Լրահոս
Օրվա լրահոսը

Ծայրահեղականները սրում են իրավիճակը

Դեկտեմբեր 12,2009 00:00

Ծայրահեղ տրամադրված իսրայելցի վերաբնակեցվածները երեկ առավոտյան այրել են Հորդանան գետի ձախ ափին գտնվող մի մզկիթ: Հարձակումը տեղի է ունեցել Յուսուֆ գյուղակում՝ պաղեստինյան Նաբլուս քաղաքից հարավ: Վերաբնակեցվածները, որոնք ներխուժել են մզկիթ մինչեւ արեւածագ, այրել են գորգն ու գրադարանը, որը տեղակայված էր շինության երկրորդ հարկում: Հարձակումից հետո կրակից փրկված պատերին մնացել էին ծայրահեղական գրություններ՝ «Մենք ձեզ բոլորիդ կայրենք»:

Ի պատասխան այդ հրկիզման՝ Արեւմտյան ափին սկսվեցին զանգվածային անկարգություններ, որոնց ընթացքում պաղեստինցիները սկսել են քարկոծել իսրայելյան զինվորներին: Որպեսզի ամբոխը ցրեն՝ զինվորականները հատուկ միջոցներ են կիրառել, բայց ցուցարարների վրա կրակ չեն բացել: Անկարգությունների արդյունքում տուժել են մի իսրայելցի զինվոր եւ երկու տեղաբնակ:

Մզկիթի վրա հարձակումն արդեն իսկ դատապարտել են երկու կողմերի ղեկավարներն էլ: Իսրայելի պաշտպանության նախարար Եհուդ Բարաքը հայտարարել է, որ նման երեւույթները մեկ օրում կործանում են այն ամենը, ինչը տարիներով մշակվում է երկարատեւ բանակցային գործընթացներում: Իսկ պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը տեղի ունեցածն իր կողմից անվանել է «ստոր եւ անարժան հանցագործություն» եւ կոչ է արել Իսրայելին՝ «սանձել վայրենիներին»:

Վերաբնակեցվածների ագրեսիան կապված է Հորդանան գետի ձախ ափին իսրայելական բնակավայրերի կառուցմանը դադար տալու հետ: Դա միջազգային հանրության ներկայացուցիչների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պահանջն էր: Դիտորդների կարծիքով՝ Իսրայելի ակտիվությունը Ձախափին չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել