Լրահոս
Օրվա լրահոսը

«Նագինին» նոր փորձաքննություն է պետք

Դեկտեմբեր 11,2009 00:00

«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունում վստահ են, որ Հրազդանի երկաթաքարի հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ պետական բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը կորցրել է ուժը:
Ըստ «Էկոլուրի», ՀՀ բնապահպանության նախարարությունը 2009 թվականի նոյեմբերի 25-ին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին ուղղած N 5/33/1576-09 նամակում նշել է, որ նախագիծը դրական եզրակացություն է ստացել 2008 թվականի հոկտեմբերի 13-ին: Արդեն տարուց ավելի է անցել, իսկ նախագիծը ներկայացնող «Նագին» ընկերությունն այդպես էլ չի սկսել հանքի շահագործման աշխատանքները: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի չորրորդ կետով սահմանված է. «Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց մեկ տարվա ընթացքում, որից հետո պահանջվում է նոր փորձաքննական եզրակացություն»:
2008 թվականի հոկտեմբերից Հրազդանի «Օրհուս» կենտրոնը եւ եւս 11 հ/կ հասարակական արշավ էին սկսել Հրազդանի երկաթաքարի հանքավայրի շահագործման դեմ: Հրազդանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Էդգար Ենգիբարյանի կարծիքով, նախագծի ձգձգումը կարող է ունենալ տեխնիկական պատճառներ, սակայն հասարակական արշավի ազդեցությունն ակնհայտ է:
Եթե «Նագին» ընկերությունը մտադիր է ակտիվացնել իր ջանքերը Հրազդանի հանքի շահագործման ուղղությամբ, ապա, օրենքին համապատասխան, պետք է նոր նախագիծ ներկայացնի եւ կրկին անցնի պետական փորձաքննություն, ներառյալ՝ հասարակական լսումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել