ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, որ Դաշնակցությունը պատրաստվում է ցույցերի:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարեց, որ Դաշնակցությունը հունվարի սկզբից անցկացնելու է երթեր, ցույցեր, զանգվածային այլ միջոցառումներ՝ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների: Հայտնի է, որ ՍԴ-ն հունվարի 12-ին պետք է վճիռ կայացնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին՝ արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ: ՀՅԴ-ն փորձելու է ակտիվացնել իրավիճակը. «Մենք արդեն բազմաթիվ հայտեր ու առաջարկություններ ենք ստացել՝ լուրջ բողոքի միջոցառումներ կազմակերպելու ՍԴ որոշման հրապարակման նախորդող օրերին, եւ, բնական է, որ մենք, անկախ որեւէ մեկից, դա անելու էինք, բայց տեսնելով, որ նաեւ ժողովրդական ալիք է բարձրանում, հիմա արդեն կարող ենք ասել, որ այդ օրերին Հայաստանում հանգիստ չի լինելու»:
«Առավոտը» հարցրեց՝ ի՞նչ է ակնկալում Դաշնակցությունը իր նախաձեռնած ցույցերի, երթերի եւ «ոչ հանգիստ» վիճակի դեպքում, կոնկրետ ինչ-որ բա՞ն, թե՞ խնդիրը պարզապես այնպես անելն է, որ «այդ օրերին Հայաստանում հանգիստ չլինի»: Նաեւ հարցրինք՝ չի՞ պատրաստվում Դաշնակցությունը պայմանավորվել նաեւ այլ քաղաքական ուժերի հետ համատեղ ցույցեր անցկացնելու համար: Ի պատասխան, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց. «Մեր ցանկությունը հստակ հայտնի է՝ արձանագրությունների տապալում, ամեն ինչ մենք սրա համար կանենք եւ, իհարկե, կհրավիրենք բոլոր քաղաքական ուժերին՝ մեզ հետ համագործակցելու: Բայց այն քաղաքական ուժերը, որոնք չակերտներով այս շարժումն անվանում են հայդատականություն, նրանք, կարծում եմ, մեր միջոցառումներին անելիք չունեն: Հրապարակային միջոցառում է, բոլորի համար բաց է, բայց հատուկ հրավիրել մարդկանց, որոնք կուրորեն ատելով իշխանությանը էս մի հատուկ հարցում իշխանության հետ համակարծիք են, դրանց հրավիրենք՝ որ ի՞նչ»: Իրենց նպատակին հասնելու հավանականությունը Վահան Հովհաննիսյանը գնահատեց «բարձր»: