Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊՈԼԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է 115 ՊԵԴՈՖԻԼԻ

Դեկտեմբեր 11,2009 00:00

Եվրոպայի տարբեր երկրներում եւ Կանադայում 115 մարդ է ձերբակալվել՝ ավստրիական սերվերի վրա տեղադրված մի կայքէջի միջոցով անչափահասների պոռնոգրաֆիական պատկերների փոխանակմանը մասնակցելու կասկածանքով: Այս մասին երեկ հաղորդել է France-Presse գործակալությունը, որի տվյալներով՝ ձերբակալությունները տեղի են ունեցել միաժամանակ 18 երկրներում, որոնց թվում են՝ Ավստրիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հոլանդիան, Իսպանիան, Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը, Բուլղարիան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը եւ այլն…
Պեդոֆիլների ցանցի անդամներին բացահայտելուն ուղղված օպերացիան սկսվել է 2007-ին, երբ ավստրիական ինտերնետ-պրովայդերը ոստիկանությանն է փոխանցել տվյալներ այն մասին, որ կայքերից մեկում տեղադրված են մերկ աղջնակների նկարներ, որոնք չափահաս չեն թվում: Հետաքննության արդյունքում պարզվեց, որ այդ կայքը պարբերաբար այցելում են ոչ միայն ավստրիացիները, այլեւ այլ երկրների քաղաքացիներ: Դրանից հետո իրավապահները գործը հանձնեցին Europol-ին, եւ քննությունը ձեռք բերեց միջազգային բնույթ:
Ներկայումս երկու ավստրիացի՝ 59 եւ 62 տարեկան, մեղադրվում են մերկ անչափահասների լուսանկարների պատրաստման եւ համացանցում տեղադրման մեջ: Նրանցից մեկին կասկածում են նաեւ 12-ամյա մի աղջնակի հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ, որոնք, ենթադրաբար, ձգվում են ավելի քան երկու տարի: ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ՄԱԿ-ի տվյալներով՝ այսօր աշխարհում հաշվվում է ավելի քան 4 միլիոն պոռնոկայք, որտեղ տեղադրված են երեխաների լուսանկարներ, եւ այնտեղ պարբերաբար այցելում է 750 հազար մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել