Սա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին:
«Այս գործընթացի արդյունավետությունը կամ ձախողումն ամբողջովին պետք է վերագրվի Հայաստանին եւ Թուրքիային»,- երեկ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ ի պատասխան լրագրողների՝ Վաշինգտոնում կայացած Օբամա-Էրդողան հանդիպման մասին հարցի: «Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների, հայկական հարցի հետ: Նա իր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է եւ հրապարակավ, եւ անձնական շփումների ընթացքում: Թուրքիայի՝ Ցեղասպանությունը ճանաչելու, իր պատմությանն անաչառ նայելու անհրաժեշտության մասին ԱՄՆ նախագահն ասել է նաեւ Թուրքիայի խորհրդարանում: Իհարկե, չափազանց կարեւոր է, որպեսզի Թուրքիան հասկանա, որ Կովկասում խաղաղություն ու անվտանգություն կհաստատվի միայն այն պարագայում, երբ որ կարգավորվեն նաեւ հայ-թուրքական հարաբերությունները:
Մենք միանշանակ դատապարտված ենք համարում Թուրքիայի կողմից արվող փորձերը: Այդ փորձերը վերաբերում են Լեռնային Ղարաբաղի խնդրին, եւ Թուրքիայի նպատակն է հայ-թուրքական հարաբերությունները փոխշաղկապել Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Մեկ անգամ եւս պետք է կրկնեմ, որ այդ փորձերն ի սկզբանե դատապարտված են ձախողման: Ես հիմա էլ հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է պատշաճորեն կատարել իր միջազգային պարտավորությունները, այն է՝ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, եւ նույնն ակնկալում ենք Թուրքիայից: Բայց հիշում եք՝ ես նաեւ ասել եմ, որ եթե Թուրքիան ձգձգի արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանն անպայման կօգտվի միջազգային իրավունքից բխող հնարավորություններից: Եվ հիմա էլ հայտարարում եմ, որ ես հանձնարարել եմ համապատասխան պետական մարմիններին՝ նախապատրաստելու լրացումներ մեր օրենսդրության այն մասով, որն առնչվում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը եւ չեղյալ հայտարարելուն»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ պատշաճորեն կատարել իր միջազգային պարտավորությունները: «Դուք գիտեք, որ արձանագրություններն իմ կողմից ուղարկվել են Սահմանադրական դատարան, եւ որ Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին որոշում է կայացնելու: Այսինքն՝ մենք գործընթացը շարունակում ենք: Ուղղակի բոլորը պետք է հասկանան, որ ինչքան ձգձգվում է վավերացման գործընթացը, այնքան խոչընդոտներ են ավելանում: Քաղաքական իրադարձությունները հետագայում կարող են խոչընդոտ լինել»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: