Երեկ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էր անում ՊՆ զորամասերից մեկում 2007թ. օգոստոսի 30-ին սպանված Տիգրան Օհանջանյանի հայրը՝ Սուրեն Օհանջանյանը: Այդ ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեսական ելույթ էր ունենում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ: Սակայն երբեք չի փորձել հանդիպել 2-րդ կարգի հաշմանդամ, որդուն կորցրած Ս. Օհանջանյանի հետ, որը ամիսներ շարունակ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքում է:
Գեղարքունիքի մարզում անցյալ տարվա մայիսից սկսվել եւ դեռ չի ավարտվել անփութության համար մեղադրվող Կարեն Թովմասյանի եւ Ռոստոմ Ասատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
«Էլեկտրահարված» Տիգրան Օհանջանյանի հայրը՝ 2-րդ կարգի, մայրը՝ 3-րդ կարգի հաշմանդամ են: Նրանք յուրաքանչյուր դատական նիստին մասնակցելու համար ստիպված են մայրաքաղաքից Գեղարքունիքի մարզի դատարան գնալ, սա այն դեպքում, երբ խնդրել են, դիմումներ ուղարկել արդարադատության մարմիններին՝ դատաքննությունը մայրաքաղաքում հրավիրելու խնդրանքով:
Տեղաշարժից բացի, այս դատարանի դահլիճում նախորդ օրը ցրտից վատացան Օհանջանյանները: Նիստերի դահլիճի 400քմ տարածքից «ջեռուցվում» է միայն դատավոր Յուրի Իսկոյանի «հատվածը»:
Երբ Օհանջանյանների վիճակը կտրուկ վատացել է, իսկ դատավորը հրաժարվել է շտապօգնություն կանչել, Օհանջանյանները ստիպված են եղել զանգել մայրաքաղաք՝ շտապօգնության խնդրանքով: Ուշադրության արժանի է այն, որ այս դատարանում լսվում է անտարբերության զոհ դարձած զինվորի մահվան գործ:
«Շտապօգնությունը» տեղ է հասել, սրսկել Օհանջանյանի տիկնոջը, ապա 15 րոպեով բարձրացել դատավորի աշխատասենյակ: Այնտեղից բժշկի իջնելուց հետո Օհանջանյանին տեղափոխել են Գավառի հիվանդանոց: