Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՊԱՏՎԵՐԸ ՆՈՐԻ՞Ց ԱՆՎԱՆԻՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 11,2009 00:00

Ոչ այնքան հաջողված ներկայացում՝ ամեն ինչի եւ ոչնչի մասին

\"\"

Դեկտեմբերի 9-ին եւ 10-ին Համազգային թատրոնում կայացավ ռեժիսոր Տիգրան Գեւորգյանի «Չինական պարիսպ կամ Կարմեն» բեմադրության պրեմիերան՝ ըստ Ռուբեն Հովսեփյանի պիեսի, դերերում՝ Լեւոն Ղազարյան, Արսինե Նավասարդյան, Անի Ղազարյան:
Դեկտեմբերի 9-ին դահլիճում ներկա էր նաեւ հեղինակը՝ ճանաչված գրող, հրապարակախոս, թարգմանիչ ու սցենարիստ Ռուբեն Հովսեփյանը: Ու նրա կուսակցական պատկանելությամբ պայմանավորված՝ դահլիճը լիքն էր խոշոր ու մանր «տրամաչափի» դաշնակցականներով: Այն, որ Ռուբեն Հովսեփյանը ստեղծագործական հարուստ եւ արժեքավոր ժառանգություն ունի, ոչ ոք չի վիճարկում, բայց պիտի նաեւ փաստել, որ նրա՝ բեմադրության վերածված այս գործն առանձնապես ուժեղ չէր, ուղղակի նա պետպատվեր էր «կպցրել», թատրոնն էլ չէր հրաժարվել թեկուզ «դրսի» ռեժիսորի ձեռքով այն կյանքի կոչել: Նյութում միանգամից մի քանի խնդիր էր բարձրացվում՝ կնոջ, կենդանիների պաշտպանության, աշխարհից իրենց մասնավոր սեփականությունը պարիսպով անջատած օլիգարխ պատգամավորի… Այս ամենին գումարած՝ նաեւ պաշտոնաթող գնդապետը, սկյուռիկին գրկում խեղդած նուրբ հոգով ազերին ու ոչ ավելի, ոչ պակաս՝ Սասունցի Դավիթը… Ինչպես հայտնի անեկդոտում՝ Վարդան Մամիկոնյանն ու Վինի թուխը… Ի վերջո, պարզ չէր, թե ի՞նչ էին իրարից ուզում նույն հանգստյան տանը հանդիպած տիկինն (Արսինե Նավասարդյան) ու գնդապետը (Լեւոն Ղազարյան), ինչո՞ւ էին բանավիճում: Ռեժիսուրայի առումով էլ բեմադրությունը թույլ էր: Ներկայացման հատկապես առաջին մասը անչափ տաղտկալի էր, դինամիկա չկար: Հերոսներից սպասուհին (Անի Ղազարյան), բնականաբար՝ ռեժիսորի մեղքով, շուրջ 20 րոպե պարապ նստած էր բեմում ու հետեւում էր, թե ինչպես են կռվում հանգստյան տան այցելու տիկինն ու պարոնը: Ի դեպ՝ վերջիններիս մասին. ներկայացման սկզբում Լ. Ղազարյանն ու Ա. Նավասարդյանը «Հարեւանները» հեռուստասերիալում իրենց մարմնավորած Ժոժոյի ու Լիդայի կերպարներում էին մնացել, չնայած Լ. Ղազարյանի դերասանական տաղանդը շատերին է հայտնի: Ա. Նավասարդյանը բեմում անկեղծ չէր, չնայած ճգնում էր համոզել, որ ամեն կնոջ մեջ էլ Կարմեն կա, ուղղակի ոմանք թույլ չեն տալիս ներսում եղած ըմբոստությանը գլուխ բարձրացնել: Նրա խաղից տպավորություն ստացանք, որ ուղղակի ցնծում էր իրեն վստահված դերի համար եւ վայելում այն խաղալու հաճույքը: Իհարկե, «բրավոներ» էլ հնչեցին, Ա. Նավասարդյանն էլ պրիմադոննայի կեցվածքով ձեռքերը լայն տարածած դուրս եկավ հանդիսատեսին ողջունելու, բայց, միեւնույն է, ներկայացման մեջ նա չփայլեց:
Նման ներկայացումներից հետո կրկին զարմանում ես մշակույթի նախարարության պետպատվերի տրամաբանության վրա: Ինչո՞ւ պիտի գրեթե միշտ լծակներ ունեցող անվանիները օգտվեն դրանից ու երիտասարդ շնորհալի որոշ բեմադրիչներ հայտնվեն «լուսանցքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել