Երեկ կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների 2008թ. գործունեության արդյունքները։ Ըստ նախարարի, առեւտրային կազմակերպությունների թիվը, որոնցում պետական մասնակցությունը կազմում է 50% եւ ավելի, ներկայումս հասնում է 493-ի: Վերահսկիչ հանձնաժողովներ են գործում դրանցից միայն 327-ում, որից 125-ում հանձնաժողովներն աշխատում են վճարովի հիմունքներով: Պարոն Դավթյանի վստահեցմամբ, պետության մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններում հայտնաբերված ֆինանսական խախտումների ծավալը 2008-ին կազմել է 800 մլն դրամ, որից վերականգնվել է միայն 30 միլիոնը: Խնդրի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ասել է. «Կան հարյուրավոր ձեռնարկություններ, որոնք, ըստ էության, գոյություն չունեն, բայց իրավաբանորեն դեռեւս գոյություն ունեն։ Այդ խնդիրը լուծում ենք երկու ուղղությամբ՝ օրենսդրական փոփոխություններ առաջարկելով եւ կառավարության համապատասխան որոշումներով թողնելով այն ձեռնարկությունները, որոնք այսօր գոյություն ունեն եւ աշխատում են։ Գրեթե բոլոր ձեռնարկություններում հայտնաբերվել են թերություններ»։ Ըստ վարչապետի, այդ ձեռնարկությունների վերահսկողությունը պետք է իրականացնեն նախարարները, ինչի համար նախարարների պատասխանատվությունը բարձրացվելու է: Տ. Սարգսյանի խոսքերով, եթե պարզվի, որ նախարարություններն այս կամ այն պետական ձեռնարկության նկատմամբ չունեն հետաքրքրություն, ապա այդ ձեռնարկությունները սեփականաշնորհվելու են, քանի որ, հակառակ դեպքում, այդ ձեռնարկության տնօրինությունն ուղղակի չարաշահում է իրավիճակը, մի կողմից հանդես է գալիս որպես պետական մասնակցությամբ ձեռնարկություն, մյուս կողմից՝ իրականում ինքն է տնօրինում այդ ձեռնարկության գույքն ու ունեցվածքը: