Նույնիսկ արտոնված երթն անցավ միջադեպերով
Գագիկ Ջհանգիրյանը մարդու իրավունքների պաշտպանների շարքերում էր:
«Մեկ քաղբանտարկյալի առկայությունը նշանակում է, որ մենք բոլորս քաղբանտարկյալ ենք: Իսկ Հայաստանում 15 քաղբանտարկյալ կա»,- երեկ Մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած երթի մեկնարկին հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Երթին մասնակցում էր մի քանի հազար մարդ: Առաջին շարքերում էին Կոնգրեսին անդամակցող կուսակցությունների լիդերները, որոնցից շատերը ժամանակին բարձրաստիճան պաշտոնյաներ էին եւ մարդու իրավունքները ոտնահարելու սեփական փորձն ունեն: Նրանց համար երեկվա երթը, հավանաբար, յուրօրինակ էր: Սարյանի արձանին հարող պուրակում էր նաեւ ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը, ով հրաժարվեց հարցերի պատասխանելուց՝ «ասպարեզը տալիս եմ երիտասարդներին» պատճառաբանությամբ: Թեեւ ներկաները ակնկալում էին, որ երթին կմասնակցի ՀՀ առաջին նախագահը, սակայն նա այդպես էլ չեկավ:
Երթը մեկնարկեց Սարյանի արձանին հարող պուրակից, Հյուսիսային պողոտայով անցավ Հանրապետության հրապարակ, ապա՝ Վազգեն Սարգսյան փողոցով դեպի Մյասնիկյանի արձանի մատույցներ, հետո՝ դեպի կառավարության նստավայր, Նալբանդյան եւ Թումանյան փողոցներով դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ էլ ավարտվեց: Երթի ընթացքում հնչում էին համաժողովրդական շարժման հայտնի կարգախոսները, ծածանվում էին եռագույնները, ինչպես նաեւ «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատ, անկախ Հայաստան», «Մենք ազատ չենք, քանի դեռ ազատ չեն բոլորը» եւ համանման այլ պաստառներ: Մոտենալով Մյասնիկյանի արձանին՝ երթի մասնակիցները դադարեցրին բոլոր վանկարկումները, բռունցք արած եւ վեր պարզած ձեռքերով լռելյայն անցան՝ հարգանքի տուրք մատուցելով մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Երթի «սպասարկումը», ինչպես միշտ, վստահված էր հանրությանն արդեն հայտնի բարձրաստիճան ոստիկաններ Վալերի Օսիպյանին, Ռոբերտ Մելքոնյանին, Արայիկ Պետրոսյանին, ովքեր համաժողովրդական շարժման մեկնարկի առաջին օրվանից աչքի են ընկել «կոնգրեսականների» նկատմամբ անմարդկային վերաբերմունքով եւ մարդու իրավունքների նկատմամբ բացահայտ արհամարհական կեցվածքով: Թեեւ ՀԱԿ-ի երեկ անցկացրած երթն արտոնված էր՝ դարձյալ չհաջողվեց խուսափել միջադեպերից: Դրանք կրկնվեցին մի քանի անգամ: Հատկապես դատախազության շենքի մոտակայքում ոստիկաններն աչքի ընկան իրենց ագրեսիվությամբ՝ երթի մասնակիցներին փողոցային երթեւեկությանը խանգարելու համար բավականին կոպիտ դիտողություններով: Ռոբերտ Մելքոնյանը, կարելի է ասել, ուղղակի հարձակվեց մի երիտասարդի վրա, ով գոռում էր՝ «Սերժիկ, հեռացիր», եւ կոպտորեն քաշելով թեւը՝ պատվիրեց բերանը փակել: Փոխադարձ վիրավորանքներով եւ հայհոյանքներով ուղեկցված քաշքշուկը, որին խառնվեցին երթի մասնակիցները, ավարտվեց ՀԱԿ համակարգողների միջամտության արդյունքում: Իբրեւ բողոքի նշան՝ երթի մասնակիցները սուլում էին ոստիկաններին եւ վանկարկում՝ «ա-մոթ, ա-մոթ»:
Կոնգրեսի եւ «Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի» անունից նամակներ հանձնեցին մարդու իրավունքների հանձնակատարի Երեւանի գրասենյակին եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին: Նպատակն էր՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների վրա: «Առավոտի» դիտարկմանը՝ մարտի 1-ի եւ դրան հաջորդած իրադարձությունների նկատմամբ միջազգային հանրության ցուցաբերած սառն անտարբերությունից հետո արդյոք դեռ ակնկալիքներ ունե՞ք միջազգային ատյաններից, ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Մենք առաջին հերթին ապավինում ենք մեր ուժերին: Մենք քաղաքակիրթ ուժ ենք՝ դիմում ենք նաեւ միջազգային հանրությանը»:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ այս բազմամարդ երթը մեկ անգամ եւս ապացուցում է, որ ժողովուրդը չի ապավինել եւ չի ապավինելու Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությանը: Արամ Սարգսյանի համար ակնհայտ է, որ առաջիկայում լուրջ գործընթացներ են սպասվում, մասնավորաբար, ԼՂՀ հարցի շուրջ, եւ վստահ է, որ հասարակությունն ակտիվ է, չի ընկճվել ու իր մասնակցությունը կունենա: Մեր զրուցակիցը համոզված է, որ ԼՂՀ հարցում բանավոր համաձայնություն արդեն կա, իսկ փաստաթղթի ստորագրումը կլինի 2010-ի առաջին կեսին: Իսկ պատմությունը ապացուցել է, որ հայ ժողովուրդը մշտապես ընդվզել է հավատքի եւ հողի համար, ու համանման իրավիճակ առաջիկայում դարձյալ կլինի, կարծում է Արամ Սարգսյանը: Հարկ եղած դեպքում Կոնգրեսի եւ Դաշնակցության համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք՝ «Առավոտի» հարցի պատասխանը եղավ. «Ես, իբրեւ մարդ եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ, չեմ տեսնում: «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված ես Դաշնակցության մասով կասկածներ ունեմ. քանի այդ կասկածները կան, քանի այդ գործն ամբողջությամբ չի բացահայտվել՝ ես որեւէ համագործակցություն չեմ պատկերացնում»:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանության օրը մայրաքաղաքի գլխավոր փողոցներով երթով անցնելը դառնալու է ավանդույթ: Նաեւ մաղթեց, որ հաջորդ տարի այս օրը ոչ միայն մեր երկրում քաղբանտարկյալներ չլինեն, այլեւ՝ «Մենք լինենք իշխանության, հաստատենք արդար պետություն: Միշտ այս օրը այս հրապարակը մարդաշատ լինի, բողոքի հզոր երթ կազմակերպվի: Կարեւոր չէ, թե կազմակերպիչներն ովքեր կլինեն, կարեւոր է, որ հասկանանք՝ որեւէ իշխանություն ժողովրդին հենց այնպես իրավունքներ չի տալիս, ժողովուրդն ինքն է վերցնում իր իրավունքները: Մենք այսօր բոլորս հավաքվել ենք մեր իրավունքները վերցնելու: Մենք պայքարելու ենք խոսքի ազատության, ժողովրդավարական սկզբունքների վերականգնման եւ, վերջապես, սեփական կառավարությունը ձեւավորելու իրավունքի համար: Մենք հասնելու ենք նրան, որ Հայաստանն ունենալու է լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված իշխանություն: Այն հասարակությունը, որը կդադարի պայքարելուց՝ դատապարտված է»: