Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կրքեր ՍԴՀԿ-ում

Դեկտեմբեր 15,2009 00:00

«Վահան եւ Լյուդմիլա» օպերայից

ՍԴՀԿինը մասնաճյուղեր երեկ տարածած հաղորդագրությամբ անվստահություն են հայտնել կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին: «Վերջին ամիսներին ՍԴՀԿ-ում առկա անառողջ մթնոլորտը հաղթահարելու նպատակով ՍԴՀԿ հայաստանյան կառույցի բացարձակ մեծամասնության պահանջով սույն թվականի դեկտեմբերի 16-17-ին տեղի կունենա ՍԴՀԿ արտակարգ համագումար»,- ծանուցվում է հայտարարությամբ: Անվստահություն հայտնողների շարքում է նաեւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ատենապետ, հանրությանը ոչ անհայտ Նարեկ Գալստյանը: «Առավոտի» հետ զրույցում վերջինս երեկ այսպես մեկնաբանեց իրենց մոտեցումը. «Ես սա ասում եմ սրտի խորը կսկիծով, բայց լռել, շարունակել այսպես՝ այլեւս հնարավոր չէր: Վերջին 5-6 ամիսների ընթացքում կուսակցության ատենապետի կողմից կուսակցության քաղաքական գծի հետ կապված՝ ներկուսակցական գաղտնիքները մամուլում քննարկելու հստակ քաղաքականություն է իրականացվում, ինչի արդյունքում սկսեցին վարկաբեկվել մարդիկ, ովքեր անվերապահորեն ծառայում են հնչակյան գաղափարախոսությանը: Ցավում եմ այս իրավիճակի համար, բայց ավելի լավ է ինքնամաքրվել, իսկական հնչակյանի պես շարունակել»: Հնչակյանությանն անվերապահորեն ծառայող մարդիկ ասելով՝ արդյոք Վահան Շիրխանյանին եւ Վարդան Խաչատրյանի՞ն նկատի ունի մեր զրուցակիցը. «Ոչ միայն: Չեմ ուզում բոլորին թվարկել: Նաեւ՝ «Սարգիս Տխրունի» միությունը փակելու Սարգսյանի կոչերը՝ այն դեպքում, երբ միությունը մշտապես եղել է կուսակցության ողնաշարը: Պատճառն այն է, որ Սարգսյանը որոշակի առումով համաձայն չէր նրա գործունեության հետ: Կուսակցության 90 տոկոսը դեմ է Սարգսյանին»: Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ում պառակտումները սկսեցին առաջանալ Վահան Շիրխանյանի՝ կուսակցությանն անդամակցելուց հետո, եւ շարունակվեցին Վարդան Խաչատրյանի անդամակցության եւ դրան հաջորդած չարչրկված պատմություններով: Հետաքրքրվեցինք՝ ինչքանո՞վ վերջիններս կապ ունեն այս նոր ինտրիգի հետ: «Ինտրիգներ հրահրում էին այն մարդիկ, ովքեր անընդհատ մամուլում խայծեր են բաց թողնում եւ հրապարակումներով են հանդես գալիս, առավոտից երեկո զբաղված են բամբասելով, անվանարկելով, ցեխ շպրտելով»,- ասաց Նարեկ Գալստյանը:  
Ի հակադրումն այս ամենի՝ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա  Սարգսյանն էլ երեկ այս առիթով «Առավոտին» փոխանցեց. «Դա հայտնի ինտրիգների շարունակությունն է: Սեդրակ Աճեմյանը (համահնչակյան ԿՎ ատենապետը- Ն. Գ.) ուսանողական միության երիտասարդների հետ եւ Վահան Շիրխանյանի գլխավորությամբ արդեն ձեռքները փրփուրներից են գցում: Մեզ առանձնապես չի հուզում այն, ինչը որ իրենք պիտի անեն դեկտեմբերի 16-17-ին, որովհետեւ իրենք իրավական դաշտում չեն գործում: Այդ համագումարն անօրինական է, որովհետեւ ՍԴՀԿ կանոնադրությամբ, համագումար հրավիրելու իրավունք ունի վարչությունը: Նույնիսկ այդ անվստահություններն իրենք պարտավոր էին ներկայացնել վարչության քննարկմանը, եւ մեծամասնությունը որոշեր՝ ինչպես վարվել: Ո՞վ է այդ որոշումը կայացրել: ԱՄՆ-ում բնակվող Սեդրակ Աճեմյա՞նը»: Ըստ Լյուդմիլա Սարգսյանի, սա ուղիղ խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ի քաղաքացին փորձում է միջամտել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին. «Սեդրակ Աճեմյանն անում է քայլեր, որոնք պատիվ չէին բերի անգամ շարքային հնչակյանին, էլ չեմ ասում՝ համահնչակյան ԿՎ ատենապետին: Նա կյանքի գնով ցանկանում է իրականացնել իշխանություններին խոստացված ծրագիրը»: Տիկին Սարգսյանը նկատեց, որ հայտարարության տակ ստորագրած մասնաճյուղերից իրականում գոյություն ունեն միայն «Սարգիս Տխրունին» եւ Կապանի մասնաճյուղը: Մնացյալ 7-ն արդեն երեք տարի է՝ լուծարված են եւ կուսակցության հետ որեւէ առնչություն չեն ունեցել:
Ի դեպ, ՍԴՀԿ վարչությունը 2010-ի հունվարի 9-ին տեղի ունենալիք համագումարին ընդառաջ, ըստ կանոնադրության, որոշել է մաքրել շարքերը. «Այն անձինք, ովքեր երեք ամսից ավելի չեն համագործակցում կենտրոնական գրասենյակի հետ եւ չեն այցելում գրասենյակ՝ ինքնաբերաբար դուրս են մնում հայաստանյան կառույցից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել