Ըստ էության՝ այսպիսի հիմնավորմամբ կառավարությունը մերժել է ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» առաջարկները դպրոցներ ու ջրագծեր նորոգելու մասին:
2010 թվականի պետբյուջեի վերջնական տարբերակի քննարկումը երեկ սկզբնապես հանդարտ էր ընթանում: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը պատմում էր, որ ներկայացված տարբերակում, ի տարբերություն նախնականի, եկամտային մասն ավելացել է 65,5 մլրդ դրամով, ծախսերի մասը` 75 մլրդ դրամով: 19,4 մլրդ դրամով ավելացել են պաշտպանության ոլորտի ծախսերը, ԼՂՀ-ին տրամադրվելիք վարկի ծավալներն աճել են 2,1 մլրդ դրամով, եւ 5 մլրդ դրամով ավելացել են կրթության ոլորտի կապիտալ ծախսերը, որոնք ուղղվելու են դպրոցաշինությանը:
Երբ հարցեր ուղղելու հնարավորություն տրվեց՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են մերժել իրենց առաջարկները դպրոցներ ու մանկապարտեզներ նորոգելու վերաբերյալ եւ ընդունել միայն քաղաքական մեծամասնության առաջարկները: Կոչ արեց «Ժառանգության» նկատմամբ վերաբերմունքը չտարածել դպրոցների վրա, այլ ներկայացնել հստակ չափանիշներ, թե ինչպես են արել ընտրությունը: Տիգրան Դավթյանն ի պատասխան շարադրեց իրենց ընտրության սկզբունքները. «Այդ դպրոցները պետք է լինեն երկու տիպի, որոնք որ շարունակական են, եւ ցանկալի է՝ ավարտական, եւ վթարային դպրոցներ»: Որպես ընտրության համար լրացուցիչ գործոններ նշեց՝ «Տարածաշրջանային բաշխումը, որ լինի այդ ընտրված դպրոցների հնարավորին չափ համահարթեցված: Բացի դրանից՝ հաշվի առնվեն զուտ տեխնիկական նպատակահարմարությունը եւ այդ դպրոցները վերջնական եւ ավարտական տեսքի հասցնելու խնդիրները»:
«Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը հետո իր ելույթում հայտարարեց, թե կոալիցիայի առաջարկած շատ դպրոցների համար բնավ առաջնահերթ չէ նորոգումը. ասենք, Նար-Դոսի եւ Իսակովի անվան դպրոցները շատ լավ վիճակում են, իսկ թիվ 11 դպրոցը «մնում է միայն ոսկեզօծել»: Ըստ նրա՝ կառավարությունն ընդունել է ՀՀԿ առաջարկները 78 դպրոցներ նորոգելու, ԲՀԿ-ինը՝ 42, ՕԵԿ-ինը՝ 12: Անահիտ Բախշյանը նաեւ նշեց, թե բոլորը հասկանում են՝ ինչու է սա արվել. առաջիկայում ընտրություններ են:
Ավելի ուշ «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ իր թվարկած չափորոշիչներին միայն կոալիցիայի առաջարկած դպրոցներն էին համապատասխանում՝ ֆինանսների նախարարը պատասխանեց. «Տենց էլ ստացվում է»:
Սակայն ընդդիմության բուռն հակազդեցությունը արժանացրեց Տիգրան Դավթյանի այն արտահայտությունը, որով նա եզրափակեց վերոհիշյալ չափորոշիչների թվարկումը. «Ձեր ֆրակցիան ընդհանրապես դեմ է բյուջեին՝ ցանկացած տեսքով: Եվ ձեր կողմից հարցադրումները նաեւ այդ ընդհանուր տրամաբանության մեջ չեն տեղավորվում: Դուք հասկացաք՝ ես ինչ նկատի ունեմ»: Անմիջապես հասկացան՝ «Ժառանգություն» խմբակցության անունից իր ելույթում Անահիտ Բախշյանը սա անվանեց անկեղծ խոստովանություն. «Բյուջեով պատժվում է ընդդիմությունն այն բանի համար, որ ինքն այս ամբիոնից՝ իր քաղաքական կոչմանը եւ տեսակետներին, ծրագրերին ու ընդհանրապես վարքագծին համապատասխան, ասում է այն, ինչ գիտի»: Սակայն նշեց, թե այսպիսով հասարակության մի ստվար զանգվածի են պատժել՝ ոչ «Ժառանգությանը»: Լարիսա Ալավերդյանն առաջարկել էր նորոգել Սյունիքի մարզի Ույծ գյուղի խմելու ջրի ներքին ցանցը. «Համայնքի 590 բնակիչները հնարավորություն կունենան օգտվել պիտանի խմելու ջրից՝ առանց վախենալու տարատեսակ վարակներից»: Սակայն, ինչպես Ստյոպա Սաֆարյանը նկատեց՝ քաղաքական մեծամասնության առաջարկներն ընդունելն ավելի կարեւորվեց, քան մարդկանց չվարակված ջուր խմելը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ֆինանսների նախարարի խոսքն այսպես վերաշարադրեց՝ «Մենք չենք ընդունում ձեր առաջարկությունները, որովհետեւ դուք ընդդիմություն եք», եւ հայտարարեց. «Նման թշնամական վերաբերմունք հայկական որեւէ կառավարության կողմից երբեւէ չի դրսեւորվել։ Ես խնդրում եմ ՀՀ վարչապետին՝ ուշադրություն դարձնել այս հայտարարությանը. եթե ինքը չի կիսում այդ տեսակետը, ապա կազմակերպչական ինչ-որ միջոցառումներ պետք է իրականացվեն»: Լրացրեց Անահիտ Բախշյանի ասածը. «Այսպիսով պատժում են Հայաստանի այն բնակիչներին՝ դպրոցների տնօրեններին, գյուղապետերին, քաղաքացիներին, որոնք համարձակվել են իրենց պրոբլեմները լուծելու համար դիմել ընդդիմադիր կուսակցություններին: ՀՀ այդ քաղաքացիները հավանաբար վարչապետի մատնանշած հայկական աշխարհի մասը չեն կազմում»:
Տիգրան Սարգսյանը դահլիճում չէր, երբ ֆինանսների նախարարն արել էր այդ արտահայտությունը: Դրան ծանոթանալով սղագրությամբ՝ վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Տիգրան Դավթյանը բոլոր պատասխանները տվել է հարգալից։ Ոչ մի թշնամական վերաբերմունք Տիգրան Դավթյանի կողմից այս դահլիճում չի դրսեւորվել։ Եվ եթե ենթատողերում տեսել եք այդպիսի գնահատական, որ եթե դուք դեմ եք քվեարկելու՝ ինչ իմաստ ունի անդրադառնալ ձեր առաջարկներին, ապա դա ձեր՝ տողերի արանքում կարդացածն է կամ լսածը»: Անահիտ Բախշյանը տեղից զարմացած «յա՜» բացականչեց, սակայն վարչապետն էլի պնդեց. «Նման հայտարարություն պրն Դավթյանը չի արել: Կարող եք դուք նույնպես վերցնել սղագրությունը եւ կարդալ: Եթե պարոն Դավթյանն անուղղակիորեն այդպիսի տպավորություն է թողել, ապա նա ամենեւին էլ չի ցանկացել այդպիսի արտահայտություն թույլ տալ»: Հակադարձեց. «Մի փորձեք մեր հարգալից վերաբերմունքն ընդդիմության նկատմամբ տեղափոխել այլ դաշտ։ Ձեզ չի հաջողվելու դրդել կառավարությանը, որ թշնամական վերաբերմունք ցուցադրի մեր ընդդիմախոսների նկատմամբ։ Չի եղել այդպիսի բան ու չի լինելու»:
Տիգրան Դավթյանը, սակայն, հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում փաստորեն հաստատեց այն մեկնաբանությունը, որն իր հայտարարությանը տվել էր ընդդիմությունը: «Եթե տրվում է առաջարկ, եւ առաջարկը տալու պարագայում ասվում է՝ խնդրում ենք առաջարկը ներառել, բայց մենք բյուջեին դեմ ենք քվեարկելու, ես այստեղ տրամաբանություն չեմ տեսնում: Խոսքը դրա մասին է»,- ասաց նախարարը: «Առավոտի» հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ կառավարությանն ընդդիմադիր ուժերի առաջարկները մերժվելու են անգամ այն պարագայում, եթե դրանք խելամիտ են՝ Տիգրան Դավթյանը պատասխանեց. «Առաջարկները կազմում են բյուջեի բաղկացուցիչ մասը: Եթե բյուջեի ընդհանուր փաթեթին դեմ ես քվեարկում՝ դա նշանակում է, նաեւ այն առաջարկը, որ դու տվել ես, դրան էլ ես նաեւ դեմ: Այստեղ տրամաբանություն չկա»: «Երկիր մեդիայի» հարցին՝ գուցե առաջարկներն ընդունվելուց հետո կո՞ղմ քվեարկեին՝ պատասխանեց. «Դա բացառվում էր, ըստ էության, որովհետեւ այդպես եղավ անցյալ տարի: Առաջարկներն ընդունվեցին, եւ խմբակցությունը քվեարկեց դեմ, որն անտրամաբանական է՝ իմ տեսակետից»: Լրագրողը եզրակացրեց՝ անցած տարվա նախադեպը նկատի ունենալով, այս տարի միանգամից մերժել եք:
Բնականաբար, ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ «Ժառանգությունը» դեմ քվեարկեցին այս բյուջեին: Եվ բնականաբար՝ այն, միեւնույն է, ընդունվեց՝ 82 կողմ, 16 դեմ ձայներով: