«Էտոս» ընկերությունը՝ առանց համապատասխան արտոնագրի, մայրաքաղաքի Նոր Արեշ թաղամասում տեղադրել է դրամական շահումով խաղային ավտոմատներ եւ ամիսներ շարունակ ապօրինի գործունեություն է ծավալել: Պետեկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների այցելության պահին, դրամական շահումով խաղային ավտոմատները ակտիվ գործել են: Ընկերությունում կատարվում են ստուգումներ: Բացահայտված մյուս դեպքում՝ մայրաքաղաքի բնակիչ Հարություն Կարակյանը զբաղվել է համակարգչային տպիչների արտադրությամբ, նաեւ դրանց ներկերի եւ փոշիների լիցքավորմամբ: Հ. Կարակյանի ծավալած եւ շուրջ 5 ամիս տեւած ապօրինի գործունեությունը եւս կանխվել է:
Մաշտոցի տարածքային հարկային տեսչության աշխատակիցներն էլ հայտնաբերել են անկողնային պարագաների ապօրինի արտադրամաս: Պարզվել է, որ արտադրամասում գործունեություն էր ծավալել Երեւանի բնակիչ Գնել Գասպարյանը:
Առանց պահանջվող փաստաթղթերի, Գ. Գասպարյանը գործել է շուրջ կես տարի: Այդ ժամանակահատվածում նրա կողմից ծավալված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետեւանքով պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է: