Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԲ. ԳԵՎՈՐԳԸ՝ ԴԵՌ ԷՆ ԳԼԽԻՑ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՐ

Դեկտեմբեր 11,2009 00:00

Վերջերս ԶԼՄ-ներից ուրախությամբ տեղեկացա, որ Թբիլիսիում գտնվող Մուղնեցոց Սբ. Գեւորգ խոնարհված եկեղեցու վերականգնման վերաբերյալ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ: Ի դեպ, այդ եկեղեցուն նվիրված մի խաղ ունի հանճարեղ Սայաթ-Նովան: Խաղը սկսվում է «Հիմքըդ վերըստին նուրեցին» բառերով, այսինքն՝ Սայաթ-Նովան ականատես է եղել այդ եկեղեցու հիմքի հերթական վերանորոգմանը (1752 թվականին), մի բան, որ, ըստ իս, փաստում է, թե գրունտը, որի վրա կանգնած է եկեղեցին, երկրաբանաշինարարական պրոբլեմներ ունի:
Խաղում եկեղեցու վերաբերյալ այս եւ այլ տեղեկույթունները կարող են օգտակար լինել եկեղեցու վերականգնմանը եւ նախագծմանը մասնակցող մասնագետներին:
Ստորեւ ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում այդ գեղեցիկ խաղի իմ կատարած գեղարվեստական թարգմանությունը, քանզի օտարաբանություններով առատ բնագիրը կարող է դժվարություններ առաջացնել ընթերցողի մեջ:

Հիմքդ կրկին նորոգեցին, ճոխացրին, Մողնու սուրբ Գե՛ւորգ.
Քար ու կիրդ ոչխարի կաթ շաղ արին, Մողնու սուրբ Գե՛ւորգ.
Աջ ու ձախ բյուրեղյա ջահեր կախեցին, Մողնու սուրբ Գե՛ւորգ.
Երկնի լույսը վրադ կամար-թաղ արին, Մողնու սուրբ Գե՛ւորգ։

Պատերդ՝ կարմիր աղյուսով, սյուներդ՝ խաս մարմար քարով,
Հնդկաստանից բերված բեհեզ վարագույրդ՝ ոսկեկարով,
Թագերդ՝ անգին ակներով, զգեստդ՝ մետաքս-նկարով,
Բեմ ու խաչկալդ դրախտի բադ արին, Մողնու սուրբ Գեւորգ։

Վերնատունդ՝ սանդալ ծառից, երանգն է տորոնի նման.
Հոգով մարմնով կսրբվի, ով գա քեզ ծառայի նման.
Տապանակ ուխտի կտակով խորանդ Ահարոնի նման.
Միաբանքդ քաղցր ձայնով տաղ արին, Մողնու սուրբ Գե՛ւորգ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել