Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարական՝ «Ա1+»-ի մասին

Դեկտեմբեր 15,2009 00:00

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է՝ դեկտեմբերի 8-ին Փարիզում մասնակցել է գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովի նիստին, որտեղ ընդունվել են ԵԽ անդամ երկրներում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ հանձնարարականի եւ զեկույցի նախնական նախագծեր:
Հանձնարարականի նախագծում, մասնավորապես, նշվում է. «ԵԽԽՎ-ն խորը մտահոգություն է հայտնում, որ ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ հարձակումները եւ այլ լուրջ ոտնձգությունները շատացել են: 2007 թվականից առ այսօր առնվազն 20 լրագրող սպանվել են: Վեհաժողովը իր մտահոգությունն է հայտնում, որ մինչ օրս Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածը չի վերացվել: Մինչ օրս չի ավարտվել 2007 թ. հունվարի 19-ին Ստամբուլում սպանված Հրանտ Դինքի դատական գործի ամբողջական քննությունը: Բազմաթիվ լրագրողների նկատմամբ արդեն փոփոխված 301 հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել, այս հոդվածը մինչ օրս խախտում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10–րդ հոդվածը: Վեհաժողովը կրկին հաստատում է, որ թվայնացման ներդրման պատրվակը չպետք է օգտագործվի ընդդեմ առանձին հեռարձակողների: Վեհաժողովը Նախարարների կոմիտեին հղում է հանձնարարական, որտեղ մասնավորապես նշվում է. պետք է դիմել բոլոր անդամ երկրներին եւ մասնավորապես Հայաստանին, Ադրբեջանին, Իտալիային, Մոլդովային, ՌԴ-ին, Ուկրաինային, ինչպես նաեւ Բելառուսին, որպեսզի նրանք երաշխավորեն արդար եւ հավասար հնարավորություններ՝ ԶԼՄ-ներում բոլոր քաղաքական կուսակցությունների եւ թեկնածուների համար նախընտրական շրջանում՝ բավական կարեւորելով այս հարցը գալիք ընտրությունների անցկացման ժամանակ: Դիմել Հայաստանի կառավարությանը, որպեսզի նա փոփոխության ենթարկի հեռուստահաճախականությունների լիցենզավորման վերաբերյալ օրենսդրությունը, որն ընդունվել էր որպես հակամիջոց ՄԻԵԴ-ի of Meltex Ltd and Mesrop Movsesyan v. Armenia of 17 June 2008 (A1+)-ի որոշման դեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել