Վստահ է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը
«Ի դեմս «Օրինաց երկրի»՝ գործ ունենք վստահելի գործընկերոջ հետ: Միասին մենք լուրջ ճանապարհ ունենք անցնելու, քանզի այդ գործունեությունը հիմնված է փոխադարձաբար ընդունելի գաղափարների ու սկզբունքների վրա, որոնք միտված են համակողմանիորեն առաջ տանելու մեր երկիրը». սա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բնութագիրն է ՕԵԿ-ին, որը նա հնչեցրեց շաբաթ օրը Մարզահամերգային համալիրում կայացած ՕԵԿ 9-րդ համագումարում ունեցած ելույթում: Հավանաբար, արձագանքելով նախագահի այս գնահատականին՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ իր ելույթում ասաց. «Մենք այսուհետեւ եւս լինելու ենք կանխատեսելի՝ եւ մեր հանրության համար, եւ մեր քաղաքական գործընկերների»: Նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց, մասնավորաբար, որ Հայաստանը պետք է դառնա օրենքների երկիր, եւ այդ գործընթացը նաեւ արագություն է պահանջում. «Մենք դեռ լուրջ ճանապարհ ունենք անցնելու, ճանապարհ, որ տանում է դեպի իրավունքի գերակայության սկզբունքի հաստատում, իշխանությունների իրական բաժանում եւ հավասարակշռում, մարդկային արժանապատվության, ազատության, հավասարության հարգում ու երաշխավորում: Մենք դրանց չենք կարող հասնել առանց երկրում հանդուրժողականության, համերաշխության, բազմակարծության իրական մթնոլորտ ստեղծելու, առանց վստահություն ներշնչող արդարադատություն հաստատելու»: Նախագահը դժգոհեց, որ սուտը, միմյանց սեւացնելը, ամեն ինչին սեփական «ես»-ի պրիզմայով նայելը, անհանդուրժողականությունն ու չարակամությունը մեզանում այսօր էլ դրսեւորվելու պարարտ հող ունեն: «Մենք այժմ չենք ուզում խոսել այն մասին, թե որտեղից է հոգու այդ դաժանությունը, այդ չկամությունը: Միայն մի բան կկամենայինք՝ որ փոխվեին մեր բարքերը, վերջապես: Որ վերանար այդ ավերիչ վերաբերմունքը, այդ գարշելի, բարբարոսական ադաթը մեր մամուլի միջից՝ տեղի տալով անաչառ, վայելուչ քննադատությանը, լայն ու պայծառ հայացքին եւ ազգի պայծառ վերաբերմունքին՝ դեպի մեր մարդիկ ու մեր հաստատությունները: Եվ փոխանակ սպանելու, քանդելու, ջլատելու՝ աշխատեինք ուժ տալ ու կենդանացնել»,- Ամենայն հայոց բանաստեղծին մեջբերեց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ մենք հաճախ չենք էլ նկատում, որ ամենալավ գաղափարներն անգամ խեղաթյուրվում են՝ «կոնկրետ մարդկանց կողմից՝ շատ հաճախ, պարզապես, որպեսզի մեկ ուրիշը հաջողություն չունենա»: Նախագահը սին պատկերացումներ չունի, որ կարծրացած երեւույթները մեկ զարկով կարող է վերափոխել, ավելին. «Ուժով ու բռունցքով չէ, որ մարդասիրություն պետք է տարածել: Այն պետք է տարածել՝ զավակին իսկական մարդ դաստիարակելով, գերազանց սովորողին ու ստեղծողին խրախուսելով, ազնիվ մարդուն մատնացույց անելու եւ ստորությունը հրապարակավ մերժելու ճանապարհով»:
Արթուր Բաղդասարյանն էլ իր ելույթում արձանագրեց, որ կոալիցիան պետք է հետեւողական լինի՝ ժողովրդին տված նախընտրական խոստումները կատարելու համար: Նշեց, որ կառավարության ծրագրում 90 տոկոս են կազմում ՕԵԿ-ի նախընտրական խոստումները. «Մեր հաղթաթուղթը եղել է միշտ այն, որ կարողացել ենք մարդկանց աչքերին շիտակ նայել, շիտակ կարողանալ խոսել հասարակությունում առկա սխալների, բացթողումների մասին, մատնացույց անել բարեփոխումների մեր պատկերացումները»: Նա նաեւ հանդիմանություն հնչեցրեց. «Վերջին երկու տարիների ընթացքում չարությամբ եւ նախանձով կուրացած որոշ քաղաքական ուժեր եւ գործիչներ հնարավորինն արեցին՝ սեւացնելու եւ մրոտելու ՕԵԿ-ին ու նրա դերակատարումը: Բայց ժամանակն է ամենամեծ դատավորը: Մենք պետք է լինենք համառ, հետեւողական, անզիջում, չպետք է ընկրկենք որեւիցե դժվարության առջեւ: Մենք դժվարություններ տեսել ենք, գիտենք ինչպես հաղթահարել դրանք: Անցել ենք չարության, ատելության հոսող գետերով, բայց դրանցից կարողացել ենք դուրս գալ առույգ, առողջ եւ համարձակ քայլերով շարունակում ենք գնալ առաջ: Մենք երկրի ու հայրենիքի համար վճռորոշ պահերին առաջնորդվել ենք քաղաքական խոհեմության, իմաստնության դրսեւորումներով, որովհետեւ մեզ համար միշտ փոխըմբռնելի փոխզիջումը շատ ավելի կարեւոր է, քան առճակատումը, որի արդյունքում երկրները առաջընթաց զարգացում չեն ունենում՝ առանձին քաղաքական ուժերի, առանձին քաղաքական դերակատարների ու առաջնորդների անխոհեմ կեցվածքի հետեւանքով»: Թե հատկապես ո՞ւմ էր ակնարկում Արթուր Բաղդասարյանը՝ «Առավոտի» հետ զրույցում ՕԵԿ նախագահության անդամ Հովհաննես Մարգարյանը դժվարացավ հստակ պատասխանել. «Ելույթն ուղղված էր ընդհանուր քաղաքական դաշտին, իսկ քաղաքական դաշտում կան ուժեր, որոնք անհանդուրժողականություն են ցուցաբերում»: Հղում անելով ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի խոսքին՝ ասաց, որ պետք է փոխվենք, իշխանությունն էլ պետք է ինքնամաքրվի՝ մրցունակ եւ զարգացող երկիր կառուցելու համար: Իսկ պետական-իշխանական հնարավորություններն ի նպաստ պետք է դրվեն հասարակության համար անհրաժեշտ այդ փոփոխություններին հասնելու համար:
Համագումարին ներկա էին նաեւ կոալիցիոն ԲՀԿ ներկայացուցիչները: Գագիկ Ծառուկյանի ներկա չգտնվելը պարզաբանվեց նրա՝ հանրապետությունում չգտնվելով: Համագումարը պատվել էին նաեւ դաշնակցականներ Վահան Հովհաննիսյանն ու Հրայր Կարապետյանը: «Առավոտի» հարցին՝ ի՞նչ էիք զգում այն պահին, երբ Արթուր Բաղդասարյանը քննադատում էր ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների քաղաքական ուժերին՝ Հրայր Կարապետյանն ասաց. «Մտքիս մեջ ես էլ իրեն էի քննադատում»:
«Առավոտի» հարցին՝ արդյոք 2008-ի նախագահական ընտրություններից հետո ՕԵԿ-ի առջեւ պայմա՞ն էր դրված՝ անդամակցել կոալիցիային, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանն ասաց. «ՕԵԿ-ը կայացած քաղաքական ուժ է, ծանրակշիռ դերակատարում ունեցող եւ ոչ ոք չի կարող ՕԵԿ-ի հետ նախապայմաններով խոսել, մենք թույլ չենք տա, որովհետեւ մեր կռնակին վստահության քվե կա, ոչ թե կոպեկներով գնած ձայներ»: Դիտարկմանը՝ նկատի ունեք դահլիճում ներկա մարդկա՞նց, որոնց մեծամասնությունը ՕԵԿ-ական նախարարների ենթակայության տակ աշխատող գերատեսչությունների ներկայացուցիչներն են (համենայնդեպս, մեզ հետ զրույցներում շատերն այդպես ասացին), մեր զրուցակիցն արձագանքեց. «Սխալվում եք: Ի դեպ, այստեղ ներկա են միայն մեր մարզային կառույցների ներկայացուցիչները: Օրենքի պահանջն է, որ լուրջ, ոչ գրպանային կուսակցությունը ներկայացված լինի բոլոր մարզերում»: Ի դեպ, համագումարի ողջ ընթացքում ՄՀՀ-ի մուտքի եւ ելքի դռները փակ էին: «Մենք մեղք չունենք, կազմակերպիչներն են փակել»,- համագումարը լքել ցանկացողների հանդիմանանքից պաշտպանվում էին ՄՀՀ-ի աշխատակիցները: Համագումարը միաձայն վերընտրեց կուսակցության նախագահին եւ քաղխորհրդին: Վերջինս նաեւ համալրվեց երկու նոր անդամներով: