Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ԳՈՐԾԱՐՔԻՑ «ՓԱՅ» ՈՒՆԻ՞

Դեկտեմբեր 15,2009 00:00

Երբեմնի հարուստ պետական հիմնարկը ավերել են, ողջ գույքը ծախել, գումարներն էլ փոշիացրել

Պետական սեփականություն հանդիսացող «Ատոմէներգասեյսմանախագիծ» ՓԲԸ-ն, որն ընդամենը մի քանի տարի առաջ բավականին հաջող գործում էր ու պատվերով սեյսմահետախուզական աշխատանքներ կատարելով՝ պետբյուջեին խոշոր եկամուտ էր բերում, այժմ հայտնվել է լուծարման եզրին: Այդ ընկերությունը ոչ միայն մեր պետությանն այլեւս ոչ մի լումայի օգուտ չի բերում, այլեւ նույնիսկ ընկերության վատ աշխատանքի համար էներգետիկայի նախարարությունը մի բան էլ «թուքումուր» է ստանում:
Մի քանի ամիս առաջ «Առավոտն» անդրադարձել էր այն խնդրին, որ «Ատոմէներգասեյսմանախագիծ» ՓԲԸ-ն խրվել է պարտքերի մեջ, միլիոնավոր դրամների հարկային պարտավորություններ կուտակել եւ 9 ամիս է՝ չի կարողանում վճարել նույնիսկ իր մասնագետների աշխատավարձը: Այդ ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն Հրահատ Հակոբյանը խոստովանել էր, որ գործարանում արդեն մատների վրա հաշված գույք է մնացել, եւ գրեթե ամբողջ ինժեներատեխնիկական անձնակազմին, մասնագիտական որակավորում ունեցող բանվորներին ու վարորդ-օպերատորներին իրենց հաշվին հարկադիր արձակուրդ է ուղարկել, որպեսզի աշխատավարձ չտա: Վերջին երկու տարիներին՝ Հ. Հակոբյանի պաշտոնավարման ընթացքում, պետական կազմակերպության պահեստից դուրս են գրվել սարքին վիճակում գտնվող «ՈՒՐԱԼ-4320» մակնիշի սեյսմիկ թրթռիչ սարքը՝ համալրված երկու շարժիչներով, «ՈՒՐԱԼ-4320» մակնիշի ավտոմեքենան, «ԶԻԼ- 1310» մակնիշի մեքենան, «ԿԱՄԱԶ» մակնիշի ինքնաթափը, «Բելառուս» մակնիշի տրակտոր-էքսկավատորը, «ՈՒԱԶ-469», «ՈՒԱԶ-452» մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաները եւ եւս 12 նման մեքենաներ, ամբարձիչներ, ջրատար մեքենաներ ու բեռնաթափներ: Ընկերության Աշտարակի բազայի պահակ Աղվան Կարապետյանն ասել էր, թե գործարանն այն աստիճան է դատարկվել, որ պահեստում այլեւս նորմալ տեխնիկա չի մնացել, ամբողջը տնօրենը վաճառել է: Ուշագրավն այն է, որ տնօրենը պնդում է, թե ինքն ամեն ինչ նախարարի՝ Արմեն Մովսիսյանի հրամանով է վաճառել, ու վաճառքից ստացված գումարով էլ փակել է հարկայինի պարտքերը: Գործարանի աշխատակիցները համոզված են, որ Հրահատ Հակոբյանը, մեղմ ասած, «կերել է պետության փողերը» եւ շուկայականից ցածր գներով վաճառելով երբեմնի հարուստ եւ ճանաչված ընկերության ողջ ունեցվածքը, գումարը դրել է սեփական գրպանը, աշխատողներին էլ թողել է գործազուրկ: Եթե Հ. Հակոբյանը վստահեցնում է, որ գույքը վաճառել է նախարարի գիտությամբ եւ համաձայնությամբ, ստացվում է, որ նախարարն էլ է «փայ» ունեցել այդ գործարքից: Այս հրապարակումից անմիջապես հետո էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից «Առավոտին» հայտնեցին, որ իրենք «Ատոմէներգասեյսմանախագիծ» ընկերությունում սկսել են ուսումնասիրություններ կատարել, որի արդյունքներն առաջիկայում կտրամադրեն մեր թերթին: Արդեն 3 ամիս է՝ անընդհատ հարցում ենք անում նախարարությանը, որ մեզ տրամադրեն այդ ուսումնասիրության արդյունքները: Նախարարությունից պատասխանում էին, որ շուտով կտրամադրեն, որ նախարարը ասուլիս է տալու՝ մեր հարցին էլ առանձին կանդրադառնա, որ պատասխանը գրավոր կուղարկեն, բայց այդպես էլ ոչ նախարարն էր ասուլիս տալիս, ոչ էլ պատասխանն էին ուղարկում: Սեպտեմբերից մինչ օրս ուսումնասիրության արդյունքները չտրամադրելուց հետո նախարարությունից վերջապես «Առավոտին» այսպիսի պատասխան տվեցին. «Աուդիտը դեռ շարունակվում է, արդյունքների մասին տեղյակ կպահենք»: Նշենք, որ թե՛ գործարանի աշխատակիցները, թե՛ տնօրենը «Առավոտին» հայտնել էին, որ ոչ մի աուդիտ էլ չի անցկացվում, գործարանի պահակն էլ փոխանցել է, որ նախարարությունից ոչ մեկը չի եկել, գույքագրում չի կատարել:
«Առավոտին» դիմած ընկերության աշխատակիցներ Գայանե Մինասյանը, Հասմիկ Հունանյանը եւ Ստելլա Գրիգորյանը, որոնք ներկայումս հարկադիր արձակուրդ ուղարկվածների ցուցակում են, գրեթե ամեն օր դիմում են էներգետիկայի նախարարությանը՝ խնդրելով իրենց կոնկրետ պատասխան տալ՝ լուծարվո՞ւմ է իրենց հիմնարկը, թե՞ ոչ: Ընդհանուր առմամբ, գործարանի 70 աշխատակից գործազուրկի կարգավիճակում է: Նրանցից շատերը նախկինում մեծ համբավ են վայելել հանրապետությունում՝ որպես առաջնակարգ մասնագետներ եւ ցանկացած պատվերից հետո՝ միայն շնորհակալագրեր ստացել: Իսկ հիմա գործարանի վարկն այնպես է ընկել, որ եթե նույնիսկ հաջողվում է սեյսմահետախուզական աշխատանքներ կատարելու մի պատվեր ունենալ, նախարարությանը շնորհակալության փոխարեն բողոքի նամակ են ուղարկում:
Գործարանի կատարած վերջին պատվերից հետո, երբ կանադական մի ընկերության համար աշխատանք են կատարել, գործարանի հին սարքավորումներով ու մաշված մեքենաներով մի քանի շաբաթվա գործը հաջողվել է ավարտել միայն 7 ամիս հետո: Կանադական ընկերությունը պաշտոնական գրություն է ուղարկել մեր պետությանը՝ խայտառակելով վերջինիս՝ իրեն խաբելու համար:
Հրահատ Հակոբյանն ամեն օր սպասում է նախարարի հրամանին, որ իրեն ազատի տնօրենի պաշտոնից: Նման ընկերության տնօրեն լինելն արդեն խայտառակություն է: Կազատի՞ նախարարը նրան, թե՞ ընդհանրապես կլուծարի «Ատոմէներգասեյսմանախագիծը», նախարարությունից խոստացել են հայտնել տարեվերջին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել