«Հնարավոր չէ միջազգային հանրությանը քթից բռնած ման տալ»,- համոզված է ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը
– Պարոն Հարությունյան, ընդամենը երկու ամիս առաջ մեր քաղաքական գործիչների գերակշիռ մասը կանխատեսում էր, որ մինչեւ տարեվերջ ոչ միայն հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն, այլեւ Թուրքիայի հետ սահմանը կբացվի: Տարին ավարտվում է, սակայն դեռեւս անորոշ է ոչ միայն ժամկետը, այլեւ այդ արձանագրությունների վավերացման հեռանկարն ընդհանրապես:
– Այդ լավատեսությունը պայմանավորված էր գործընթացի միջազգային հովանավորների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Եվրամիության վստահ եւ համարձակ դիրքորոշմամբ: Եվ շատերի մոտ այն կարծիքն էր, որ եթե արձանագրությունները նշված ժամկետում ստորագրվեցին, ապա նույնը կլինի նաեւ վավերացման դեպքում, քանզի ինչի՞ համար էր պետք այդ փաստաթղթերի ստորագրումը, եթե դրանք չպիտի վավերացվեին: Ես կարող եմ ասել, որ քաղաքական ողջամտությունը, գործընթացի պրագմատիկ վերլուծությունը մի բան են փաստում. այդ արձանագրությունները վավերացվելու են, եւ վերջնաժամկետը ապրիլի 23-ն է: Այլ հարց է, որ յուրաքանչյուր կողմ կփորձի այս ամենից իր համար առավելագույն հնարավորություններ կորզել:
– Որո՞նք են այդ հնարավորությունները՝ մասնավորապես Թուրքիայի համար, որն այս արձանագրություններով արդեն իսկ հասել է եւ ցեղասպանության հարցով հանձնաժողովի, եւ սահմանների հետ կապված՝ իր համար կարեւորագույն խնդիրների առաջադրմանը:
– Թուրքիայի պարագայում սեփական ընդգծված դերակատարությունը տարածաշրջանում ճանաչելի դարձնելն է, ընդ որում՝ ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ Մեծ Մերձավոր Արեւելքում՝ ընդհանրապես: Եվ դրա մեջ են մտնում քրդական հարցում արտոնյալ վարքագծի թույլատրումը, ղարաբաղյան հակամարտության ադրբեջանամետ լուծումը եւ Եվրամիության անդամակցության հարցում առավելագույն երաշխիքների կորզումը:
– Իսկ ի՞նչ է փորձում այս գործընթացից կորզել Հայաստանը:
– Հայաստանի համար այս փուլում առավելագույն նպատակն է՝ ա. ապահովել հետագա անվտանգության կայուն երաշխիքներ, բ. դառնալ տարածաշրջանի մնայուն մասնակից՝ հասնելով սեփական շահերին ադեկվատ ներկայության, գ. ապահովել բնականոն զարգացման հնարավորություն:
– Դուք չնշեցիք Ղարաբաղի հարցը:…
– Գիտեք, Հայաստանն իր չորս հարեւաններից երկուսի հետ լրջագույն խնդիրներ ունեցող ցամաքային երկիր է՝ այդտեղից բխող բոլոր խնդիրներով: Մեր երկրի զարգացումը պայմանավորված է մեր հարեւանների քաղաքական կամեցողությունից: Ուրեմն՝ ինչպես անել, որ քո երկրի զարգացումը, եթե չբխի էլ քո հարեւանների շահերից, գոնե դրանց չհակասի: Սա լրջագույն աշխարհաքաղաքական խնդիր է, որը դրված է Հայաստանի առջեւ: Եվ այս առումով ՀՀ նախագահի նախաձեռնությունները, ըստ իս, քաղաքական մեծագույն համարձակություն են պարունակում: Քանի որ այսօր մեզ համար առավել կարեւոր են ոչ այնքան հայ-ադրբեջանական, որքան հենց հայ-թուրքական բնականոն հարաբերությունների հաստատումը: Այսօր այն հազվագյուտ պահն է, երբ մեր երկրի հետաքրքրությունները չեն հակասում գերտերությունների՝ ռուսների, եվրոպացիների կամ ամերիկացիների եւ ամենակարեւորը՝ Թուրքիայի հետաքրքրություններին: Երբ 92-ին մենք փորձում էինք այդ երկրի հետ հարաբերություններ հաստատել, նրանք որեւէ կերպ շահագրգռված չէին եւ ասում էին՝ ձեզ է պետք, մեզ պետք չէ, եւ այստեղից էլ առաջադրվում էին նախապայմանները:
– Իսկ ի՞նչն է փոխվել: Ըստ էության, Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է նախապայմաններ առաջադրել: Ամենաթարմ օրինակը Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ ԱՄՆ-ում արած վերջին հայտարարություններն են՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ:
– Այսօր աշխարհաքաղաքական իրավիճակն է փոխվել: Թուրքիան հավակնում է տարածաշրջանում ազդեցիկ դերակատարության, սակայն աշխարհը չի ճանաչի Թուրքիայի որեւէ պատասխանատու դերակատարություն, եթե նա ընդունակ չէ նույնիսկ փոքրիկ Հայաստանի հետ իր հարաբերությունները կարգավորել: Դա է պատճառը, որ Թուրքիան, մտքում ունենալով այդ նախապայմանները, չկարողացավ դրանցից որեւէ մեկն արտացոլել ստորագրված փաստաթղթերում: Քանի որ այդ դեպքում մենք պարզապես կհրաժարվեինք: Իսկ այսօր այդ երկխոսության կարիքը Թուրքիան ունի ճիշտ այնքան, որքան Հայաստանը: Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ ռեալ քաղաքականությունում Թուրքիան նախապայմաններից հրաժարվել է: Եվ դա է պատճառը, որ Թուրքիան բարձրաձայնում է, որ ակնկալում է մեկ դրական քայլ Ղարաբաղի հարցում: Իսկ դրական քայլն էլ ազատագրված շրջանների հանձնումն է: Թուրքիան շատ լավ գիտակցում է, որ այսօր ղարաբաղյան ճակատում խաղաղության միակ նախապայմանը ոչ թե կողմերի ցանկություններն են, այլ ռազմաքաղաքական բալանսը, որը պայմանավորված է ներկայիս ղարաբաղա-ադրբեջանական սահմանով: Իսկ այդ սահմանի մեկ մետրի փոփոխությունն անգամ նշանակում է, որ վաղը պատերազմ է սկսվելու: Այսինքն՝ անգամ մեկ շրջանի վերադարձը կարող է լրջորեն խախտել բալանսը՝ հօգուտ Ադրբեջանի:
– Դուք բացառո՞ւմ եք առաջիկա ամիսներին ղարաբաղյան հակամարտության գործընթացում բեկումային փոփոխությունները:
– Այո: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում փոփոխություններ չեն լինի, քանի որ աշխարհի գերտերությունները դրան պատրաստ չեն:
– Փաստորեն, ստացվում է, որ Թուրքիան Ղարաբաղի հարցում որոշակի քայլեր պահանջելով՝ փորձում է արդարացնե՞լ իր կողմից փաստաթղթերի վավերացման մերժումը:
– Այ դա՝ կապրենք-կտեսնենք: Բայց, իմ կարծիքով, Թուրքիայի կողմից փաստաթղթերի չվավերացնելը կարող էր հիմնավորված համարվել, եթե դրանցում գրված լիներ, որ Հայաստանը պարտավորվում է իր զորքերը դուրս բերել ազատագրված տարածքներից: Իսկ նման բան՝ չկա: Հետեւաբար, Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ, ընդամենը քաղաքական ճնշման միջոց են:
– Սակայն Թուրքիայի վարչապետը շատ հստակ ասաց, որ իրենք ճնշման լծակ չունեն իրենց խորհրդարանի վրա, եւ վավերացման համար խորհրդարանին ղարաբաղյան նախապայմանը պետք է լինելու:
– Էհ, այդ դեպքում մենք էլ ճնշման լծակ չունենք մեր ԱԺ-ի վրա:
– Դուք իրո՞ք կարծում եք, որ նման պնդումը կարող է արժանահավատ լինել միջազգային հանրության համար՝ հաշվի առնելով մեր խորհրդարանի կազմն ու անկախության աստիճանը:
– Ինչքան նրանց պնդումն արժանահավատ կլինի, այնքան էլ՝ մերը: Միջազգային կառույցները շատ լավ գիտեն Էրդողանի կուսակցության կշիռը Թուրքիայի խորհրդարանում: Եթե Էրդողանն ասում է՝ ես իմ կուսակցության ներսում չեմ կարող այդ հարցը լուծել, ապա այդ դեպքում ի՞նչ երաշխիք, որ ՀՀ նախագահի մոտ էլ խնդիրներ չեն առաջանա իր կուսակցության ներսում: Անշուշտ, պետք է հետեւել, թե ինչ ասաց Գյուլը, ինչ հայտարարեց Էրդողանը կամ Դավութօղլուն, բայց ոչ երբեք մեր գործունեությունը պայմանավորել բացառապես նրանց ասածներով: Ինձ համար առավել կարեւոր է՝ թե ինչ է ասում իմ երկրի նախագահը կամ արտգործնախարարը, որոնց խոսքը, ի դեպ, այս գործընթացում ոչ պակաս կշիռ ու նշանակություն ունի միջազգային կառույցների համար, քան Գյուլինը կամ Էրդողանինը: