Անօթեւանները հարմարվել են սովին ու ցրտին, բայց առանց ծխախոտի եւ խմիչքի՝ կյանքին հարմարվել չեն կարող
Վալենտինան այդ օրը մուրալով աշխատել էր ընդամենը 40 դրամ:
Արդեն 4 ամիս է՝ 58-ամյա Վալենտինա Հակոբյանը բնակվում է Սեբաստիայի փողոցում՝ «Լուսաստղ» համալիրի հարեւանությամբ գտնվող աղբարկղերի մոտ: Նրան կերակրողը հենց այդ աղբարկղերն են. «Ինչ գտնում եմ՝ ուտում եմ, սկսած ձվի կճեպներից մինչեւ ուտելիքի մնացորդներ, սննդի տուփի կտորներ, մի խոսքով, էն ամենը, ինչ կարամ ծամեմ՝ վերցնում եմ ու ուտում, որովհետեւ, եթե աչքս թարթեցի, ուրիշներն են տանելու»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վալենտինան: Ուրիշներ ասելով՝ նա նկատի ուներ իր նման անօթեւաններին, որոնք այդ տարածքում 3-ն են: Աղբարկղերի անմիջապես վերեւում մի բլուր կա, որն անօթեւանների համար ծառայում է որպես ննջարան: Իսկ ցերեկվա ընթացքում նրանք բլրից իջնում են՝ փող վաստակելու: Հիմնականում կանգնեցնում են երթեւեկող վարորդներին կամ «Լուսաստղից» գնումներ կատարողներին ու հացի փող մուրում:
Վալենտինայի պատմելով՝ արդեն 3-4 օր ոչինչ չի կերել, որովհետեւ անցորդները 10-20 դրամից ավելի չեն տալիս. «Ասում են՝ փող ունենանք Նոր տարի կանենք»: Մեր զրույցի ընթացքում Վալենտինան ծխախոտ էր ծխում: Երբ հարցրինք՝ ծխախոտի փող ունես, հացի փող չունե՞ս, ինչո՞ւ ես ծխում, նա խեղճացած պատասխանեց. «Ցավդ տանեմ, չեմ կարա չծխեմ, սովորել եմ: Ավելի հեշտ ա հաց չուտեմ, քան չծխեմ: Երբ ծխում եմ, համ էլ տաքանում եմ, դնջանում եմ: Չծխել չեմ կարա, գոնե չիբուխ պտի ծխեմ»: Նրա միակ ունեցած-չունեցածը մի հին մուշտակ էր, որով այս ցրտին ծածկվում է քնելիս եւ մի տոպրակ լուցկի, որը պահում է՝ ծխելու կամ տաքանալու համար կրակ վառելու նպատակով:
Երկու տարի առաջ Վալենտինայի երկու ոտքերի մատները կտրել են: «Ցրտահարվել էին: Բժիշկներն ասեցին՝ եթե հիմա արագ չկտրենք մատներդ, ոտքերդ ենք կտրելու»,- արցունքն աչքերից սրբելով՝ պատմում էր Վալենտինան: 58-ամյա անօթեւան դարձած կինը որդի ու դուստր ունի: Մեր հարցին՝ ինչո՞ւ քեզ տեր չեն կանգնում, չեն օգնում՝ նա սկսեց զավակներին պաշտպանել. «Ո՞նց տեր կանգնեն խեղճերը, աղջիկս՝ Լենան, Խարկովում ա, 3 երեխա ա պահում, ի՞նձ պահի, թե՞ իրա երեխեքին, համ էլ՝ շատ չի իմանում ես ուր եմ, ոչ հասցե ունեմ, ոչ էլ հեռախոս, որ ուզենա էլ՝ չի կարա ինձ գտնի: Իսկ Արթուրս Ղարաբաղում ծառայում ա»: Վալենտինան ՌԴ-ի քաղաքացի է, եկել է Խարկովից: Նրա խոսքերով՝ «Էշ-էշ սիրահարվեցի մի հայի, ամուսնացա, տուն-տեղս թողեցի՝ էկա Հայաստան ու հիմա փողոցներում եմ»: Վալենտինայի պատմելով, ամուսինը՝ Վլադիմիր Հակոբյանը, մի քանի տարի առաջ է մահացել ու իր համար, որպես կտակ, թողել է բավականին խոշոր պարտքեր, որոնց պատճառով էլ ստիպված է եղել տուն-տեղը վաճառել ու հայտնվել է փողոցում: Մեր զրույցի ընթացքում նա նույնիսկ իր անունը չէր հիշում. «Երբ 3-րդ մասում տուն վարձեցի ու վարձը չտվեցի, սաղ փաստաթղթերս վերցրին, պասպորտս էլ հետը: Դրա համար չեմ կարա գոնե պասպորտս բացեմ, որ անունս հիշեմ՝ ասեմ»:
Վալենտինայի կողքին՝ փողոցում քնած էին 22-23 տարեկան մի աղջիկ ու տղա: Վալենտինան թույլ չտվեց, որ նրանց արթնացնեմ՝ ասելով, որ «նրանք հարբած-քնած են, որ քնից հանես ու հարցեր տաս՝ կարող ա քեզ ծեծեն»: Նրանք նույնպես Վալենտինայի հետ ապրում են նույն տարածքում: Մեր հարցին՝ դու չե՞ս խմում, Վալենտինան սկսեց արդարանալ, որ խմում է օրական մեկ-երկու բաժակ միայն, այն էլ՝ տաքանալու համար: Քանի որ անօթեւանների բնակատեղին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Լուսաստղ» համալիրի հարեւանությամբ է, ժամանակ առ ժամանակ Վալենտինան կարողանում է «բռնացնել» պատգամավորին ու փող ուզել. «Էսքան ժամանակ ոչ մի կոպեկ չի տվել, միշտ ասել ա՝ բոոոմժ, գնա ստուց, թե չէ լավ չի լինի: Եթե մի քիչ յազվություն եմ անում՝ իրա մարդիկ ծեծելով վռնդում են»:
Երբ Վալենտինա Հակոբյանի հետ խոսում էինք, մոտեցան մի քանի կանայք ու թեւիցս քաշելով՝ ասացին. «Աղջիկ ջան, հանկարծ սրան չխղճաս ու փող չտաս: Մենք հենց դիմացի շենքի բնակիչներն ենք, սկզբում մեր սիրտն էլ էր ցավում, թեյ ու հագուստ էինք բերում, հետո ծերանոցից նրան եկան-տարան, եղունգները կտրեցին, լողացրին, մաքրեցին, բայց նորից ծերանոցից փախավ-եկավ: Ասում էր՝ էնտեղ չէի կարողանում ծխել ու խմել: Նրանց հոգեբանությունը հենց բոմժությունն է: Նրանք արդեն սովոր են էս ցրտին քնել, այլ՝ ավելի մարդկային պայմանների չեն էլ հարմարվում»:
Հեռանալուց առաջ Վալենտինան ինձ խնդրեց, որ հաջորդ անգամ իր մոտ գալիս մի տաք տաբատ բերեմ եւ գուլպաներ, որ ոտքերը ցուրտը չտանի: Նշենք, որ ընդամենը 10 օր առաջ այս նույն տարածքում բնակվող անօթեւաններից մեկը ցրտից մահացել է: Նրա փոխարեն արդեն տարածքը համալրվել էր նոր բնակչով: