Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտաժողով եւ մտահոգություններ

Դեկտեմբեր 11,2009 00:00

Մտավորականները դժգոհում են

Հ. Թումանյանի ծննդյան 140-ամյակի շրջանակում երեկ գրողի թանգարանում տեղի ունեցավ երիտասարդ թումանյանագետների առաջին գիտաժողովը: Տարբեր բուհերի ութ ուսանողներ ներկայացրին Թումանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող ուսումնասիրություններ, որոնցում քիչ չէին նաեւ նոր բացահայտումները: ԵՊՀ մագիստրոս Անի Եղիազարյանը, անդրադառնալով բանաստեղծի՝ 1921-1923 թթ. գրական գործունեությանը՝ ներկայացրեց «Թումանյանի ավանդը «Հայարտան» կազմակերպման գործում» զեկուցումը, որը, ըստ հեղինակի, մինչ այժմ թումանյանագետների կողմից ուշադրութան չի արժանացել: Այդ շրջանում Թիֆլիսում գործող մշակութային «Հայարտուն» կենտրոնը, որը համախմբում էր մշակութային գործիչներին, Թումանյանի շնորհիվ իր ճյուղերն է ունեցել նաեւ Պոլսում, Բաքվում ու Մոսկվայում: Ռուզաննա Գալստյանը փորձել էր ներկայացնել, թե  որքանով է Թումանյանի «Թմկաբերդի առումը» ճիշտ ներկայացված անգլալեզու ընթերցողին: Պոեմն ունի մի քանի թարգմանություններ՝ արված Դորիան Ռոտենբերգի, Մախուլյանի եւ Միշա Գուտյանի կողմից: Ուսումնասիրության համաձայն՝ թարգմանություններում կան մի շարք վրիպումներ ու թյուրընկալումներ: Օրինակ՝ Թմկա տիրուհին իշխան Թաթուլի մասին ասում է, որ «բարձր եւ ազնիվ տղամարդ է», իսկ Դորիան Ռոտենբերգի ու Միշա Գուտյանի մոտ բարձրը թարգմանվել է բարձրահասակ, այնինչ՝ Թումանյանը նկատի ուներ Թաթուլի վեհ արժանիքները: 
ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի «Թանգարանային գործ» բաժնի 3-րդ կուրսի ուսանող, 12 տարեկանում Ջրառատ թաղամասի պատմության թանգարանը հիմնադրած Արմեն Այվազյանը «Նոր բացահայտումներ Թումանյանի 1921 թվականի հասարակական գործունեությունից» զեկուցմամբ ներկայացնում է Ջրառատի տարեցներից գրի առած պատմությունները, ըստ որոնց. «Եղբայրասպան կռվին վերջ դնելու համար Թումանյանը մասնակցել է  1921 թվականի փետրվարին դաշնակցականների՝ բոլշեւիկների դեմ ապստամբությանը եւ քաղաքացիական պատերազմին, այն ժամանակ, երբ հայը կռվում էր հայի դեմ: Գրողը Թիֆլիսից Երեւան գալու ճանապարհին 2 օր իջեւանում է Ջրառատում»: Գիտաժողովին ներկա Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը եւ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, անդրադառնալով օրեր առաջ Թումանյանին նվիրված հոբելյանական երեկոյին, իրենց դժգոհություններն արտահայտեցին կազմակերպումից: Այդ առիթով Ն. Թուխիկյանը նամակ է գրել ՀՀ մշակույթի նախարարին՝ հայտնելով, որ կառավարության հատկացրած գումարներն ավելի լավ կլիներ մի որբ երեխայի տրամադրել, այդպես ավելի կհարգեին Թումանյանին, քան այն, ինչ կազմակերպվեց իբր ի մեծարումն Թումանյանի. «Դա թյուրիմացություն էր, ու բառերով չես կարող նկարագրել: Այդ աստիճան անճաշակություն, անտաղանդություն՝ անհնար էր պատկերացնել»: Լ. Անանյանն էլ, ընդհատելով տիկին Թուխիկյանին, հայտնեց, որ մշակույթի նախարարն ինքը համերգի փորձին անգամ 5 րոպե չի դիմացել. «Եթե նա (մշակույթի նախարարը- Լ. Խ.) չի դիմացել, մենք ինչպե՞ս դիմանայինք: Նույնը նաեւ Աբովյանին նվիրված երեկոն էր, տեսնենք Վարուժանի գլխի՞ն ինչ կսարքեն՝ նրա 125-ամյակի առիթով»:
Ավիկ Իսահակյանը եւս իր վրդովմունքն արտահայտեց համերգի առիթով: Նա անդրադարձավ նաեւ «Հայ TV»-ով եթեր հեռարձակվող «Մենք հայ ենք» ծրագրին: Նշենք, որ 3 ամսվա քվեարկությունից հետո 180 թեկնածուներից 12-ին ընտրել են հայ ժողովրդի պարծանք ու հպարտություն: «Զարմանալի է, ինչպե՞ս կարող է Թումանյան չլինել նրանց թվում»:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել