Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ նախկին նախագահը սթափության կոչ է անում

Դեկտեմբեր 11,2009 00:00

ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը երեկ ասուլիսում հաստատեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն համոզմունքը, որ միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամը չէր կարող այսքան բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Այս ճգնաժամը պարզապես «ջրի երես հանեց» մեր տնտեսության թերի կողմերը: Տնտեսագետը կոչ է արել սթափվել՝ հավելելով, որ 2009-ին մեր պետությունը դարձել է մի պետություն, որտեղ պակասում են օրինականությունն ու արդարությունը, եւ եթե այն մարդիկ, որոնց ուսերին այսօր դրված է Հայաստանի պետության բեռը՝ կոնկրետ քայլեր չձեռնարկեն, ապա առաջիկայում մենք շատ ավելի վատ վիճակում կհայտնվենք:
Ըստ Բ. Ասատրյանի, տնտեսական առումով նման վատագույն տարի գրանցվել է 1992-ին. «Եթե անցյալ տարի մեր երկրի համախառն ներքին արդյունքը կազմել է 12 մլրդ դոլար, այս տարի այն կլինի 8 միլիարդից ոչ ավելի»: Տնտեսական անկման ցուցանիշը, ըստ տնտեսագետի, կպահպանվի 15-17%-ի սահմաններում: Թվային տվյալներով ներկայացնելով մեր տնտեսության վատ վիճակը, Բ. Ասատրյանը նույնքան վատ, թեեւ փոքր-ինչ հուսադրող կանխատեսումներ արեց նաեւ հաջորդ տարվա համար. «Տնտեսական անկումը շարունակվելու է, բայց ոչ այս տարվա տեմպերով»: Տնտեսագետի խոսքերով, մտահոգիչ է հատկապես մեր երկրի արտաքին պարտքի չափը, որն արդեն հասնում է ՀՆԱ-ի 50%-ին: Նա քննադատաբար է խոսել նաեւ Հայաստանի Կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականության մասին՝ նշելով, որ լողացող փոխարժեքից նահանջը՝ լուրջ հարված էր ողջ տնտեսական համակարգի համար. «Մեր երկրի տնտեսական անկման պատճառներից մեկը հենց այստեղ պետք է փնտրել»: Ըստ Բ. Ասատրյանի, 2010-ին, թերեւս, մի փոքր աշխուժացում կնկատվի արտահանման ոլորտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել