Լրահոս
Օրվա լրահոսը

Անհատ ձեռնարկատերը՝ ընդդեմ հարկայինի

Դեկտեմբեր 15,2009 00:00

Հարկային տեսուչների՝ քաղաքացուն ներկայացրած հանձնարարագիրը ստորագրված է եղել անհայտ անձի կողմից:

Անհատ ձեռնարկատեր Կարեն Հովհաննիսյանը, որը զբաղվում է մանրածախ առեւտրով, սեպտեմբերին դիմել էր վարչական դատարան՝ Շենգավիթի հարկային տեսչության թիվ 1303066 ակտը անվավեր ճանաչելու հայցով: Բանն այն է, որ հարկային տեսուչներ Հայկազ Հարությունյանը եւ Գագիկ Գեւորգյանը, այցելելով Ֆուչիկի 26-2 հասցեում գտնվող Կ. Հովհաննիսյանի խանութ, ժամը 12.14-ին գնել են 1 տուփ բնական հյութ՝ 250 դրամ արժողությամբ, որի գումարը վաճառքի պահին չի մուտքագրվել ՀԴՄ եւ կտրոն չի տրամադրվել:
Ժանը 12.18-ին հանվել է տվյալ ՀԴՄ-ի «Z» հաշվետվությունը, որտեղ արտացոլված է եղել 2720 դրամ՝ օրական հասույթով։ Տեսուչներն իրենց ակտը հիմնավորել էին ՀԴՄ շահագործման կանոնների խախտմամբ: Նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ Կ. Հովհաննիսյանին սպառնում է 150 հազար դրամի չափով տուգանք։ Չնայած ստուգումն իրականացվել է ըստ  ՊԵԿ-ի նախագահի թիվ 1303066 հանձնարարագրի, սակայն այն ստուգման պահին տեսուչների կողմից Կ. Հովհաննիսյանին չի ներկայացվել. ակտը ուղարկվել է փոստով, որի վրայից բացակայել է Կ. Հովհաննիսյանի ստորագրությունը։ Բացի այդ, քաղաքացուն տեսուչները չեն տվել պարզաբանումներ նրա իրավունքների եւ պարտականությունների մասին, ինչպես որ օրենքն է պահանջում: Ըստ հայցվորի, տեսուչների կողմից առեւտրի կետում փաստացի ստուգում չի կատարվել եւ ստուգման ակտն արդեն կազմված վիճակում տեսուչները ներկայացրել են՝ պահանջելով այն ստորագրել, որից նա հրաժարվել է։
Հակառակ Կ. Հովհաննիսյանի ներկայացրածի, պատասխանող կողմը պնդել է, որ ստուգման ակտում արձանագրվել է ստուգման ժամը, կատարված գնումը, որը հավաստվում է ՀԴՄ-ի «Z» հաշվետվության ժապավենով եւ ֆիսկալ չեկով։ Բացի այդ, ըստ հարկայինի, քանի որ Կ. Հովհաննիսյանը հրաժարվել է հանձնարարագիրը եւ ստուգման ակտը ստանալուց եւ ստորագրելուց, ուստի նրան ուղարկվել է փոստով: Հարկայինի համոզմամբ, վերոնշյալ հայցը ենթակա է մերժման:
ՀՀ վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Տիգրան Մուկուչյանի, քննելով անհատ ձեռներեց Կ. Հովհաննիսյանի հայցը, պարզել է, որ տեսուչներ Հայկազ Հարությունյանի եւ Գառնիկ Գեւորգյանի կողմից Կ. Հովհաննիսյանին տրված թիվ 1303066 հանձնարարագիրը ստորագրված է եղել այլ անձի կողմից, որի ինքնությունը՝ այդ թվում եւ զբաղեցրած պաշտոնը, դատաքննությամբ հնարավոր չի եղել պարզել։ Այդ պատճառով դատարանը Շենգավիթի հարկային տեսչության  ստուգումը համարել է ապօրինի, քանի որ ստուգման համար հիմք հանդիսացած հանձնարարագիրը հակասել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջներին։ Մասնավորապես, նշված հանձնարարագիրը ստորագրված չի եղել այն սուբյեկտների կողմից, որոնք օրենքին համապատասխան հանձնարարագիր տալու իրավասություն ունեն։ Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, դատարանը որոշել է անվավեր ճանաչել Շենգավիթի հարկային տեսչության 21.05.2009թ. թիվ 1303066 ակտը։ Դատարանը նաեւ որոշեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից հօգուտ Կարեն Հովհաննիսյանի բռնագանձել 4000 դրամ, որպես վերջինիս կողմից կրած դատական ծախսի՝ պետական տուրքի հատուցում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել