Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն տարի աշխարհում 70 հազար կին է մահանում աբորտից

Դեկտեմբեր 11,2009 00:00

Արիստոտելը կարծում էր, որ դադարեցնել հղիությունը՝ կարելի է մինչեւ այն պահը, քանի դեռ չեն ձեւավորվել «զգայունակությունը» եւ «շարժական ակտիվությունը»:

Աբորտի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ.թ. ա. 3-րդ հազարամյակի Չինաստանին: Այդ հնագույն ժամանակներում չինուհիներն իրենց հեշտոցի մեջ օձի թույնով խառնած մոխիր էին մտցնում: Չինական ժողովրդական բժշկությունը մինչեւ հիմա էլ հղիության ընդհատման համար օձի թույնով բազմաթիվ միջոցներ է օգտագործում: Աբորտի նկատմամբ վերաբերմունքը տարբեր է եղել՝ կախված ժամանակաշրջանից եւ երկրից: Հին Ասորեստանում աբորտի համար խիստ պատժում էին: Հին Հունաստանում աբորտին նորմալ էին վերաբերվում, դրա համար բուսական ծագում ունեցող դեղամիջոցներ էին օգտագործում: Հին Հռոմն իր սանձարձակ վարքով եւ սովորական դարձած օրգիաներով աբորտին հանգիստ էր վերաբերվում, բայց երբ կայսրությունը զինվորների պակաս սկսեց զգալ, աբորտն արգելվեց: Հռոմեացի կանայք պտղի հեռացման համար սովորաբար հասկաժանգ բույսն էին օգտագործում: Արդյունքը միշտ չէ, որ դրական էր լինում, շատ հաճախ՝ անպտղություն, իսկ երբեմն էլ ամեն ինչ մահով էր ավարտվում:
Բոլոր միաստվածային կրոնները միանշանակ բացասական վերաբերմունք ունեն աբորտի նկատմամբ: Մուսուլմանները եւ հրեաները կարծում են, որ պտուղը հոգին 40-րդ օրն է ձեռք բերում, քրիստոնյաների տեսակետով՝ հենց բեղմնավորման պահին: Միջնադարում աբորտը Եվրոպայում հավասարված էր սպանությանը եւ դաժանորեն պատժվում էր: Բոլոր «տատմայրերին», որոնք նման բան էին անում, խարույկի վրա էին այրում: 14-րդ դարում Գերմանիայում ոչ միայն «տատմորը», այլ նաեւ չկայացած մորն էին մահապատժի ենթարկում: Ռուսաստանում 1649թ. աբորտի համար նույնպես մահապատժի էին ենթարկում եւ միայն 100 տարի անց այդ գործողությունը դադարեցվեց:
Առաջին անգամ մասնագետների կողմից վիրաբուժական մեթոդով աբորտ կատարվել է 1750թ.: Եվրոպական բժիշկներն իրենց կարծիքը պաշտոնապես ասացին 1850 թ.՝ կողմ արտահայտվելով աբորտին: Իսկ Ամերիկյան բժշկական ասոցիացիան 1890 թ. արգելեց աբորտը: 20-րդ դարի սկզբից աբորտի ազատականացման համար ակտիվ պայքար սկսվեց: Առաջին պետությունը, որ պաշտոնապես օրինականացրեց այդ գործողությունը կատարելը, դա Խորհրդային Ռուսաստանն էր, բայց արդեն 1924-ից սկսեցին գործել աբորտային հանձնաժողովներ, որոնց թույլտվությամբ էր միայն աբորտ կատարվում: Երկրի կառավարությունը ստիպված էր որոշակի խստացման գնալ, քանի որ քաղաքացիական պատերազմի ժամանակ երկիրը մարդկային մեծ կորուստներ էր ունեցել: 20-րդ դարի երկրորդ կեսի էֆեկտիվ հակաբեղմնավորիչների հայտնվելով՝ դրությունը կտրուկ փոխվեց: Այժմ երկրների մի մասում աբորտը թույլատրվում է «խնդրանքի» հիման վրա, մյուս մասում՝ կնոջ ֆիզիկական եւ հոգեկան առողջության պահպանման համար: Որոշ երկրներում բռնաբարության եւ արյունապղծության դեպքում է միայն աբորտ կատարվում: Օրինակ՝ Կոլումբիայում աբորտը թույլատրվում է, եթե կինը հղիացել է բռնաբարության հետեւանքով, բայց այն բժիշկը, որը դա իրականացնում է, կաթողիկ եկեղեցու կողմից անեծքի է ենթարկվում:
Ռուսաստանում աբորտ անել թույլատրվում է կնոջ խնդրանքով՝ մինչեւ 12 շաբաթական հղիության դեպքում եւ 22 շաբաթականում՝ սոցիալական պատճառով. օրինական ամուսնու մահվան կամ գաղութում գտնվելու դեպքում: Անօրինական աբորտ իրականացնողին դատապարտում են մինչեւ 2 տարվա, իսկ կնոջ մահվան դեպքում՝ մինչեւ 5 տարվա ազատազրկման: venera18plus.com-ը նշում է, որ ամեն տարի աշխարհում 70 հազար կին է մահանում աբորտից:
Խորհրդային ժամանակներում հակաբեղմնավորիչները հասանելի չէին, այդ պատճառով ազգաբնակչության կողմից ընտանիքի պլանավորման հիմնական ձեւը մինչեւ այժմ էլ մնում է աբորտը: 1998 թ., օրինակ՝ Ռուսաստանում 1000 կնոջ հաշվարկով 61 աբորտ է եղել: Այդ թիվը 12 անգամ շատ է, քան Հոլանդիայում: Միջին հաշվով ամբողջ կյանքի ընթացքում կինը կատարում է 3-5 աբորտ, իսկ զարգացած երկրներում ամեն երկրորդ կինն է, որ դիմում է մեկ աբորտ կատարելու համար:
Վիժելու նպատակով երբեմն հորմոնային դեղամիջոցների մեծ չափաբաժին են խմում: Իսկ եթե «նպատակին» չեն հասնում, արատավոր երեխաներ են ծնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել