Երեկ Օսլոյում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հանձնեցին Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ «միջազգային դիվանագիտության եւ ժողովուրդների միջեւ համագործակցության ամրապնդմանն ուղղված հսկայական ջանքերի համար»:
Նորվեգական Նոբելյան հանձնաժողովը նշեց նաեւ Օբամայի ձգտումը դեպի աշխարհն՝ առանց միջուկային զենքի եւ հաջողությունները «նոր քաղաքական կլիմայի» ձեւավորման մեջ: Մրցանակի հանձնման արարողությունը կայացավ Օսլոյի քաղաքային ռատուշայում, այն ուղիղ եթերում հեռարձակում էր CNN հեռուստաընկերությունը: Նոբելյան մրցանակի հանձնումը Բարաք Օբամային, որը զբաղեցնում է ԱՄՆ նախագահի պաշտոնը մեկ տարուց էլ պակաս, աշխարհում հակասական արձագանքներ է ստացել: Աֆղանստանում պատերազմի հակառակորդները մատնացույց են անում այն, որ մրցանակի հանձնումից մի քանի օր առաջ Օբաման հայտարարեց այդ տարածքում ռազմական ներուժի ավելացման մասին: Առանձին կազմակերպություններ նույնիսկ կոչ արեցին նախագահին՝ հրաժարվել Խաղաղության մրցանակից: Բացի այդ, դեկտեմբերի 9-ին հրապարակված Քուիննիպիակի համալսարանի հարցումների տվյալներով, ԱՄՆ քաղաքացիների 66%-ը համարում է, որ Օբաման արժանի չէ այդ պարգեւին:
Արարողության նախաշեմին ԱՄՆ նախագահը նշեց, որ կան մարդիկ, ովքեր ավելի են արժանի Խաղաղության Նոբելյան մրցանակին, քան ինքը: Նա նաեւ ավելացրեց, որ մտադիր է շարունակել գործել այն ուղղությամբ, որն իրեն կարեւոր է թվում ԱՄՆ-ի եւ ողջ աշխարհի համար եւ ոչ թե ապացուցել, որ նրանք, ովքեր իրեն քննադատում են, ճիշտ չեն: