարցին, թե՝ 60-65 կգ կշռող կինը կարո՞ղ է մեկ հպումով կահույք շրջել, Վարդան Ավետիսյանը դրական պատասխան տվեց: Վերջինս չընդունեց նաեւ վնասի փոխհատուցման՝ Գայանեի պահանջը եւ ասաց, որ ինքն իրավաբանորեն որեւէ պարտավորություն չունի, քանի որ այդ մասին արձանագրություններ չկան. «Մոտ 700 000 դրամի օգնություն եմ տվել, է՞լ ինչ է ուզում»:
Ուսուցչուհին խանութի տնօրենի ասածները «մերկապարանոց սուտ» որակեց: Նրա արժանապատվությանը հասցրած ցավն ավելի սուր է, քան ֆիզիկականը: Այսօր ուսուցչուհի Գ. Թովմասյանը հաշմանդամության երրորդ կարգ է ստացել եւ մեկ բան է ուզում. «Գոնե աշխատանքս չկորցնեմ: Առանց այն էլ՝ աղջիկս ինձ խնամելու պատճառով արդեն այն կորցրել է»: