Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի մութ պատմությունները
Այն, ինչի մասին կխոսվի այս հոդվածում, կներկայացնեմ ցավով, քանի որ նշվող բոլոր խնդիրները կապված են դպրոցի հետ, բայց այնպիսիք են, որոնք, թվում է, թե, ցանկացած կրթական հաստատությունից պետք է սարեր ու ձորեր հեռու լինեին, սակայն…
Օրերս «Առավոտը» մի նամակ էր ստացել Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ ՀԱԹ Բ-2 թաղամասում գտնվող թիվ 11 դպրոցի մի քանի ուսուցիչներից, որտեղ խոսվում էր դպրոցում տիրող վախի մթնոլորտի, տնօրեն Ռուզան Ազիզյանի կատարած անարդարությունների մասին: Նամակում գրված է. «Դպրոցում վերջնականապես հաստատվել են ասիական-միապետական բարքեր, որտեղ գլխավոր գործոնը բնազդային վախն է (Բլեյանը կասեր՝ անասնական վախը), իսկ գլխավոր պայմանը՝ անվերապահ ենթակայությունը, եւ մարդկային որեւէ այլ՝ նորմալ որակի դրսեւորում դիտվում է որպես սրբապղծություն տիրուհու անձի (տնօրեն Ռ. Ազիզյանի) եւ ողջ ուսուցչական կոլեկտիվի հանդեպ»: Ուսուցիչները նամակում խնդրում էին այցելել «Ծուռ հայելիների թագավորություն, Վախի կայսրություն, կամ պարզապես՝ թիվ 11 դպրոց՝ բացահայտելու, թե 21-րդ դարում ինչ պայմաններում են ուսուցիչները կերտում վաղվա քաղաքացուն, տեսնել, թե ինչպես չի կարելի ղեկավարել հանրակրթական դպրոցը»:
Կրթօջախում գոյություն ունեցող խնդիրները բարձրաձայնող անգլերենի, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհիներ Լիլյա Մարգարյանը, Մարգարիտ Իսպիրյանն ու նախկին ուսուցչուհի Լիլի Սիմոնյանը (մեր պայմաններում մի քիչ զարմանալի էր տեսնել բողոքողների, որոնք չէին վախենում ներկայանալ իրենց անուններով) «Առավոտի» խմբագրությունում մանրամասներ ներկայացրին իրենց հուզող խնդիրների մասին: Նրանք պնդում էին, որ դպրոցում ստեղծվել է անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ. ոչ ոք չի կարող իր կարծիքն ազատ արտահայտել, սեփական իրավունքները պաշտպանելու դեպքում էլ հրաժեշտ կտա աշխատանքին: Սակայն յուրաքանչյուր ուսուցչուհու հակամարտությունը տնօրենի հետ սկսվել է մի առանձին միջադեպից: Օրինակ՝ Լ. Մարգարյանը պատմեց. «Անցյալ տարվանից սկսած, ամեն աշխատավարձ ստանալիս ամսվա վերջում տարբեր պատճառաբանությամբ 3-4 հազար տրվում էր դպրոցին: Չդիմանալով՝ հարցը բարձրացրի, ինչից էլ սկսեց հակամարտությունը: Սա պայքար չէ անձի դեմ, մեր մտահոգությունն այն է, որ վախի մթնոլորտում վտանգված է երեխաների դաստիարակությունը»: Հաջորդ միջադեպը կապված է դպրոցի արհեստակցական միության հետ: Ուսուցչուհին նշեց. «Մի շրջան տնօրենը առավոտյան 8:30-ից մինչեւ 16:00-ն մեզ պարտադրում էր մնալ դպրոցում: Բայց ես օրենքներն ուսումնասիրեցի եւ հայտնաբերեցի, որ եթե իմ դրույքը մեկից պակաս է, ես պարտավորված չեմ դա անել: Ուստի դիմեցի դպրոցի արհմիությանը՝ իմ իրավունքները պաշտպանելու համար: Ես էլ կազմակերպության անդամ էի եւ պարտաճանաչ վճարում էի անդամավճարը: Բայց մի խորհրդակցության ժամանակ պարզվեց, որ կազմակերպությունը չունի նախագահ, հետո պարզվեց՝ ունի, ու հրաժարական տվեց, նշանակվեց մեկ ուրիշը… այնինչ արհմիությունը, ըստ օրենքի, պիտի հայտարարություն տա, որ ուզում է օրենսդիր ժողով անել, որտեղ կքննարկվի կանոնադրության նախագիծը, կընտրվի նախագահ: Բայց ոչ մի ժողով չի եղել: Նամակով դիմեցի կազմակերպության նախագահին, որ ինձ տրամադրվի դպրոցի ներքին կանոնադրությունը, բայց այդպես էլ հարցիս պատասխանը չստացա նրա պատասխան նամակում»: Դժգոհությունների շարքում ուսուցչուհին նաեւ նշեց. «Տնօրենը շարունակաբար մինի խորհրդակցություններ էր անում եւ մեզ վիրավորում, ասելով՝ գործ տվող, եթե այսպես շարունակվի՝ արյուն կթափվի եւ այլն… Պատեհ-անպատեհ բարձրաձայնում է, թե ինքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է»: Լ. Մարգարյանն ասաց, որ բոլոր չենթարկվող ուսուցիչների մասին Ռ. Ազիզյանը զրպարտագրեր է գրում եւ մյուսներին ստիպում ստորագրել դրանց տակ:
Մարգարիտ Իսպիրյանի մասին դպրոցում բազում զրպարտագրեր են գրվել եւ նկատողություններ տրվել: Նրա փոխանցմամբ՝ իր հակամարտությունը սկսեց դրամահավաքության հետ կապված մի միջադեպից. «2007-08 ուստարում դասղեկ էի, ինձ պարտադրվեց երեխաներից 5000-ական դրամ հավաքել՝ դահլիճի վերանորոգման համար, այնինչ՝ երեխաներն էլ գիտեին, որ այն վերանորոգված է: Ստիպված ասացի, որ ավարտական դասարանում եք՝ ոչինչ, ինչ-որ բանով օգնեք դպրոցին: Սոցիալապես անապահով երեխաների դասարան էր, ուստի ոչ բոլորն ի վիճակի եղան գումարը տալ, ու հավաքվեց 80000 դրամ: Այդքանը տվեցի տնօրենին՝ երեխաներին խոստանալով չասել, թե ով չի տվել: Օրեր անց տնօրենը երեխաներին կանչում է, որ ճշտի՝ իրո՞ք երեխաներ կան, որ չեն բերել, թե՞ գումարի մի մասը ես գրպանել եմ: Դա իմացա եւ չկարողացա լռել: Տնօրենին խնդրեցի գալ եւ դասարանում գումարը բաժանել, որպեսզի պարզի, որ չտվողներ եղել են»: Ուսուցչուհին այլ պատմություն էլ պատմեց. «Հունիսին առանց ինձ հարցնելու՝ արձակուրդի ուղարկեց, թեեւ դասղեկական դասարան ունեի: Հանկարծ ավարտական վկայականում հայտնվեց իմ ստորագրությունը, այնինչ ես չէի ստորագրել: Տնօրենը պատճառաբանեց, թե զանգել են՝ տանը չեմ եղել, ուստի որոշել են ստորագրությունը նմանակել: Առանց դասղեկի ներկայության որոշել էին կեղծումներ անել, գնահատականների բարելավման համար էլ երեխաներից 30000-ական դրամ էր հավաքվել»:
Ըստ ուսուցիչների՝ բանը հասել է նաեւ սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքներին: Լ. Սիմոնյանը, որն այժմ չի աշխատում դպրոցում, բայց ժամանակին այնտեղ դասավանդում էր ռուսաց լեզու, պատմեց. «Մի օր դպրոցի կազմակերպիչն ինձ տվեց մի թուղթ եւ ասաց, որ ստորագրեմ: Գրված էր, իբր Իսպիրյանը ոտքը քսել է աշակերտներից մեկի ոտքին ու ասել՝ գրգռվո՞ւմ ես: Բնականաբար չստորագրեցի նման թղթի տակ: Տնօրենը կանչեց, թե՝ ինչո՞ւ չես ստորագրել այդ անմեղ թղթի տակ՝ ցույց տալով լրիվ ուրիշ մի բան, որտեղ խոսվում էր դպրոցում խաղաղություն հաստատելու մասին: Դա էր պատճառներից մեկը, որ ես ազատվեցի աշխատանքից»: Մինչդեռ Իսպիրյանն ու Մարգարյանն ասացին, որ իրենք գնացել են այդ աշակերտի տուն, որն էլ ասել է, թե անհարմար է՝ նման բան տեղի չի ունեցել: Այդ զրույցը ձայնագրվել է: Իսպիրյանը պատմեց նաեւ, որ իրեն խիստ նկատողություն է տրվել՝ աշակերտին կեղծ գնահատական նշանակելու համար, բայց իրականում երեխան է շփոթվել, ասել նախորդ գրավորի գնահատականը, ինքն էլ սխալմամբ դա փոխանցել է մատյան:
Լ. Սիմոնյանն էլ նշեց. «Տնօրենն անընդհատ վիրավորում է ուսուցիչներին, ժողովների ժամանակ ասում՝ դուք կթվորուհիներ եք, պատերի տակ արեւածաղիկ չրթող կանանցից եւ այլն: Նա նույնիսկ պոլիկլինիկայի բժշկուհուն ազատել տվեց. չի սիրում, որ ինքն ու կողքինները հանգիստ են ապրում: Այդ կինը շեղումներ ունի»: Ուսուցիչների փոխանցմամբ՝ այժմ դպրոցի նախկին ուսուցչուհիներից Նաիրա Եղիազարյանը դիմել է դատարան՝ պահանջով, որ վերականգնվի եւ նրան վճարեն հարկադիր պարապուրդի համար: Լ. Մարգարյանը հավելեց. «Չենք ուզում ժխտել, որ մեր տնօրենը կառուցման լավ ջիղ ունի, իր կուսակցական կապերի միջոցով կարողանում է գեղեցկացնել դպրոցը եւ ցույց տալ, թե աշխատում է, բայց մեջն ի՞նչ է»:
Պարզաբանումներ ստանալու համար եղանք թիվ 11 դպրոցում, որը, իրոք, գեղեցիկ վերանորոգված էր, ցանկապատված, ուներ բարեկարգ խաղահրապարակ, տեղադրված էին նույնիսկ անվտանգության համակարգեր, իսկ դպրոցի ներսում ամենուր մաքրություն էր տիրում, բազում ծաղիկներ կային… Տնօրեն Ռուզան Ազիզյանը նշեց. «Իսպիրյանը եւ Մարգարյանը անցյալ տարի սկսեցին բողոքներ ներկայացնել դպրոցի դեմ, ինչի պատճառով մեկ տարի կոլեկտիվը գտնվում էր նյարդային վիճակում: Աշխատում էի հանդուրժող լինել: Մեկ տարի շարունակ տեսչությունից ուսումնասիրություններ եղան, նրանց դժգոհությունները չեղյալ համարվեցին»: Տիկին Ազիզյանը Մ. Իսպիրյանի մասին ասաց, որ նա գնում է երեխաների տուն եւ նրանց համոզում տարբեր բացատրագրեր գրել: Անգամ ծնողներն են գալիս այդ մասին դժգոհում տնօրենին: Դառնալով «կեղծ գնահատականի» պատմությանը, տնօրենն ասաց. «Իրոք, նա կեղծ գնահատական է նշանակել աշակերտին, որի պատճառով տվել եմ խիստ նկատողություն, քանի որ մեկ տարվա ընթացքում նա արդեն երկու նկատողություն ուներ, ինչը կարող էր պայմանագրի լուծման պատճառ դառնալ, բայց իմ նպատակը դա չէ, ես ուզում եմ նրան աշխատեցնելով պատժել, որ վերանայի իր աշխատաոճը»: Անցնելով ուսուցչուհու մարդկային որակներին՝ տնօրենն ասաց. «Նույնիսկ աշակերտի ներկայությամբ անպատվել է փոխտնօրենին, ինչի պատճառով նա որոշել է դիմել դատարան: Հիմա Լիլյայի հետ մտերմացել են եւ ինձ ստիպում են իրենց ենթարկվել, նույնիսկ մեկ անգամ ասացին, թե կյանքի չգրված օրենքները չգիտե՞ս՝ թույլ տուր բիզնես անենք, քեզ էլ պահենք»: Տնօրենը ցույց տվեց բացատրագրերի եւ այլ գրությունների մի շարք, դրանցից մեկում մի 9-րդ դասարան խնդրում էր՝ տիկին Իսպիրյանի փոխարեն իրենց դասավանդի մի «արժանապատիվ» ուսուցչուհի, քանի որ նա վիրավորում է իրենց եւ ընտանիքի անդամներին: Տնօրենը շարունակեց. «Մի անգամ նա բժշկի կեղծ տեղեկանք էր բերել, որի պատճառով պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը նույնիսկ աշխատանքից ազատեց այդ բժշկուհուն»: «Սեռական բռնության» միջադեպի մասին էլ ասաց. «Նույնիսկ ծնողը եկավ, ասելով, թող ղուրբան լինեն Ձեզ, որ չեմ գնում նախարարություն: Իսպիրյանը, անշուշտ, ինչ-որ շեղումներ ունի, որոնց կոլեկտիվում հումորով են վերաբերվում: Նույնիսկ այս պատմությունների պատճառով նա իր որդիների հետ խնդիրներ ուներ, նրանք եկան դպրոց, ասացին, թե իրենց սիրելի դպրոցն է սա եւ այլն՝ դժգոհելով մոր պատմություններից»: Արհմիության մասին էլ ասաց. «Քանի որ բոլոր դուստր կազմակերպությունները շարժվում էին համայնքային կազմակերպության կանոնադրությամբ, մենք չունեինք առանձին կանոնադրություն, բայց այժմ, երբ առանձնացանք, կանոնադրություն էլ ունենք, նախագահ էլ»: Ռ. Ազիզյանը մի դրվագ էլ հիշեց. «Իսպիրյանը աշխատակազմի առաջ տգեղ բառեր ասաց ինձ, իսկ սենյակից դուրս գալուց բառիս բուն իմաստով թքեց ինձ վրա, ես պապանձվեցի, բայց զսպեցի ինձ»: Հետո տնօրենը ցույց տվեց դեպքին ականատես, դպրոց եկած մի պատահական այցելուի գրությունը, փաստելու, որ իրոք նման բան եղել է: Նախագահի համակուրսեցին լինելու մասին էլ ասաց. «Այդ ամենը զրպարտություն է, այդ բանը չեմ բարձրաձայնում նույնիսկ իմ ընտանիքում: Ես տնօրեն եմ եղել, երբ իմ համակուրսեցին դարձել է երկրի նախագահ: Ընդհակառակը, ես ավելի պարտավորված եմ զգում, որ նա հանկարծ իմ անունը վատ պատրվակով չլսի»:
Հ. Գ. Երբ հոդվածը պատրաստ էր տպագրության, զանգահարեց Լիլյա Մարգարյանը եւ հայտնեց, որ դպրոցի նախկին աշխատակցուհի Նաիրա Եղիազարյանի հայցը՝ պահանջով, որ վերականգնվի աշխատանքում եւ իրեն վճարեն հարկադիր պարապուրդի համար, ՀՀ վճռաբեկ դատարանում ընդունվել է: Ըստ Լ. Մարգարյանի՝ վճռում նշված է, որ վճիռը բեկանման ենթակա չէ, իսկ գործն ուղարկված է 1-ին ատյանի դատարան՝ նախկինում կատարված սխալները շտկելու համար: