«Առավոտի» տեղեկություններով, ոստիկանության քննչական գլխավոր վարչության կենտրոնի քննչական բաժնում քրգործ է հարուցվել Երեւան քաղաքի Գյուլբենկյան փողոցի առաջին շենքի առաջին բնակարանի բնակիչ 31-ամյա Վահան Աշոտի Հայրապետյանի նկատմամբ: Վերջինս, չարաշահելով մի քանի քաղաքացիների վստահությունը, համատեղ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու պատրվակով խարդախության եղանակով վերցրել է $65 500, $380 000 եւ հափշտակել գումարները:
2009-ի սեպտեմբերի 29-ին Կենտրոնի քննչական բաժնում խարդախության հատկանիշներով հարուցվում է քրեական գործ, եւ Վ. Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ 2009-ի նոյեմբերի 3-ին քննչական մարմինը միջնորդում է դատարանին խափանման միջոց ընտրել կալանավորումը, եւ հայտարարվում է հետախուզում: Մեր տեղեկություններով, Հայրապետյանը 2009-ի հունիսին մի քաղաքացուց վերցրել է նրան պատկանող երկու սառնարանները, խոստանալով վճարել $1400, սակայն չի վճարել: Նույն քաղաքացուց նա վերցրել է $700՝ խոստանալով համակարգիչ բերել, ինչը նույնպես չի արել: Մեր տեղեկություններով, Հայրապետյանի տան խուզարկության ժամանակ իրավապահ մարմինները հայտնաբերել են զինվորական համազգեստներ, ինչպես նաեւ «Զինվորի մայր» հ/կ վկայական:
Ի դեպ, ոստիկանությանը տեղեկացնեմ, որ նշված անձնավորությանը մի քանի անգամ տեսել ենք Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, երբ տեղի էին ունենում քաղբանտարկյալներ Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սմբատ Այվազյանի եւ Դավիթ Մաթեւոսյանի գործով դատավարությունները: Այս պահին հետախուզման մեջ գտնվող Վահան Հայրապետյանը՝ դատական նիստերի ժամանակ, կրելով զինվորական համազգեստ, թղթապանակը թեւի տակ անխռով շրջում էր դատարանի նախասրահում եւ ամեն կերպ փորձում խուսափել ֆոտոխցիկից: Երեկ ոստիկանության լրատվական ծառայությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ Հայրապետյանը դեռ չի հայտնաբերվել: Իսկ մեր տեղեկություններով, ոստիկանության օպերատիվ-որոնողական վարչությունը (յոթերորդ վարչություն) ունի օպերատիվ տեղեկություն այն մասին, որ Վահան Հայրապետյանը Հայաստանից կարողացել է դուրս գալ Բագրատաշենի մաքսակետով: