Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՐԻ ՄԱՐԴԸ՝ ՔԻԹ ԿՈՏՐՈՂ

Դեկտեմբեր 11,2009 00:00

Արդեն մեկ ամսից ավելի է՝ Նոր Արեշի 17-րդ փողոցի բնակիչները ջուր չունեն: Ներբակային խողովակները վնասվել են եւ փողոցի դիտահորից ջուրը թափվում է դուրս: Այս խնդրի հետ կապված բնակիչները բազմիցս դիմել են «Երեւան ջուր», սակայն այնտեղ վերջիններիս հորդորել են իրենց միջոցներով անհրաժեշտ խողովակները գնել, որպեսզի իրենց մասնագետները գնան՝ վթարը վերացնեն: Չնայած ներբակային ցանցում առաջացած ցանկացած վթարի համար պատասխանատու է «Երեւան ջուրը», որն էլ պարտավոր է ընկերության միջոցների հաշվին վերացնել վթարը, սակայն 19/1 տան բնակիչը գնել է բոլոր պահանջված խողովակներն ու սարքերը եւ որդու հետ գնացել «Երեւան ջրի» Էրեբունու համայնքի տեղամաս, որպեսզի հրավիրի մասնագետներին: Սակայն բնակչի՝ Կարինե Խաչատուրյանի պատմելով՝ «Դեռ նոր էինք մտել «Երեւան ջուր» եւ դժգոհում էինք, որ որքան ժամանակ է՝ մեզ առանց խմելու ջուր են թողել, ընկերության աշխատակիցներից Սամվել Սարգսյանը, լսելով մեր դժգոհությունները, այնքան նյարդայնացավ, որ անսպասելիորեն բռունցքով սկսեց հարվածել որդուս: Կատարվածի մասին Էրեբունի համայնքի ոստիկանությունում ներկայացրած դիմումի հիման վրա դատաբժշկական փորձաքննության արդյունքներով պարզվեց, որ «Երեւան ջրի» աշխատակցի հարվածից վնասվել էր որդուս քթի միջնապատը եւ անհրաժեշտ է վիրահատություն»:
Բնակիչը «Առավոտի» խմբագրություն էր բերել նաեւ բժշկի ուղեգիրը, որը հաստատում էր կնոջ խոսքերը: Եվ քանի որ ջրի խնդիրն ընկերությունը դեռ չի լուծել, ոստիկանությունում դիմում գրելուց հետո էլ Կարինե Խաչատուրյանը մի քանի անգամ այցելել է ընկերության տեղամաս, ինչպես նաեւ գլխամասային կենտրոն՝ «Երեւան ջրի» տնօրենի մոտ: Տեղամասից կնոջն ասել են, որ մինչեւ ոստիկանությունից բողոքը հետ չվերցնի՝ ջուր չեն տա, իսկ տնօրենը մինչ օրս որեւէ քայլ չի ձեռնարկել ո՛չ իր աշխատակցին պատժելու, ո՛չ էլ ջրամատակարարման իր պարտավորությունը կատարելու հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել