Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ու «Եվրատեսիլը»

Դեկտեմբեր 11,2009 00:00

«Հ1»-ի համար ընդունելի չէ բրիտանացիների հաջողված փորձը

Նորվեգիայում 2010թ. կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային հեռուստամրցույթի շուրջ կուլիսային կրքերը եռում են նաեւ Հայաստանում: Ինտերնետային ֆորումները հեղեղված են հեռուստամրցույթի մասին կարծիքներով, առաջարկություններով, կասկածներով ու կանխատեսումներով: Տարբեր կայքերի հայ այցելուների ուշադրությունը սեւեռված է «Հ1»-ի հնարավոր քայլերի վրա, քանի որ «Եվրատեսիլը» նախեւառաջ հանրայինների մենաշնորհն է:
Փաստենք, որ, ցավոք, Հայաստանում ավելի շատ ոչ թե երգերն են քննարկվում, այլ երգիչները: Նշանակում է, ի սկզբանե, արդեն իսկ խախտված է ընդունված ձեւաչափը, որովհետեւ մրցույթի ամենակարեւոր պայմանը երգի օբյեկտիվ ընտրությունն է հանրության կողմից: Արդեն շրջանառվում են Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնել ցանկացողների անունները՝ Ռազմիկ Ամյան, Էմմի, Մհեր, «Բամբիռ» ռոք խումբ եւ ընդամենը մեկ՝ Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ» երգի տեսահոլովակով հանդես եկած Էվա Ռիվասը: Վերջինիս «տանիքը», ըստ շոու-բիզնեսի «կուլուարներում» պտտվող լուրերի, ոչ ավել, ոչ պակաս՝ հայտնի «Տաշիր» ընկերությունն է:
«Եվրատեսիլի» հայաստանյան եւ «Հ1»-ի արտաքին կապերի պատասխանատու Դիանա Մնացականյանը վերջերս կայացած ասուլիսում պնդում էր, թե Հայաստանը դեռ չի տվել «Եվրատեսիլին» մասնակցելու իր համաձայնությունը. «Քանի դեռ Ադրբեջանը չի լուծել մեզ հետ կապված պրոբլեմները»: «Առավոտի» հետ ունեցած հեռախոսազրույցում, սակայն, նա հերքեց իր կողմից արտահայտած այդ միտքը: Հետո հայտնեց, որ դեռ վաղ է խոսել «Եվրատեսիլի» մեր մասնակցի մասին, քանի որ «Հ1»-ը ընտրության գործընթացի սկիզբը կդնի դեկտեմբերի 15-ից հետո, երբ հայտերը ներկայացված կլինեն: Կուզենայինք հավատալ նրա այս հավաստիացումներին, եթե չլիներ մրցույթի շուրջ ստեղծված աժիոտաժը: Ասում են, անգամ տաբու է դրված որոշ կատարողների համար երգ գրողների առաջ: Ասում են, նման իրավիճակում է հայտնվել նաեւ Հարութ Դեր-Հովան, որը արդեն հանձին Սիրուշոյի «Քելե-քելեի», «եվրատեսիլյան» փորձ ունի:
Նկատենք, որ 2008-ին Մեծ Բրիտանիայում հետաքրքիր նախադեպ է ստեղծվել. հանրության հավանությանն արժանացած երգը առաջարկվել է «Եվրատեսիլին» մասնակցելու ցանկություն հայտնած բոլոր երգիչներին եւ կատարումներից ընտրվել ամենահաջողվածը: Խոսքը աշխարհահռչակ կոմպոզիտոր, «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք-օպերայի, «Կատուներ» մյուզիքլի հեղինակ Էնդրյու Լլոյդ Վեբերի «Even if» ստեղծագործության մասին է: Մեր այս դիտարկմանն ի պատասխան, Դ. Մնացականյանն ասաց. «Երգչին չի կարելի պարտադրել, թող յուրաքանչյուրը ներկայացնի իր նախընտրած երգը, իսկ ժյուրին եւ հեռուստալսարանը 50:50 հարաբերակցությամբ կատարեն ընտրություն»: Մեր կարծիքով, անգլիացիների փորձը կարող էր լավ օրինակ ծառայել հայաստանցիներիս համար, ինչն էլ կստիպեր վերջ դնել երգիչների անունների շուրջ բարձրացվող ավելորդ աղմուկին:
Դ. Մնացականյանը «ուշագրավ» բացատրություն տվեց նաեւ մեր այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցում նաեւ դասական երաժշտության «եվրատեսիլներին»: «Ցավոք, Եվրոպայում դասական արվեստի հանդեպ պահանջարկն այդքան էլ մեծ չէ, ինչի պատճառով էլ դասական երաժշտության մրցույթները կազմակերպվում են երկու-երեք տարին մեկ: Ինչ վերաբերում է Հանրայինի մասնակցությանը, ապա, ելնելով համաշխարհային ֆինանսական ճգնաժամից, նշեմ, որ «Հ1»-ի բյուջեն իր լավագույն օրերը չի ապրում»,- պարզաբանեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել