Ակնկալում են սահմանադրակա՞ն լուծում, թե՞ քաղաքական կամք
Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Նամակում ասված է. «Լրատվամիջոցներից տեղեկանալով Սասուն Միքայելյանի առողջական ծանր վիճակի մասին, մենք եւս մտահոգված ենք նրա առողջությամբ։ Մեր նախկին գործընկերոջ բուժող բժիշկ Ավետիք Մինասյանը հայտարարել է, որ «Սասուն» ջոկատի հրամանատարը լուրջ բուժման, վիրահատության կարիք ունի, եւ բանտային պայմանները նրա համար կարող են առողջական հավելյալ խնդիրներ ստեղծել։ Անկախ նրանից, թե Միքայելյանն ինչ պատճառներով է կալանավորվել, մենք խնդրում ենք Ձեզ՝ օգտվելով ՀՀ սահմանադրության 55 հոդվածով Ձեզ վերապահված լիազորություններից, ներում շնորհելու միջոցով ազատել Սասուն Միքայելյանին պատժի հետագա կրումից»։
Նամակը ստորագրել է ԱԺ 21 պատգամավոր՝ Վարդան Բոստանջյան (ԲՀԿ), Ռուբեն Գեւորգյան (ԲՀԿ), Վիկտոր Դալլաքյան (անկախ պատգամավոր), Հրանտ Մադաթյան (ԲՀԿ), Սեդրակ Սարոյան (ՀՀԿ), Տիգրան Թորոսյան (անկախ պատգամավոր), Ռուստամ Գասպարյան (ԲՀԿ), Արմեն Մխիթարյան (ՀՀԿ), Մխիթար Վարագյան (անկախ պատգամավոր), Հակոբ Հակոբյան (անկախ պատգամավոր), Տաճատ Վարդապետյան (ՀՀԿ), Նահապետ Գեւորգյան (ՀՀԿ), Ռոբերտ Թովմասյան (ԲՀԿ), Վարդան Այվազյան (ՀՀԿ), Մելիք Մանուկյան (ԲՀԿ), Սամվել Բալասանյան (անկախ պատգամավոր), Լյովա Խաչատրյան (անկախ պատգամավոր), Մարտին Սարգսյան (ՀՀԿ), Վոլոդյա Բադալյան (ՀՀԿ), Վերսանդ Հակոբյան (ԲՀԿ), Ռաֆիկ Գրիգորյան (ՀՀԿ):
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Թագուհի Թովմասյանի ներկայացմամբ, ընտրվել է դիմելու այս ձեւը. «Քանի որ գեներալների բաց նամակից հետո Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը լիազորություն չունի դատապարտյալներին ազատ արձակելու միջնորդությամբ հանդես գալու, այդ պատճառով ես մատնանշել եմ Սահմանադրության կոնկրետ հոդվածը, որով Սերժ Սարգսյանը լիազորված է ազատ արձակել կալանավորներին՝ այս դեպքում ներում շնորհելու միջոցով: Ներում շնորհելը նախագահի լիազորությունների մեջ է մտնում»: Ստորագրությունների համար «Ժառանգություն» խմբակցությանը չէին դիմել, եւ այս խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ մամուլի ասուլիսում ասաց, թե իրենք տեղյակ չեն այդ մասին, թեպետ եւ ինքը, եւ իր կուսակցությունը բազմիցս են հանդես եկել նախաձեռնություններով՝ հօգուտ Սասուն Միքայելյանի եւ մյուսների ազատ արձակման: Ի դեպ, կարծես «Ժառանգությունը» չի էլ պատրաստվում միանալ այս ստորագրահավաքին, քանի որ «այդ նամակում առկա է խնդրանք, իսկ մենք չենք ուզում որեւէ բան խնդրել Սերժ Սարգսյանից, բոլոր քաղբանտարկյալները հանիրավի են ազատազրկված, եւ նրանք պետք է ազատ արձակվեն, կոնկրետ Սասուն Միքայելյանը որեւէ քրեորեն պատժելի արարք չի գործել եւ, անկախ առողջական վիճակից, նրան պետք է ազատ արձակել առանց որեւէ խնդրանքի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տիկին Փոստանջյանը: Ի դեպ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հրաժարվել է ստորագրել: Ստորագրահավաքին չի մասնակցել նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցությունը, խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասել է, որ իրենք այդ կարգի ստորագրահավաքի մասնակցելու մասին խմբակցության որոշում չունեն: Նման մի պատասխան է տվել նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, թեպետ այս նույն խմբակցության որոշ պատգամավորներ ստորագրել են թղթի տակ:
ՀՀԿ խմբակցությունը երեկ օրվա երկրորդ կեսին տարածեց հետեւյալ հայտարարությունը. «Ըստ լրատվամիջոցների տարածած հաղորդագրության, ՀՀԿ խմբակցության մի քանի անդամներ ստորագրել են Սասուն Միքայելյանին ներում շնորհելու միջնորդագրի տակ: Հայտնում ենք, որ գործող օրենքներով նման լիազորություն չի նախատեսված: ՀՀԿ խմբակցությունը առաջնորդվում է միայն ու միայն օրենքներով: Խմբակցության անդամներին բանավոր ներկայացրել են մի բան՝ փորձելով մարդասիրական մոտեցումներ ձեւավորել: Այնպես որ, նույնիսկ եթե ստորագրել են, դա չի կարող վերաբերել առաջադրված տեքստին»: Նախաձեռնության հեղինակներից Թագուհի Թովմասյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ բոլորն էլ ստորագրել են նամակը կարդալով՝ բուն նամակի տակ: Ստորագրահավաքին մասնակցածների մի մասը մեզ հետ զրույցում չէր թաքցնում, որ Սասուն Միքայելյանի առողջական խնդիրներով մտահոգ են ստորագրել: Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը այսպես բացատրեց իր քայլը. «Սասուն Միքայելյանի հետ երկար տարիներ աշխատել ենք, նրան անձամբ ճանաչում եմ եւ քանի որ նա ունի առողջական լուրջ խնդիրներ, ապա, կարծում եմ, ճիշտ կլինի նրան ընդհանրապես ազատ արձակել: Եվ իմ քայլը բացատրվում է զուտ մարդկային-բարոյական գործոններով եւ դրդապատճառներով: Կարծում եմ, քաղաքական որոշման դեպքում թերեւս հարցը կարող է դրական լուծվել»: