Դեկտեմբերի 9-ին հանդիսավորությամբ նշվել է Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի հիմնադրման 40-ամյակը: Թանգարանն այսօր ունի 11 հազար ցուցանմուշ՝ մարզի տարածքից հայտնաբերված պատմական տարբեր ժամանակաշրջանների հնագիտական նշանակության նյութեր, եզակի հավաքածուներ, 17-20-րդ դարերի պատմության, մարզի կենցաղի, սովորույթների, ավանդույթների վերաբերյալ հարուստ նյութեր: Մարզի այսօրը ներկայացված է բազմաբնույթ փաստաթղթաարխիվային հավաքածուներով: Թանգարանը Վայոց ձորի տարածաշրջանի պատմական եւ երկրագիտական նշանակության մշակութային արժեքների պահպանության եւ ուսումնասիրության կենտրոն է դարձել, ուր կան շատ արժեքավոր նյութեր, որոնք կարեւոր են ոչ միայն մարզի, այլեւ մեր երկրի պատմության ուսումնասիրման համար: Սակայն այս ամենը հանրությանը ներկայացվում է ժամանակավոր թեմատիկ ցուցադրությունների միջոցով, քանզի մշտական ցուցադրության համար պայմաններ ու ֆինանսական հնարավորություններ չկան:
Եթե գտնվեն հովանավորներ, Վայոց ձորի երկրագիտական 40-ամյա թանգարանը շատ ավելի տեսանելի կլինի մարզի կյանքում: