ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարությունը երեկ որոշել է իր պահուստային ֆոնդից Արմավիրի մարզպետարանին հատկացնել 94,5 միլիոն դրամ՝ մարզի Ակնալիճ համայնքի Նաիրյան թաղամասի 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, քանդման ենթակա մեկ բազմաբնակարան շենքի 9 բնակիչներին անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու նպատակով: Իսկ Արարատի մարզի Վեդի քաղաքի թիվ 2 դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու համար ՀՀ Արարատի մարզպետարանը կստանա 4 միլիոն դրամ: 15 միլիոն էլ կստանա Շիրակի մարզպետարանը՝ մարզի Արփենի համայնքի միջնակարգ դպրոցի տանիքի հիմնանորոգման նախագծանախահաշվայի եւ հիմնանորոգման աշխատանքների համար:
ՀՀ կառավարության որոշումներով հողատարածքներ է ստացել Հայաստանյայց առաքելական եկեղեցին. Տաթեւ համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հողերից «Տաթեւ» վանական համալիրի սպասարկման համար՝ 1,76 հեկտար եւ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ իր պահպանման եւ սպասարկման համար անհրաժեշտ հողամասը: