Ցրտերն ընկնելուն պես՝ Նորք-Մարաշ համայնքի բնակիչները մոմերը պատրաստում են
Ամեն տարի նոյեմբերի կեսերից Երեւանի Նորք-Մարաշ համայնքի թաղամասերը պարբերաբար հոսանքազրկվում են: Ձմռան ցրտին՝ հատկապես տեղումների օրերին, բնակիչները ժամերով անլույս են մնում: Ամեն անգամ, երբ առանց լույսի մնացած բնակիչները դժգոհություն են հայտնում մշտական բնույթ կրող հոսանքազրկումների դեմ, էլեկտրացանցից մարաշցիների բողոքներին ի պատասխան ասում են՝ «Հոսանքալարերը մաշված են, այդ պատճառով էլ չեն դիմանում: Հենց լարերը փոխվեն, այլեւս նման խնդիր չեք ունենա»: Երբեմն էլ սպառողներին հանգստացնում են՝ թե անջատումները պայմանավորված են ցանցի նորացման աշխատանքներով:
Եվ այդպես՝ տարիներ շարունակ: Վերջերս էլ, մի քանի օրվա տարբերությամբ, Նորք-Մարաշ համայնքի Արմենակյան փողոցին հարող տարածքն էր մի քանի ժամով հոսանքազրկվել: Այդ համայնքի 9-րդ փողոցի բնակիչներն էլ մոտ մեկ ամիս առաջ՝ լուսադեմին են մնացել անլույս:
Նկատենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տասը տարուց ավելի է, ինչպես այլ համայնքներում, Նորք-Մարաշում էլ ցանցը նորացնելու ներդրումային ծրագիր է իրականացնում: Համաձայն այդ ծրագրի, մինչեւ 2005 թվականի ավարտը մարաշցիներն այլեւս պետք է հոսանքալարերի հետ կապված որեւէ խնդիր չունենային: Բացի ծրագրից, նման խոստում տվել էր նաեւ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը, սակայն էլեկտրամատակարարի խոստացված ժամկետից անցել է 5-6 տարի, բայց Նորք-Մարաշում հաճախակի հոսանքի անջատումներ կրկին լինում են:
Երեկ «Առավոտը» «Հայէլցանցեր» ընկերությունից հետաքրքրվեց, թե Նորք-Մարաշում ներդրումները կատարե՞լ են, «փտած» մալուխները փոխե՞լ են եւ, ի վերջո, ե՞րբ են այդ համայնքի մալուխագծերը ամբողջովին նորացվելու: Մեզ հետ զրույցում «Հայէլցանցերի» լրատվական դեպարտամենտի պետ Նատալիա Սարաջյանն ասաց, որ այդ համայնքի՝ մեր մատնանշած հատվածներում մալուխագծերն իսկապես մաշված են, ինչի հետեւանքով էլ ձմռանը դրանք, չդիմանալով ծանրաբեռնվածությանը, վթարի պատճառ են դառնում: Նա նաեւ հայտնեց, որ ներդրումային ծրագրով այդ մալուխները փոխարինվելու են բարձր լարման մի քանի մալուխագծերով եւ որ այդ ամենը նախատեսվում է 2010 թ.-ին: Թե որքա՞ն ժամանակ կպահանջվի կոնկրետ Նորք-Մարաշում էլեկտրաէներգիայի խափանումները նվազագույնի հասցնելու համար, ընկերությունից չեն կարող պատասխանել, քանի որ, ըստ նրանց. «Ներդրումային աշխատանքները շարունակական գործընթաց են»:
Բայց մի բան հստակ է, որ յուրաքանչյուր բաժանորդի վճարած էլեկտրաէներգիայի վարձի մեջ (ամեն կիլովատի համար) ներառված է նաեւ ներդրումների մասնաբաժինը՝ չհաշված, որ այս տարվա ապրիլից էլ էլեկտրաէներգիայի գինը 25 դրամից դարձավ 30:
«Առավոտի» հարցին, թե սպառողի վճարած էլեկտրաէներգիայի վարձի քանի՞ տոկոսն է կազմում ներդրումների մասնաբաժինը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի ներդրումային ծրագրերի բաժնի պետ Աբգար Բուդաղյանն ասաց. «Հայէլցանցերի» ողջ ժամանակահատվածում՝ 2002-2008 թվականներին իրականացրած ներդրումները էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդել են շուրջ 2 դրամի չափով, որը հանդիսանում է իրականացված ներդրումների դիմաց ստացվող շահույթի եւ մաշվածության գումարը»: Ինչ վերաբերում է ներդրումների առաջնահերթություններին, ապա դրանք, ըստ բաժնի պետի, ուղղվում են առավել վատթար վիճակում գտնվող էլեկտրամատակարարման ցանցերի վերակառուցման աշխատանքներին: