«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության հարցը դարձել է հայոց հարց՝ չարչրկվեց, ասվեց, խոսվեց, բայց այդպես էլ լուծում չգտավ»,- երեկ ասուլիսում հայտարարեց «Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանություն» կոմիտեի համակարգող, ԼՂ պատերազմի մասնակից Աղավնի Սահակյանը: Այս տարի կոմիտեն դիմել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ Սեֆիլյանի նկատմամբ թույլ տրված մարդու իրավունքների խախտումները վերացնելու համար միջոցներ ձեռնարկելու խնդրանքով: ՄԻՊ գրասենյակից կոմիտեն պատասխան է ստացել օրերս. «Հարցի քննարկումը սառեցված է»: Փաստաբան Մուշեղ Շուշանյանը պարզաբանեց, որ ՄԻՊ գրասենյակի նման պատասխանը հիմնված է եղել ԱԱԾ-ի բացասական կարծիքի վրա: Իսկ ԱԱԾ-ի կարծիքը ներառող փաստաթուղթը կոմիտեին չի տրամադրվել, քանի որ այն համարվում է «ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթուղթ»: Շուշանյանը, սակայն, գտնում է, որ օրենքով պետական կամ ծառայողական գաղտնիք չի կարող համարվել քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների սահմանափակումների մասին տեղեկատվությունը: Հիշեցնենք, որ Սեֆիլյանը երեք անգամ դիմել է ՀՀ նախագահին, մեկ անգամ էլ ԼՂՀ նախագահին՝ քաղաքացիություն ստանալու համար: Բոլոր դեպքերում էլ մերժում է ստացել: 2010թ. սեպտեմբերին Սեֆիլյանը կրկին կդիմի ՀՀ նախագահին, եթե այս անգամ էլ նույն ճակատագրին արժանացավ, ապա հարցը կվիճարկեն դատարանում: