Երեկ ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Մարդու իրավունքների միջազգային օրվան: Դեսպան Մարի Յովանովիչը «Հայաստանի ազատության պաշտպանի» մրցանակ հանձնեց լրագրող Էդիկ Բաղդասարյանին:
Դեսպանն ասաց, որ «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի եւ «Հետք» կայքի հիմնադիր Է. Բաղդասարյանը ցուցաբերել է քաջություն` զբաղվելով եւ գրելով ժողովրդավարության ձգտող Հայաստանի առջեւ ծառացած նուրբ եւ բարդ խնդիրների մասին: Նա նաեւ նշել է, որ լրագրողի վտանգավոր աշխատանքի շնորհիվ բացահայտվել են կոռուպցիայի, մարդու իրավունքների չարաշահման, անօրինական բիզնեսի եւ մարդկային առեւտրի ստորացուցիչ դեպքեր: