«Ավստրիական ավիաուղիները» Հայաստանից պաշտոնապես ներողություն է խնդրել, որ չվերթներից մեկում ուղեւորներին տրամադրված ամսագրում զետեղված է եղել հետեւյալ գովազդը. «Արեւելյան Եվրոպայի ճանապարհները վատ վիճակում են: Ավելի լավ է՝ թռչեք»: Եվ որպես ասվածի հավաստում՝ պատկերված է հայկական մի ցուցանակ՝ Ջերմուկի եւ Սեւակ գյուղի ճամփաբաժանի վերաբերյալ:
Ըստ «panorama.am»-ի, «Ավստրիական ավիաուղիների» գործադիր խորհրդի անդամ Պիտեր Մալանիքը նամակով դիմել է Ավստրիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին:
«Անդրադառնալով 2009թ. նոյեմբերի 12-ին ուղարկված Ձեր նամակին եւ հյուպատոս Չարխչյանի այցին, մենք խորապես ներողություն ենք խնդրում «Բիզնես» ամսագրում տեղ գտած այն չարաբաստիկ գովազդի համար: Ճանապարհային նշանը, որը հայտնվել էր գովազդում, ընտրվել էր մեր գործակալության կողմից, որն իրականում ծանոթ չէր հայերեն, ռուսերեն լեզուներին եւ համապատասխան երկրների աշխարհագրությանը: Մենք անմիջապես խորհուրդ տվեցինք մեր գործակալությանը -ի հետագա ամսագրերում այլեւս նման գովազդ չհրապարակել:
Մենք ցանկանում ենք եւս մեկ անգամ նշել, որ Հայաստանը Austrian Airlines-ի համար ռազմավարական մեծ նշանակություն ունի… Մենք 2-3 էջանոց հոդված կգրենք մեր օդանավի «Սկայ Լայնս» ամսագրում՝ 2010-ի ապրիլի համարում: Այդ նպատակով լրագրող կժամանի Հայաստան եւ այդ ժամանակ մենք կդիմենք ձեր օգնությանը՝ Հայաստանի տեսարժան վայրերի մասին տեղեկություններ հավաքելու համար»: