Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ն կրկնելու է Մյունհաուզենի սխրանքը

Դեկտեմբեր 11,2009 00:00

Եվ սեփական կեղծամից քաշելով՝  փորձելու է դուրս քաշել ինքն իրեն ճահճից

78 կողմ, 18 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով խորհրդարանը երեկ ընդունեց որոշում, ըստ որի՝ հանձնարարություն է տրվում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին մշտադիտարկում իրականացնել «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մասին: Եվ բնականաբար, 20 կողմ, 62 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով մերժվեց ՀՅԴ առաջարկած որոշման նախագիծը՝ «Մշտադիտարկում (մոնիտորինգ) իրականացնող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»: Ավելի՛ն՝ որոշումն ընդունվեց անփոփոխ, եւ տեքստում չներառվեցին ՀՅԴ առաջարկները, մասնավորապես՝ ամրագրել դրույթ, որ փորձագետներ ներգրավվեն նաեւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներից:
Ուշագրավ է, թե ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, նախագծի հարակից զեկուցող Հովհաննես Սահակյանն ինչպես պատասխանեց հարցին, թե ինչու է ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը համարվել անընդունելի եւ որոշվել, որ մշտադիտարկում պիտի իրականացնի հենց ԱԺ պետաիրավական հանձնաժողովը: Քաղաքական մեծամասնությունն այդպես է որոշել՝ պատճառաբանեց Հովհաննես Սահակյանը եւ հավելեց՝ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում նպատակահարմար ենք գտել միջոցներ խնայել: Անգամ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հետո ելույթում անհասկանալի անվանեց այդ պատճառաբանությունը. «Կարծեմ՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելն առանձնապես ֆինանսական ներդրումներ չի պահանջում»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում հետեւյալ համեմատությունն արեց, թե Մյունհաուզենն իր կեղծամից քաշելով՝ ճահճից իրեն դուրս քաշեց, եւ մի անգամ եւս դրա ականատեսը կդառնանք, քանի որ իշխանությունը պատրաստվում է վերահսկել ու մշտադիտարկել սեփական գործունեությունը:
Իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ «այս ամբիոնից բոլորը՝ այդ թվում, նախաձեռնության հեղինակները, կուրծք էին ծեծում, թե այո՛, անհրաժեշտ է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որ այն կազմավորվի այնպիսի սկզբունքների վրա, որ վստահություն ներշնչի»: Եվ հարցրեց. «Հիմա ի՞նչը փոխվեց ձեր մեջ, որ որոշեցիք այդ ձեւաչափից անցում կատարել մշտական հանձնաժողովի ձեւաչափին: Մի՞թե ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը չունի այլ գործեր եւ պետք է զբաղվի այս ուղղությամբ աշխատանքներով: Այստեղ ակնհայտ է մի բան՝ փորձ է արվում չիրացնել այդ առաջարկները, ծածկադմփոցի վերածել իրականացման ընթացքը»: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը հետո հակադարձեց, թե նման մեղադրանքներ հնչում էին նաեւ այն ժամանակ, երբ Սամվել Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովը նոր էր սկսում աշխատանքը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հեգնեց. «Իբրեւ թե բացահայտել ենք մարտի 1-ի զազրելի ոճրագործության ողջ պատկերը, իբրեւ թե պատասխանել ենք հանրությանը հուզող բոլոր անպատասխան հարցերին եւ այսօր դիտարկո՜ւմ ենք անցկացնում: Սա ուղղակի հակաքա՛յլ է՝ հասարակության ուշադրությունը շեղելու համար, հակաքա՛յլ է խնդիրն այլ նպատակներին ծառայեցնելու համար, ինչպես եւ ծառայեցվեց փաստահավաք խմբի կազմալուծումը: Եվ հիմա տեսք ընդունել, դեր խաղալ, թե մենք ուզում ենք քաղաքական համակարգի բարեփոխումներ անել այնպես, որ մարտի 1-երը չկրկնվեն, պիտի ասեմ՝ չե՛նք հավատում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել