Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 12,2009 00:00

ՀԱՄԱ…ՆԵՐՎԵՑ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանի դատավճիռը:

Խոշոր չափերի գումարների վատնման, հարկերից «չարամտորեն խուսափելու» համար նա դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Նրանից՝ հօգուտ «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի, կբռնագանձվի 2,3 մլն դրամ գումար: Բանուչյանի նկատմամբ կիրառվեց համաներումը:

ՀՈՒՆԱՆՅԱՆՆ ԻՐ ՏԵՂՈՒՄ Է

Երեկ լուրեր էին շրջանառվում, որ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» մեկուսարանից «քրքաշ» վիճակով Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց են տեղափոխել «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանին: Երեկ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանե Մշեցյանը չհաստատեց շրջանառվող այդ լուրը, ասաց. «Ն. Հունանյանը որեւէ տեղ չի տեղափոխվել եւ գտնվում է իր տեղում»:

ԵՐԿՈՒՍԸ ԶՈՀՎԵԼ ԵՆ

Երեկ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ «Տոյոտա Լենդ Կրուիզեր» մակնիշի 13 ԼԼ 303 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Պատահարի հետեւանքով մեքենայի վարորդը՝ 27-ամյա Ա. Հակոբյանը եւ ուղեւորը՝ 36-ամյա Վ. Սաքանյանը տեղում զոհվել են, իսկ մյուս ուղեւորը՝ ՌԴ Կորոլյով քաղաքի բնակիչ, 30-ամյա Ս. Սարգսյանը տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել:

ԴԻԱԿ՝ ԱՅՐՎԱԾՔՆԵՐՈՎ

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ ահազանգ է ստացվել, թե Երեւանի Աբելյան 13/20 հասցեի բնակչուհին չի արձագանքում հեռախոսի ու դռան զանգերին: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 86-ամյա Լ. Աբրահամյանի դին՝ այրվածքների հետքերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել