«Արմինֆո» գործակալությունը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության աշխատակիցները մայրաքաղաք Ստեփանակերտից 6 կմ հեռավորության վրա գտնվող ճանապարհահատվածում վնասազերծել են T-57 տեսակի ական: Դեպքի վայր ժամանած The Halo Trust բրիտանական կազմակերպության աշխատակիցները, որոնք արդեն 10 տարի զբաղվում են ԼՂՀ տարածքի ականազերծմամբ, հայտնաբերել եւ վնասազերծել են եւս 8 նույնանման ական: Հիշյալ ճանապարհն ակտիվորեն օգտագործվում է, բանուկ է ու մասնագետները զարմանում են, թե ինչպես մինչ այժմ արտակարգ պատահար տեղի չի ունեցել:
Այս տարվա մայիսի 5-ին տեղեկացրել ենք, որ, The Halo Trust ոչ կառավարական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակի տվյալներով, 2009թ. հունվար-ապրիլ ամիսներին վնասազերծվել է 333 ական, 2174 չպայթած արկ եւ կասետային ռումբ: Ականազերծվել է մի քանի տասնյակ հեկտար տարածք: Ականազերծման աշխատանքներ են տարվում 25 դաշտերում:
Իսկ հունիսի 4-ին տեղեկացրել ենք, որ ԼՂՀ Մարտունու շրջանում հակատանկային ականի պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել է բեռնատար մեքենայի վարորդը: Դժբախտ պատահարի վայրը մասամբ ականազերծված է եղել եւ ականների վտանգի մասին նախազգուշացնող նշաններ են տեղադրվել: Սակայն ժամանակի ընթացքում նշաններն անհետացել են: