Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԵՄՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դեկտեմբեր 11,2009 00:00

\"\"Հայաստանում կանանց ֆուտբոլի ձեւավորված, կանոնավոր թիմեր գրեթե չկան, գոյություն չունեն: Բացառություն են կազմում, թերեւս, «Բանանց» ու «Քոլեջ» ակումբների աղջիկների թիմերը: Վերջինիս կարելի է համարել
կանանց ֆուտբոլի դրոշակակիրը Հայաստանում. ի վերջո, ազգային հավաքականի կորիզը հենց այս թիմն է:

Այսքանով հանդերձ՝ «Քոլեջն» իր սեփական խաղադաշտը չունի, որտեղ հնարավոր լիներ շատ թե քիչ նորմալ պարապել: Աղջիկները մարզվում են ծածկած դահլիճներում, «Բանանցի» խաղադաշտերում: Մեկ անգամ էլ նրանց հյուրընկալել են «Միկայի» դաշտերը: Ի դեպ, «Միկայի» հետ կապված, «Քոլեջը» լուրջ ակնկալիքներ ունի: Ինչպես հայտնեց «Քոլեջի» նախագահ Հրաչյա Գրիգորյանը, մոտ երկու ամիս առաջ իրենք դիմել են «Միկային»՝ մեկ դրոշի ներքո հանդես գալու առաջարկով: Ցանկությունը երկկողմանի է եղել, սակայն մինչ օրս «Միկայի» ղեկավարությունը հստակ պատասխան այդ առաջարկին դեռ չի տվել, առայժմ միակ արձագանքը միակ մարզման հնարավորությունն է «Միկա» մարզահամալիրում…
Աղջիկները մարզվում ու խաղում են «հասարակական հիմունքներով», ակումբն ինքն էլ «հասարակական հիմունքներով» է գոյատեւում… Բայց դրոշակակիր է, հաղթում է Հայաստանում անցկացվող աղջիկների ֆուտբոլի մրցաշարերում, որոնք իրենցով փոխարինում են Հայաստանի առաջնությանը: Հաղթում է ոչ մեծ ջանքեր թափելով, տարին 4 անգամ: Այս թիմը, առհասարակ, տարին 4- 8 հանդիպում է անցկացնում՝ հենց վերոնշյալ մրցաշարերի շրջանակներում: Մնացած ժամանակ աղջիկները հանդես են գալիս հավաքականների կազմում՝ միջազգային մրցաշարերում եւ Հայաստանի պատանեկան առաջնություններում, հաշվարկից դուրս մասնակցում են 1996-1997թթ. ծնված ֆուտբոլիստների առաջնությանը՝ մրցում տղաների հետ ու, կարծես թե, այնքան էլ վատ չեն մրցում, քանի որ հաշվարկային մասնակցության դեպքում տեղ կզբաղեցնեին մրցաշարային աղյուսակի միջնամասում:
«Մենք տաղանդավոր աղջիկ խաղացողներ ունենք, որոնք եվրոպական որեւէ ակումբում կարող են բավական լուրջ հաջողությունների հասնել: Համամիտ չեմ տարածված կարծիքին, թե կանանց ֆուտբոլ Հայաստանում չի կարող լինել, որովհետեւ դա հարիր չէ մեր հոգեկերտվածքին: Ես դրան չեմ հավատում: Ի՞նչ է, Ստամբուլի փողոցներում կամ Էմիրաթներում բիզնեսով կամ, ասենք, բասկետբոլով, բռնցքամարտով, ծանրամարտով զբաղվելու մենտալիտետը հայկական է, իսկ ֆուտբոլով զբաղվելու մենտալիտետը՝ ո՞չ: Այստեղ մենտալիտետից խոսելը անիմաստ է: Պատճառներն ավելի խորն են, իսկ դրանցից առավել կարեւորներն են պետական մոտեցման ու ադմինիստրատիվ կամքի բացակայությունը»,- փաստում է Հրաչյա Գրիգորյանը: ՀՖՖ-ի այն մոտեցմանն էլ, թե առաջին հերթին պետք է ՈՒԵՖԱ-ն պարտադրի ակումբներին՝ կանանց թիմեր ունենալ, մեր զրուցակիցը քմծիծաղ է տալիս. «Այսինքն, նույն տրամաբանությամբ ենթադրում ենք, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիա՞ն պիտի պայմաններ ու պարտադրանքներ առաջադրեր, որպեսզի Հայաստանում այդ մարզաձեւը զարգանար… Դա աբսուրդ է: ՈՒԵՖԱ-ն առանձնացնում է որոշակի գումար՝ ուղղված ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի զարգացմանը: Որոշակի ֆիքսված գումար է տրամադրում նաեւ ՖԻՖԱ-ն, սակայն այդ գումարները բավարարում են միայն հավաքականները պահելուն»: Նա նաեւ նշում է, որ եթե մենք հույսեր ունենք, թե աղջիկների ֆուտբոլը զարգանա, ապա միայն ազգային հավաքականի տեսքով՝ հնարավոր չէ. «Հավաքականն ուժեղ է, երբ ուժեղ են ակումբները: Դա ֆուտբոլային աքսիոմներից մեկն է: Բայց կա մի պարադոքս. ակումբները պետք է առհասարակ գոյություն ունենան՝ ուժեղ կամ թույլ լինելու համար: Իսկ այդ պայմանը դեռեւս բավարարված չէ մեր ֆուտբոլային հավասարման մեջ»: Կա «Քոլեջը», որտեղ աղջիկները հասարակական հիմունքներով են խաղում, կա քիչ ավելի լավ կազմակերպված «Բանանցը»: Կան «երկրորդ էշելոնի» մի քանի թիմեր, որոնք, պարզապես, հանդես են գալիս «սեզոնային» մրցաշարերում, ունենում են թիթեռի կյանք: Ու անգամ այդ դեպքում երբեմն-երբեմն հավաքականներ են գործուղում ֆուտբոլիստուհիների: Պատճառը, ըստ Հրաչյա Գրիգորյանի, այն է, որ մեզ մոտ հավաքականը համալրվում է «Աղջիկ ջան, ֆուտբոլ խաղալ սիրո՞ւմ ես: Այո՞: Դու հրավիրված ես հավաքական» սկզբունքով: Բնական է, որ իրերի նման դասավորվածության պարագայում խաղադաշտում կգրանցվեն մեր երկնիշ ու չոր հաշիվներով պարտությունները: Բնական է, որ հետքայլ կգրանցվի ու ժամանակին իտալացիներից բաց թողած 3 գնդակներն այսօր արդեն 8-ը կդառնան: Ելքը ստեղծված իրավիճակից «Քոլեջի» նախագահը տեսնում է աղջիկների թիմերի միջեւ մրցակցության ուժեղացման մեջ, ինչը կնպաստի ընտրության հնարավորության մեծացմանը: Իսկ դրա արտահայտումն էլ պիտի լինի աղջիկների ակումբային ֆուտբոլի զարգացումը. «Աղջիկների ֆուտբոլը պետք է ներկայացված լինի ակումբներում՝ գոնե նրանցում, որոնք ակնկալում են մասնակցել եվրոգավաթներին, որոնք ունեն խաղադաշտեր ու հնարավորություն»: Նման ակումբները, ըստ պարոն Գրիգորյանի, Հայաստանում 4-ն են: Պարտադրանքների համակարգն այստեղ անզոր է. ինչպե՞ս իր տղամարդկանց թիմի գոյությունը հազիվ ծայրը-ծայրին հասցնող «Շիրակին» պարտադրել նաեւ աղջիկների թիմ պահել: Դա կնշանակի այսօրվա հայկական ֆուտբոլի վերջը:
ՀՖՖ-ն, ըստ Հ. Գրիգորյանի, իհարկե, որոշակի աշխատանք կատարում է: Օրինակ, վերջին 2 տարիներին ֆեդերացիան հնարավորություն է ստեղծել՝ վարձատրել այն մարզիչներին, ովքեր ցանկություն կհայտնեն աշխատել կանանց թիմերի հետ: «Սակայն դա ոչ միայն քիչ է, այլեւ՝ անարդյունավետ: Գուցե կազմակերպչական այս ձեւը սկզբում պիտանի էր, սակայն որպես երկարաժամկետ գործընթաց՝ այն զորեղ չէ ու արդյունքում նորից հետընթացի կբերի»,- ասում է «Քոլեջի» նախագահը, որը ժամանակին ՀՖՖ-ում, որպես կամավոր, կանանց ֆուտբոլի բաժնի պետն էր: Բացի այդ, ֆեդերացիան այսօր մատների արանքով է նայում աղջիկների ֆուտբոլի հիմնահարցին: Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ աղջիկների ու կանանց երեք հավաքականները գլխավորում է մեկ անձնավորություն: Եվ դա այն դեպքում, որ հաճախ միջազգային հանդիպումների օրերը խաչվում են: Ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ նախախաղային ուսումնամարզական հավաքներին լավագույն դեպքում տրամադրվում է միայն 2 օր, մինչդեռ, տղամարդկանց ֆուտբոլում գործում է նվազագույնը մեկ շաբաթ ժամանակացույցը:
Հավաքներն անհրաժեշտ են, եւ ոչ միայն տակտիկական սխեմաների կիրառման հարցը քննարկելու համար: «Ուսումնամարզական հավաքները պետք է ավելի երկար լինեն, աղջիկներին պետք է ապահովել սննդով, որպեսզի նրանք ուժ հավաքեն, հյուծվածությունը վերանա, չուշաթափվեն խաղադաշտում»,- ցավով նշում է Հրաչյա Գրիգորյանը… Ու ավելի խորը ցավ է զգում, երբ խոսում է այն մասին, թե ինչպես են աղջիկները մարզումներին «օրումեջ» գալիս՝ տրանսպորտի գումար չունենալու պատճառով: Նա ողբերգություն է համարում, որ Հայաստանի լավագույն հարձակվող աղջիկը ֆուտբոլն ուզում է թողնել… խանութում վաճառողուհի աշխատելու համար, որովհետեւ այնտեղ 90 հազար դրամ են վարձատրում, իսկ ֆուտբոլը սոված է թողնում: Սա է այսօր Հայաստանում կանանց ֆուտբոլի իրական դեմքը, որին անտեղյակ լինելով՝ մենք ամոթանք ենք տալիս ու պիտակներ կպցնում հերթական պարտությունից հետո: Մինչդեռ, պարզապես, աջակցել է անհրաժեշտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել