Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ՆԵՐԸ ՊԻՏԻ ՀԱՏՈՒՑԵՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ

Դեկտեմբեր 15,2009 00:00

Շրջանառության մեջ է դրվել մամուլում զրպարտության եւ վիրավորանքի համար պատասխանատվությունը կարգավորող մի նախագիծ, որը շահեկանորեն տարբերվում է նախորդ նախաձեռնությունից:

Կոալիցիայի երեք պատգամավորներ՝ ՀՀԿ-ից Հովհաննես Սահակյանը, ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը եւ ԲՀԿ-ից Ռուբեն Գեւորգյանը նոյեմբերի 23-ին շրջանառության մեջ են դրել «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախաձեռնությունը: Այն, ինչպես եւ այս տարվա գարնանը Կարեն Անդրեասյանի ներկայացրած համանուն նախաձեռնությունը՝ նպատակ ունի կարգավորել ԶԼՄ-ներում վիրավորանքի եւ զրպարտության համար պատասխանատվության հարցերը: Սակայն բարեբախտաբար, Կարեն Անդրեասյանի նախաձեռնության առավել մտահոգիչ կետերը դուրս են մնացել այս նախագծից: Ճիշտ է, մնացել են դրույթներ, որոնք մեր կարծիքով՝ լրամշակման կարիք ունեն: Ասենք, նշված է, թե տվյալները «չեն մեկնաբանվում որպես զրպարտություն, եթե դրանք տեղ են գտել՝
ա) օրենսդիր մարմնում լսումների եւ նիստերի ընթացքում արված ելույթում:
բ) օրենսդիր մարմնի մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովում, լսումների ընթացքում արված հայտարարությունում, եթե այն առնչվում է այդ մարմնում քննվող խնդրին,
գ) դատական քննության մասնակցի կողմից դատական քննության ընթացքում արված հայտարարությունում, որը վերաբերել է քննվող գործի հանգամանքներին,
դ) գիտական կամ հանրային խնդրի քննարկմանը մասնակցելու նպատակով արված հայտարարությունում, երբ ապացուցվի, որ դրանք տարածած անձը ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ պարզելու դրանց ճշմարտությունը եւ (կամ) հիմնավորելու դրանց մեջ առկա մեղադրանքները, ինչպես նաեւ հավասարակշռված եւ բարեխիղճ է ներկայացրել այդ տվյալները»:
Հարց է առաջանում ինչո՞ւ է «բ» եւ «գ» կետերի վերապահումն արվել միայն օրենսդիր եւ դատական մարմինների համար, ինչո՞ւ չկա, ասենք, գործադիր մարմինը: Կարծում ենք նաեւ, որ «դ» կետով նախատեսված վերապահումը պետք է վերաբերի ընդհանրապես ասուլիսներին եւ հանրային քննարկումներին: 
Սակայն օրինագծի վերաբերյալ փորձագիտական գնահատականի համար դիմեցինք Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին. «Նախաձեռնությունն այս փուլում արդեն շատ լուրջ մտահոգություններ չի առաջացնում, քանի որ իր առաջին տարբերակից այնքա՜ն է տարբերվում, որ կարելի է ասել, թե լրիվ այլ օրինագիծ է: Նաեւ հաշվի են առնված Վենետիկի հանձնաժողովի փորձագետների կարծիքները նախագծի նախորդ տարբերակների վերաբերյալ: Եվ դա, իհարկե, ավելի լուրջ եւ պրոֆեսիոնալ փաստաթուղթ է դարձնում այն: Հիմնական դրական փոփոխություններից մեկը, որ կարող եմ արձանագրել՝ այն է, որ 50 տարվա վաղեմության ժամկետը հանված է, որը, իհարկե, թյուրիմացություն էր»: Կարեն Անդրեասյանի նախաձեռնության մեջ նման դրույթ կար, թե շահագրգիռ անձանց պահանջով քաղաքացու անձի եւ արժանապատվության պաշտպանությունը «թույլատրվում է նաեւ նրա մահից հետո՝ 50 տարվա ընթացքում»:
Բորիս Նավասարդյանը հիշեցրեց, թե «մի քանի այլ նման թյուրիմացություններ էլ կային այդ նախնական տարբերակում, որոնք նույնպես հանվել են: Բացի դրանից՝ բնական եւ շատ դրական քայլ է այն, որ զուգահեռաբար «Քրեական օրենսգրքից» հանվում են զրպարտության եւ վիրավորանքի մասին հոդվածները: Դա եւս անհրաժեշտ պայման էր, որպեսզի այդ նախագիծը եւս քիչ թե շատ դրական գնահատվի»:
Դրվատանքի խոսքերից բացի՝ ԵՄԱ նախագահը նաեւ մի քանի վերապահումներ հայտնեց. «Ինձ թվում է՝ եվրոպական փորձագետների առաջարկները եւ մեկնաբանությունները մի քիչ մեխանիկորեն են անցկացված օրինագծի մեջ: Ես կցանկանայի, որ հեղինակները մի քիչ ավելի խորը վերլուծեին հենց Հայաստանի իրավիճակը եւ ոչ թե դիտողությունները հաշվի առնելիս դրսեւորեին ընդհանուր եւ մի քիչ վերացական մոտեցում: Ցավոք, ԶԼՄ-ների եւ լրագրական միջավայրի առօրյա կյանքը հաշվի առնված չէ: Իսկ դա շատ կարեւոր է, եթե տեղայնացնում ես որեւէ օրենսդրական սկզբունք, եւ տվյալ դեպքում՝ բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտ ես մտցնում»: Այս օրինագծում «բարոյական վնասի» փոխարեն ընտրված է «պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնաս» անվանումը. սահմանված են դրա հատուցման կարգը եւ պայմանները:
Նախաձեռնությամբ նաեւ սահմանվում է, թե «վիրավորանք է համարվում խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով կատարված հրապարակային արտահայտությունը (կարծիքը կամ գնահատող դատողությունը), որի նպատակը կամ մտադրությունը անձին արատավորելն է: Սույն հոդվածի իմաստով արտահայտությունը չի համարվում անձին արատավորելու մտադրությամբ տարածված, եթե այն տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ պայմանավորված է գերակշռող հանրային կամ իրավաչափ մասնավոր շահով»: Արդյոք այս ձեւակերպումները տեղիք չե՞ն տալիս դատարանի կողմից կամայական, տարածական մեկնաբանությունների համար: Ինչպե՞ս է որոշվելու՝ արդյոք եղե՞լ է նպատակ կամ ոչ, գերակշռո՞ւմ է հանրային շահը կամ ոչ: Գուցե հնարավո՞ր է սահմանել ինչ-որ չափորոշիչներ, թե՞ ամեն ինչ թողնվելու է դատավորի հայեցողությանը: Մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ Բորիս Նավասարդյանն ասաց. «Հենց դա եւ այդ կարգի դրույթները նկատի ունեմ, երբ ասում եմ, թե փորձագետների դիտողությունները մեխանիկորեն են անցկացվել: Այսինքն՝ իրենք ասել են, թե այս սկզբունքը պիտի լինի, եւ այն նշվել է օրինագծում ու ոչ թե սկզբունքի բացված, մշակված տարբերակը»:
ԵՄԱ նախագահն ընդգծեց, թե լուրջ քննարկման անհրաժեշտություն կա, որ օրենքն ավելի դիպուկ լինի եւ ավելի մանրամասն նկարագրի իրավական մեխանիզմները. «Գտնում եմ, թե որպեսզի իրոք ե՛ւ պատժի չափերը համաչափ լինեին մեր ԶԼՄ-ների եւ լրագրողների տնտեսական վիճակի հետ, ե՛ւ ընդհանրապես՝ Հայաստանի լրատվամիջոցների կյանքն ավելի համարժեք արտահայտվեր այս օրինագծում՝ պետք է լիներ հրապարակային մի քննարկում, միգուցե՝ եվրոպական փորձագետների մասնակցությամբ, որպեսզի բոլորս հասկանայինք, թե ինչպիսի տեսք պիտի ի վերջո ունենան այս դրույթները «Քաղաքացիական օրենսգրքում»: Բայց ցավոք՝ գործընթացը շատ փակ է, հրապարակային չէ: Եվ դա միշտ ոչ ցանկալի արդյունքներ է ունենում: Բացի դրանից՝ կցանկանայի, որ հեղինակները նաեւ հաշվի առնեին (բոլոր քաղաքակիրթ երկրներում դա տեղի է ունենում), թե ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմների զարգացման ինչպիսի մեխանիզմներ կան, քանի որ դա քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ բարոյական վնասի փոխհատուցման եւս մի ձեւ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել