Լրահոս
Օրվա լրահոսը

Տուրգործակալությունը զբոսաշրջիկներին «քցել» է

Դեկտեմբեր 15,2009 00:00

«Ֆորտունա» տուրիստական գործակալությունը Մոսկվայի մոտ գտնվող Տառուսա քաղաքում միակն է: Այս գործակալության ծառայություններից օգտվում են եւ Տառուսա ժամանող զբոսաշրջիկները, եւ տեղի բնակիչները, ովքեր նախընտրում են իրենց հանգիստը անցկացնել արտերկրում: «Ֆորտունա» գործակալությունը հայտնի է ոչ միայն քաղաքում միակը լինելու առումով, այլ նաեւ նրանով, որ այս գործակալության անվան հետ են առնչվում բազմաթիվ խարդախություններ՝ կապված զբոսաշրջիկներից խաբեությամբ գումար կորզելու եւ պատշած ծառայություններ չտրամադրելու հետ: 
Տեղի բնակիչների հավաստմամբ, «Ֆորտունա» գործակալության հետ առնչվող անձինք մշտապես խնդիրներ են ունենում: «Առավոտը» զրուցեց խարդախության ծուղակն ընկածներից մեկի՝ Պետրակովաների ընտանիքի հետ: Գալյա Պետրակովայի պատմելով, այս ամառ Անապայում հանգստանալու մտադրությամբ դիմել են գործակալությանը. «Մեզ հետ Անապա մեկնեց նաեւ գործակալության տնօրենը: Երբ հասանք նախապես ընտրած հյուրանոց, այնտեղ մեզ ասացին, որ մեր ժամանման մասին իրենց չեն տեղեկացրել, եւ մեր անունով որեւէ վճարում չկա կատարված: Տնօրենն իբր անակնկալի եկավ եւ շտապեց բանկ՝ ճշտելու, թե ինչու գումարը չի փոխանցվել հյուրանոցի հաշվին: Ժամեր անց վերադառնալով՝ մեզ առաջարկեց տեղավորվել մի ցածրակարգ հյուրանոցում, եւ հավելեց, որ մենք պետք է վճարենք հյուրանոցի գումարը, իսկ երբ բանկային փոխանցման հարցը լուծվի, նա մեզ կվերադարձնի այդ գումարը: Նախապես այդ գործակալությունը ոչ մի բան չէր պայմանավորվել, նույնիսկ Անապա տեղափոխող ավտոբուսի վարորդը մեզնից էր պահանջում ճանապարհածախսը, չնայած, ըստ պայմանավորվածության, այն եւս պետք է մտներ նախապես գործակալությանը վճարած գումարի մեջ»: Պարզվեց, որ այս գործակալության ծուղակն են ընկել նաեւ հայաստանցի շատ զբոսաշրջիկներ, որոնք դիմել են իրենց հանգիստը Տառուսայում կամ հարակից քաղաքներում կազմակերպելու համար: 
«Առավոտը» զրուցեց «Ֆորտունա» գործակալության փոխտնօրեն Քսենյա Չիրկովայի հետ, որն էլ ամեն կերպ փորձում էր մեզ համոզել, որ դժգոհությունների առիթ չկա, դրանք զուտ բամբասանքներ են, իրականում բոլորն էլ հիացած են իրենց մատուցած ծառայություններով: Իսկ մեր նշած կոնկրետ դեպքերի առնչությամբ էլ Ք. Չիրկովան ասաց. «Մեզ դիմողները տարբեր բնավորության եւ ազգության մարդիկ են, բնականաբար, կլինեն նաեւ դեպքեր, որ գուցե չգոհացնենք ոմանց, բայց նման դեպքերը բացառություն են»: Վերոնշյալ դեպքը գործակալության փոխտնօրենը որակեց թյուրիմացություն. «Իհարկե, ցավալի էր, որ զբոսաշրջիկներին անհարմարություններ պատճառեցինք, բայց խնդիրը կապված էր բանկի հետ եւ, ի վերջո, ամեն ինչ շտկվեց»: Տիկին Չիրկովայի ներկայացմամբ, իրենց հաճախորդները հիմնականում Մոսկվայի բնակիչներ են, նաեւ անգլիացիներ ու  ճապոնացիներ, իսկ Հայաստանից վերջերս շատ զբոսաշրջիկներ չեն լինում, նրանք հիմնականում գալիս են Տառուսա՝ մշտական բնակության: Զբոսաշրջիկներին, տիկին Չիրկովայի հավաստմամբ, քաղաքում հետաքրքրող շատ բաներ կան, բայց, որպես կանոն, նրանք այցելում են ռուս գրող Մարիա Ցվետաեւայի տուն-թանգարան: Ընդհանուր առմամբ, այս քաղաքում հանգստացողները այն նախընտրում են հիմնականում ցածր գների համար.  երկօրյա հանգիստը 2 անձի համար կազմակերպելը կարժենա 20 հազար ռուբլի,  մոտ՝ 25 հազար դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել