Տեղի իշխանությունների անտարբերության հետեւանքով քաղաքի լճի տարածքն աղբավայր է դարձել
Արարատի մարզպետարանի եւ Արտաշատի քաղաքապետարանի շենքերից շուրջ 500 մետր հեռավորության վրա եւ քաղաքի հիվանդանոցի հարեւանությամբ գտնվող լճի մի հատվածը ճահճացել է: Եթե տարիներ առաջ քաղաքի բնակիչներն այս վայրում իրենց ժամանցն էին կազմակերպում, ապա այսօր մարդիկ առանց քիթը փակելու չեն կարողանում այդ հատվածով անցնել. լճից արձակվող գարշահոտությունը արտաշատցիների զայրույթն ու զզվանքն է առաջացնում: Տարածքում ընդամենը մի քանի րոպե պտտվելով էլ կարելի է նկատել, որ քաղաքի կենտրոնում գտնվող լճի նկատմամբ որեւէ խնամք չի տարվում: Նշենք, որ լիճն աղբավայրի վերածելու հարցում Արտաշատի բնակիչները եւս իրենց ներդրումն ունեն. նրանք օգտվելով առիթից՝ իրենց աղբը թափում են լճի շրջակայքում, երբեմն էլ անմիջապես մեջը՝ նպաստելով, որպեսզի տարբեր հատվածներում աղբանոցներ գոյանան:
Լճի անմիջական հարեւանությամբ գտնվում են բնակելի շենքեր, որոնց բնակիչներն անելանելի վիճակում են հայտնվում հատկապես ամռան ամիսներին: Նկատենք, որ Արտաշատ քաղաքն առանց այդ էլ շրջապատված է ճահիճներով, ինչի հետեւանքով մոծակների պակաս արտաշատցիները չեն զգում: Եվ մինչ Արարատյան դաշտավայրի որոշ համայնքներում ՀՀ կառավարությունը մոծակների դեմ պայքարի ծրագրեր է իրականացնում եւ այդ նպատակով բյուջեից գումարներ հատկացնում, որոշ համայնքներում այդ միջատների բազմացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում:
Արտաշատի կենտրոնում ճահճացած լիճը բազմապատկում է մոծակների թիվը, ինչը սանիտարահիգիենիկ տեսանկյունից խիստ վտանգավոր է. մոծակները վարակը շատ արագ տարածում են:
Դեռեւս 5 տարի առաջ Արտաշատի քաղաքապետը հայտնել էր, որ լճի բարեկարգման ծրագիր է մշակվում, «որն էլ շատ արագ կյանքի կկոչվի»: Սակայն քաղաքապետի խոստումը մինչ օրս մասամբ է իրականություն դարձել. նախորդ տարի բարեկարգվել է լճի մի հատվածը: Քաղաքապետ Գագիկ Մուրադյանը հարցի վերաբերյալ «Առավոտին» հայտնեց, որ «Մի քանի տարի է՝ զբաղվում եմ այդ խնդրով, սակայն հարցի լուծումը մեծ ֆինանսներ է պահանջում: Բարեկարգման ծրագիրն արդեն մշակված է, Սոցներդրումների հիմնադրամի աջակցությամբ պետք է իրականացվի: Լճի մի մասը բարեկարգվել է արդեն»: Քաղաքապետն այս անգամ խոստացավ ծրագիրը կյանքի կոչել 2010-11 թթ.-ին: Նրա խոսքերով՝ այս տարվա ամռանը մի քանի անգամ լճի ջուրը ցամաքեցրել են եւ մաքրման աշխատանքներ իրականացրել: «Ինքնահոս ջրերով էր լիճը լցվում, իսկ դրանք պակասել են: Այդ պատճառով լճում շատ արագ ճահճացում է առաջանում: Առաջիկայում եւս մաքրման աշխատանքներ կկատարվեն»,- ասաց քաղաքապետը:
Խնդրի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի եւ կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանն էլ հայտնեց, որ տեսչության մասնագետների կողմից հատուկ դեղամիջոցներով հանրապետության ճահճացող տարածքները մշակվում են, որպեսզի մոծակների բազմացումը կանխվի: Այս միջոցառումները, ըստ մասնագետի, տալիս են սպասված արդյունք, քանի որ վերջին տարիներին հանրապետությունում մալարիայի դեպքեր չեն գրանցվել: Սակայն Ա. Պետիկայնը տեղյակ չէր՝ Արտաշատի լճում նմանօրինակ միջոցառումներ կատարվե՞լ են, թե՝ ոչ: Տեսչության Արարատի մարզի տարածքային կենտրոնի տնօրեն Արշավիր Սարգսյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ իրենք պարբերաբար մոնիտորինգ են իրականացնում եւ լճի վիճակի վերաբերյալ մտահոգիչ գրություն ուղարկում Արտաշատի քաղաքապետին: Մասնագետը չժխտեց, որ վերջին տարիներին Արտաշատում մոծակների առատություն է նկատվում, սակայն, որքան էլ տարօրինակ է, ասաց, որ պատճառն ամենեւին էլ լիճը չէ. «Լճի ջուրը չի հոսում եւ կեղտոտ է, իսկ կանգնած ջուրը մոծակների բազմացման համար պայմաններ չի ստեղծում: Լիճը շրջապատին վնաս չի տալիս, միայն գարշահոտություն է արձակում»: