Ռազմիկ Համբարձումյան:
Բանջարեղենի կրպակ:
Սարգիս Վարդանյան:
Նոր Արեշի N50 փողոց հասա: Տարեց մի մարդ տան մուտքի մոտ մայթն էր ավլում տերեւներից:
– Ուրեմն ամեն օր պիտի ավլե՞ք, քանի որ ամեն օր էլ տերեւներ են թափվում,- խոսք բացեցի ես:
– Էսպես հանգստանում եմ: Ուղղակի օգտակար զբաղմունք է:
– Արեշի հին բնակիչ եք երեւում:
– Հա, 1948 թվականից, Ռազմիկ Համբարձումյան, երեք տարեկան էի, երբ մերոնք Անի-Պեմզայից Երեւան տեղափոխվեցին: Մերոնք Կարսից են 1915-ին Շիրակ գաղթել:
Ներկայացա ու բացատրեցի զրույցի բռնվելու նպատակս:
– Մեծ սիրով, քանի որ ես ձեզ ճանաչում եմ: Համեցեք, տուն մտնենք, կարծում եմ, որ խոսելու բան կունենանք:
Աստիճաններով երկրորդ հարկ բարձրացանք:
– Ես Էրեբունի թանգարանից եմ գալիս:
– Հա՞, կինս թանգարանի տնտեսագետն է: Ինքս օդաչուական ուսումնարանն եմ ավարտել, հետո Կիեւի ավիացիոն ինստիտուտը: 1966 թվականից մինչեւ 1997 թվականը մոտ 12 հազար ժամ թռիչքներ եմ գործել խորհրդային ու միջազգային ամենատարբեր ավիագծերում:
– Ի՞նչ ինքնաթիռներ էին դրանք:
– ԱՆ-2, ՅԱԿ-40, ՏՈՒ-154:
– Հետաքրքիր դեպքեր, պատահարներ հիշո՞ւմ ես օդաչուական կյանքից:
– Սովորական ու նորմալ թռիչքներ էին: Ոչ մի արտառոց դեպք չի պատահել: Եթե որեւէ արտառոց դեպք պատմեմ, ուրեմն հորինում եմ: Կուզե՞ս այդպես:
– Չէ, ընթերցողներս էլ չեն հավատա: Հիմա կարոտո՞ւմ ես օդը, վերեւից աշխարհին նայելը:
– 31 տարի թռիչքների մեջ եմ եղել, օդանավի հռնդյուն լսելիս սիրտս կարոտից կծկվում է: Հիմա երազում եմ թռչում: Օդաչու ընկերներիս եմ հիշում: Ղեկավարներ շատ ենք ունեցել, բայց Դմիտրի Ատբաշյանի պես տաղանդավոր ղեկավար չեմ հանդիպել: Հիմա օդակայանի տարածք մտնել չեն թողնում: Կարծես թե չենք էլ եղել: Վետերանների նկատմամբ ոչ մի հարգանք չկա: Դպրոցական դասարանում 41 աշակերտ էինք, հիմա ոչ ոք չկա, ցրվել են աշխարհով մեկ կամ այլեւս չկան: Նրանց էլ եմ կարոտում:
– Նոր Արեշը hետաքրքիր թաղամաս է, չէ՞:
– Առաջվա մթնոլորտը թաղամասում ավելի բարի էր: Ճիշտ է, մարդիկ վատ էին ապրում, բայց իրար նկատմամբ ջերմություն, սրտացավություն կար, իրար հարգում էին: Իհարկե, բացասական երեւույթներ էլ կային: 60-ականներին հանցագործության դեմ պայքարելու համար «գվարդիաներ» ստեղծեցին, որոնք հանցագործ խմբերի վերածվեցին, հետո դրանց ակտիվիստներին պաշտոններ տվեցին՝ գործկոմի նախագահներ, շրջկոմի քարտուղարներ…
– Ուզում եք ասել՝ այսօրվա շեղումները, կոռուպցիան դրա հետեւանքնե՞րն են: Իսկ թաղամասում ի՞նչ հետաքրքիր մարդ կա: Հանդիպելու, զրուցելու իմաստով եմ ասում:
– Տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի ղեկավար է ապրում թաղամասում: Նա երեւի շատ բան պատմի:
– Չէ, կոռումպացված հիմնարկի աշխատողներին չեմ վստահում:
– Դե, ամենանշանավորը մեր թաղում Փայլակն էր, նախկին թաղապետ Մհերը…
– Պարոն Համբարձումյան, տղաներդ ի՞նչ են անում, աշխատանք ունե՞ն:
– Չէ, չունեն: Երկուսն էլ բարձրագույն են ավարտել:
– Մեր թաղում համարյա բոլոր երիտասարդները անգործ են,- ասաց կրտսեր որդին՝ Հայկը,- ինքս մի քանի անգամ հայտարարությունով գնացել եմ, ասում են՝ գնա, կզանգենք: Ոչ էլ կանչում են:
– Իսկ որեւէ գործ ձեռնարկել չե՞ք կարող:
– Բանկերում շատ բարձր տոկոսադրույքով են գումար տալիս: Մարելն անհնար է: Ով վերցրել է՝ տակ է տվել: Տունը գրավ դնողն էլ տունն է կորցրել: Դրանք ծուղակներ են: Միջին բիզնեսի ոչ մի հնարավորություն չկա: Իսկ ով բիզնես ունի ներդրած, ուրեմն նրա թիկունքում բարձրաստիճան պաշտոնյա կա կամ հենց այդ պաշտոնյայինն է: Այլ կերպ կհոշոտեն:
Դուրս եկա ու ավտոպահեստամասերի խանութ մտա: Տնօրենը՝ Արմո Թումանյանը 25-ամյա երիտասարդ էր:
– Չէ, չէ, թերթի համար զրուցել չեմ ուզում,- ասաց նա:
– Լավ, թերթում չես ուզում երեւալ, զրուցել է՞լ չես ուզում: Գործերը լա՞վ են գնում: Տեսնում եմ՝ ռուսական մեքենաների ամեն մաս ունեք: Խանութն արդարացնո՞ւմ է իրեն:
– Չէ, հիմա դժվարացել է: Առեւտուրը կանգ է առել: Ինքս երկու տարի առաջ եմ Ռուսաստանից վերադարձել:
– Ի՞նչ էիր անում այնտեղ:
– Ասֆալտի գործ: Հայերը Մոսկվայում ասֆալտ են փռում կամ կռունկավար են աշխատում: Հիմա այդ գործն էլ լավ չի գնում: Իսկ այստեղ տարին վնասով ենք փակում:
Քիչ անց եկավ գործընկերը՝ Արայիկ Հակոբյանը:
– Ահավոր թանկություն է գալիս,- ասաց նա,- ընդհանրապես, առեւտուրը կանգ կառնի: Շատերը կանգնեցնում են մեքենան, պահեստամաս չեն գնելու: Ինչ ասեմ, մի կերպ ենք ծայրը ծայրին հասցնում: Երկրի տնտեսությունն էլ է այդպիսին. մի կերպ: Էս կողմի ժողովուրդը քաղաքի կենտրոնի համեմատ ընկճված է, լավ չի ապրում:
Դեպի մայթ բացվող բանջարեղենի երկու հարեւան կրպակ կար: Առաջին կրպակի մոտ երկու կին նստած՝ փողոցի անցորդներին էին հետեւում:
– Գոնե մի թաղ հեռու բացեին,- բողոքեց հին կրպակի տերը՝ Հասմիկ Մանուկյանը,- աղջիկս առավոտ շուտ գնում է մեծածախ առեւտրի կետից միրգ ու բանջարեղեն բերում, բայց արի ու տես, որ էսօր ոչինչ չեն գնել: Հաճախորդիս այդ նոր եկածները խլեցին:
– Գուցե ավելի էժան են վաճառում,- ասացի ես:
– Նույն կենտրոնից են բերում, ո՞նց կարող են էժան վաճառել: Ախր չորս կողմից ուզում են: Թոռներիս համար դպրոցական ծախսերը անընդհատ աճում են, որը հասցնենք, որը թողնենք…
Հասմիկի զրուցակիցը, որը արեւածաղկի սերմ (չրթոն) էր վաճառում, ասաց.
– Ութսուն տարեկան կին եմ, հիմա մենակ եմ ապրում, տղաս Ռուսաստանում է, չի կարողանում օգնել, դե, հիմա ո՞ւմ տղան է օգնում, որ իմն օգնի, աղջիկս էլ իր ընտանիքն ու հոգսերն ունի: Առավոտից ցրտին նստած՝ մի բաժակ սերմ չեմ ծախել:
– Այստեղ չե՞ն չրթում:
– Ո՞նց չէ, բայց խանութի սերմն են առնում: Հեռուստատեսությամբ հայտնեցին, որ թոշակները չեն ավելացնելու: Քսան հազար դրամ թոշակ եմ ստանում: Հազիվ հացին է հերիքում:
– Ինչո՞ւ է թոշակդ քիչ:
– Ողջ կյանքում աշխատել եմ, հավաքարար եմ աշխատել: Իննսուն ռուբլի աշխատավարձով երեխեք եմ պահել:
– Տունդ ինչպե՞ս ես տաքացնում: Վառարան, փայտ ունե՞ս:
– Կարտոն եմ հավաքում, վառում…
– Անունդ կասե՞ս, մայրիկ:
– Չէ, չէ, ինչի՞դ է պետք անունս: Ուզում ես սերմ ծախելու տեղի՞ց էլ քշել ինձ:
Հանեցի լուսանկարչական խցիկը, որ լուսանկարեմ: Բանջարեղեն ու չրթոն վաճառող կանայք, տեսնելով իրենց կողմն ուղղված օբյեկտիվը, թեքեցին գլուխներն ու պատի ետեւն անցան:
Նորաբաց սուպերմարկետի տիրուհին, որը երիտասարդ կին էր, իր հերթին շատ կոպիտ պատասխանելով հրաժարվեց զրուցել ինձ հետ: Իսկ դիմացի պանդոկի տերը խնդրեց տասը օր հետո գալ, քանի որ վերանորոգումը դեռ չի ավարտել, հիմա էլ շտապ շինանյութի ետեւից է գնալու:
Շարունակեցի քայլել, մտածելով, որ լիճը դեռ շատ է հեռու: Այդ ընթացքում նկատեցի, որ կարմիր բլուզով մի տղամարդ պատ շարելով էր զբաղված:
– Լրագրող եմ,- ասացի ես,- կուզենայի զրուցել ձեզ հետ:
– Խնդրեմ, պտտեք, դարպասով ներս անցեք:
– Ինձ հետաքրքրում է, թե ոնց եք ապրում:
– Է՜, ի՞նչ ասեմ, եթե մեկի էշը եղար, կզռռաս, եթե չեղար, չես զռռա…
– Էդ հո Գյումրվա խոսքի է նման,- ասացի ես, որսալով Գյումրիի երանգը:
– Լենինականի թիվ 17 ու 23 դպրոցներում մաթեմատիկա ու ֆիզիկա եմ դասավանդել, Սարգիս Վարդանյան, 17 տարվա մանկավարժ եմ:
– Հիմա աշխատո՞ւմ եք:
– Չէ, 88-ի աղետից հետո ոչ մի տեղ չհաջողվեց աշխատանքի մտնել: Նույնիսկ փորձեցի վարորդ աշխատել, չհաջողվեց: Եթե երկիրը կարգավորվի, ես էլ կկարգավորվեմ: Բայց դեռ կարգավորման ծայրը չի երեւում:
Երկու հոգի հնամաշ «Ռաֆ» մեքենայի մոտ նարդի էին խաղում: Զառերը գցում էին փոքրիկ բաժակների մեջ, թափ տալիս ու նետում:
– Ինչ վատ ոտ ունես,- առանց ինձ նայելու դժգոհեց տարեց մարդը,- հենց եկար՝ զառս չբերեց: Դե արի ու խաղա, ճամփեքս փակեց էս ընկերը:
– Ընկերն ի՞նչ կապ ունի զառիդ հետ,- ասաց ախոյանը:
– Բայց խաղը տանում ես,- դժգոհողին դիմեցի ես:
Չալպտուրիկ մի շուն կաղալով եկավ, նստեց նարդի խաղացողների մոտ:
– Խեղճ շուն,- ասացի ես:
Շան ոտքը ջարդված ու ետ էր ծալված:
– Մեր տան պահակն է,- ասաց տարեց մարդը,- երեք անգամ ավտոյի տակ է ընկել: Բայց այս տարի ինը ձագ է լույս աշխարհ բերել:
– Ո՞ւր են ձագերը:
– Մեծացել են, ցրվել քաղաքով մեկ:
– Քանի՞ տարվա մեքենա է, – դիմեցի ես:
– Երեսունհինգ տարվա մեքենա է,- պատասխանեց Սիմոն Հովհաննիսյանը:
– Ու երեւի ամեն օր նորոգում ես:
– Հա, համարյա ամեն օր… Եթե պատվեր է լինում, ավազ, ցեմենտ եմ տեղափոխում:
– Երեխաներդ ի՞նչ են անում:
– Ռուսաստանում են, իրենց մի կերպ են պահում:
– Չե՞ն ուզում վերադառնալ:
– Հայաստա՞ն, անգործ էին, գան նորի՞ց անգործ մնան:
– Կարողանո՞ւմ են օգնել:
– Լավ է, որ ինձնից օգնություն չեն խնդրում:
– Դո՞ւք ինչով եք զբաղվում,- դիմեցի Սիմոնի խաղընկերոջը՝ Ռուզվելտ Սիմոնյանին:
– Ես ձեզ ճանաչում եմ, լրագրող եք, չէ՞,- ասաց նա,- գերեզմանոցի արհեստանոցում եմ աշխատում: Մերը սեզոնային աշխատանք է: Հիմա հանգիստ ենք, ամռանը նորից կսկսվեն պատվերները: Դե, գիտես, մեր գործը միշտ էլ կա, ճգնաժամի հետ կապ չունի:
– Հա, իհարկե,- ասացի ես: