Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՑՔ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ

Դեկտեմբեր 11,2009 00:00

«Եվրոպայի հայ երիտասարդների խորհուրդ» ստորագրությամբ նամակ ենք ստացել, ուր
հեղինակները ցավով արձանագրում են Հայաստանի դիվանագետների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի ցածր որակն ու անարդյունավետությունը:

Ըստ նամակի, Գերմանիայի մայրաքաղաքի Ակադեմիայի նիստերի դահլիճում Ադրբեջանի դեսպանատունը կազմակերպել է «Լեռնային Ղարաբաղ՝ Ադրբեջանի մշակութային օրրան» թեմայով գիտաժողով, որին ներկա են եղել անգամ Գերմանիայի Բունդեսթագի անդամներ, ովքեր հայտարարել են, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում:
Եվրոպայի հայ երիտասարդների խորհրդի համար ցավալի է այն, որ միջոցառմանը ներկա հայ պատմաբանները լռել են: «Տեսնես ո՞ւր են Հայաստանի դիվանագիտությունն ու դիվանագիտական հզոր նվաճումները, երբ այսօրինակ միջոցառումներով ադրբեջանական դիվանագիտությունը նպատակասլաց առաջ է շարժվում,- հարցնում է Եվրոպայի հայ երիտասարդների խորհուրդը եւ հիշեցնում,- Երբ հուլիսի վերջին նմանօրինակ միջոցառում կազմակերպվեց Սանկտ-Ավգուստին քաղաքում, հայ համայնքի ներկայացուցիներից մեկն ասաց. «Ինչ կուզեք այդ վախվորած մանուկից, որն այսօր իբրեւ Հայաստանի ժամանակավոր ներկայացուցիչն է Գերմանիո մեջ: Սպասեք, Նալբանդյանը երկար պիտի խորհե, մինչեւ արժանի դեսպան գտնե Գերմանիո համար»:
Գերմանիայում ՀՀ դեսպանը Արմեն Մարտիրոսյանն է, ում մասին Եվրոպայի հայ երիտասարդների խորհուրդը գրում է, թե սեպտեմբերին Բոխում քաղաքում կազմակերպված «Հայ-թուրքական մերձեցում. հեռանկարներ, վտանգներ» թեմայով բանավեճի ժամանակ նկատել է, որ պատերազմում հաղթանակ տանելը ավելի հեշտ է, քան դիվանագիտության մեջ: «Գովելի է, որ ինքնակամ ընդունեց, որ հայ-թուրքական հարցում հայկական դիվանագիտությունը պարտվել է: Այնուհետեւ մի նոր հայտնագործություն կատարեց՝ «Հայաստանի ներկայիս իշխանությունները ոչ մի հողային պահանջ չունեն Թուրքիայից»: Հետաքրքիր է, աշխարհահռչակ շանսոն, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը հենց այդ օրերին Իտալիայի ամենահայտնի թերթերից մեկին հարցազրույց տվեց եւ պնդեց ամբողջովին հակառակը: Բայց երեւի Մարտիրոսյանը այնքան էլ մեղավոր չէ: Գուցե իրավիճակը եւ քաղաքական մթնոլորտն այնպիսին են, որ ՀՀ արտաքին քաղաքականությունն այս կարեւոր հարցում համահունչ չէ: Բայց ո՞վ է իրավունք տվել Արմեն Մարտիրոսյանին՝ պնդել փաստեր, որոնք ոչ հայ ժողովրդի եւ ոչ էլ Հայաստանի ներկայիս շահերից չեն բխում: Դա ի՞նքն է որոշել, թե որոշել են ինչ-որ տեղ եւ իրեն հանձնարարել հրապարակել: Եվ, ի վերջո, ի՞նչ գիտե Մարտիրոսյանը, թե որն է Հայաստանի շահը», իր նամակն է ամփոփում Եվրոպայի հայ երիտասարդների խորհուրդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել