Գվինեայի իշխանությունները մեղադրում են Ֆրանսիայի արտաքին գործոց նախարար Բեռնար Քուշներին՝ գվինեական ռազմական խունտայի ղեկավար Մուսա Դադի Կամարայի վրա հարձակում կազմակերպելու մեջ, որը տեղի է ունեցել 2009 թվականի դեկտեմբերի 3-ին՝ հաղորդում է BBC News-ը:
Խունտայի ներկայացուցիչը հայտարարել է, որ հենց Քուշներն է «գործողության մեջ դրել դավադիրների ցանցը», որոնց նպատակն էր «փոփոխել իրավիճակը» Գվինեայում: Նա նաեւ ճշտել է, որ կատարվածը չի համարում Ֆրանսիայի կառավարության պաշտոնական կուրսի իրականացում:
Ֆրանսիական կառավարությունը այս հայտարարությունները համարել է «բացարձակապես անհիմն»: Կամարայի վրա հարձակումը տեղի է ունեցել Կունդարի ռազմական ճամբարում: Խունտայի առաջնորդի վրա կրակել է ճամբարի անվտանգության ծառայության ղեկավարը: Կամարան վիրավորվել է գլխից եւ բուժման համար հասցվել Մարոկկո, որտեղ նրան վիրահատել են: Ներկայումս, ըստ բժիշկների, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
«Ալ Ջազիրայի» տեղեկություններով՝ խունտայի առաջնորդի վրա հարձակման մեջ կասկածյալը դեկտեմբերի 7-ին բռնվել է՝ երկրի սահմանն անցնելու փորձի ժամանակ: Բացի այդ, ձերբակալվել են եւս 100 զինվորականներ, որոնց կասկածում են մահափորձի կազմակերպման մեջ: Կապիտան Մուսա Դադի Կամարան իշխանության է եկել 2008թ. դեկտեմբերին՝ ռազմական հեղաշրջման արդյունքում, երբ մահացավ երկրի նախագահ Լանսանա Կոնտեն: Կամարան ցրեց կառավարությունն ու խորհրդարանը, իսկ դրա փոխարեն ձեւավորեց Ժողովրդավարության եւ զարգացման խորհուրդը: Կամարան բազմիցս հայտարարել է այդ խորհրդի ժամանակավոր բնույթի մասին: Նոր նախագահական ընտրությունները նշանակված էին 2010-ի հունվարին: Սկզբում Կամարան հայտարարել էր, որ չի մասնակցելու ընտրություններին, սակայն ավելի ուշ որոշեց առաջադրել իր թեկնածությունը: Դա ընդդիմության վրդովմունքի պատճառ դարձավ, եւ սեպտեմբերի վերջին ընդդիմությունը Գվինեայի մայրաքաղաք Կանակրիում կազմակերպեց բողոքի զանգվածային ակցիաներ: Այդ ակցիաների ճնշման համար օգտագործվեցին բանակն ու ոստիկանությունը, որոնք ցուցարարների վրա կրակ բացեցին: Զոհվեց ավելի քան 150 խաղաղ բնակիչ, մոտ հազարը վիրավորվեց կամ ծեծվեց: