Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է

Դեկտեմբեր 11,2009 00:00

Թուրքական Hurriyet օրաթերթի կայքէջի տեղեկացմամբ՝ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Օբաման հանդես է եկել թուրքական կողմին ուղղված նախազգուշացմամբ: Էրդողանի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահը կարեւորել է, որ թուրքական Մեջլիսը վայրկյան առաջ վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Panorama.am-ի տեղեկացմամբ՝ շաբաթվա սկզբին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ եւ նրանց բանակցությունները Սպիտակ տանը բոլոր վերլուծաբանները համարեցին հաջողված: «Այնուամենայնիվ, Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման դժվարին գործընթացը կարող է դիտվել որպես ազդակ, որը հաջորդ տարի կարող է տանել թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման»,- գրում է «Հյուրիեթը»: Երկուշաբթի օրը Սպիտակ տանը Էրդողանի հետ համատեղ հայտարարության ընթացքում Օբաման անդրադարձել էր Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների կողմից հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններին, որոնցով Երեւանն ու Անկարան պարտավորվում են հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ վերաբացել սահմանը: Հայ-ամերիկյան խմբերին ուղղված նամակում անցյալ շաբաթ Օբաման նաեւ հայտարարել էր. «Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը պետք է ընթանա առանց նախապայմանների, խելամիտ ժամանակահատվածում»:
Էրդողանն ասել է Օբամային, որ սահմանի բացումը նախքան ԼՂ հիմնախնդրի լուծմանն ուղղված առաջընթացի գրանցումը կարող է փչացնել թուրք-ադրբեջանական հարաբերությունները եւ կարող է չընդունվել թուրք ընտրազանգվածի կողմից: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացը սերտորեն կապված է այս հիմնախնդրի հետ (հայ-ադրբեջանական հարաբերություններ)»,- ասել էր Էրդողանն Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ավելի վաղ քանիցս Կոնգրես մտած Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի առնչությամբ, ըստ «Hurriyet»-ի, Օբաման այսպիսի մեսիջ է ուղարկել Թուրքիայի վարչապետին՝ «Եթե արձանագրությունները չվավերացվեն, ԱՄՆ-ի Կոնգրեսում այդ բանաձեւի ընդունման կասեցումը շատ դժվար կլինի»:
Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է նաեւ, որ առաջիկայում ապրիլքսանչորսյան տարելիցն է: «Թուրքական պատվիրակությունն այդ հիշեցումը մեկնաբանում է, թե ապրիլին բարդություններ են սպասվելու»,- գրում է կայքը:
Թուրքիայի գործադիրի ղեկավարը Օբամային հայտնել է, որ իր կուսակից խորհրդարանականների մեծ մասը անընդունելի է համարում առանց Ղարաբաղի հարցի լուծման արձանագրությունների վավերացումը: Էրդողանը հավաստիացրել է, որ եթե ղարաբաղյան հարցը լուծվի շատ կարճ ժամկետում, ապա Հայաստանի հետ սահմանները կբացվեն, ու արձանագրություններն էլ կվավերացվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել